19.12.2020 | 
Հասարակություն
«ՄԱՀԱՑԻՐ ԱՅՆՊԵՍ, ՈՐ ՄԱՀՆ ԷԼ ԾԱՌԱՅԻ ՀԱՅՐԵՆԻՔԻԴ». ՀՈՒՇ-ՑԵՐԵԿՈՒՅԹ՝ Ի ՀԻՇԱՏԱԿ ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ, ԱՎԱԳ ԼԵՅՏԵՆԱՆՏ ԳԵՎՈՐԳ ԱՐՇԱԿՅԱՆԻ
«ՄԱՀԱՑԻՐ ԱՅՆՊԵՍ, ՈՐ ՄԱՀՆ ԷԼ ԾԱՌԱՅԻ ՀԱՅՐԵՆԻՔԻԴ». ՀՈՒՇ-ՑԵՐԵԿՈՒՅԹ՝ Ի ՀԻՇԱՏԱԿ ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ, ԱՎԱԳ ԼԵՅՏԵՆԱՆՏ ԳԵՎՈՐԳ ԱՐՇԱԿՅԱՆԻ
Երևանի պետական համալսարանի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ այսօր տեղի են ունեցել մոմավառություն Եռաբլուր պանթեոնում և հուշ-ցերեկույթ Երևանի պետական համալսարանի մշակույթի կենտրոնում՝ նվիրված ԵՊՀ Հոգեբանության և փիլիսոփայության, Իրավագիտության ֆակուլտետների և ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի շրջանավարտ, ավագ լեյտենանտ, կամավոր Արցախ մեկնած և պատերազմում զոհված Գևորգ Արշակյանի հիշատակին։

Միջոցառման սկզբում ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Գևորգ Արշակյանի հիշատակը։ Հետո հաղորդավարների խնդրանքով բուռն ծափահարություններով ճանապարհեցին հերոսին իր տուն՝ երկինք։

Ցերեկույթը մեկնարկեց Գևորգ Արշակյանի կենսագրությունը հակիրճ պատմող հոլովակով։ Նրա մասին խոսեց հերոսի դասղեկը՝ նշելով, որ հպարտանում է այս սերնդով, որն իր առաքելությունն է համարում շարունակել Գևորգի կիսատ թողած գործը։ Ուսուցչուհին հորդորեց ներկաներին մշտապես վառ պահել իր աշակերտի հիշատակն ու շարունակել նրա պայքարը։



Ցուցադրվեց հոլովակ համալսարանի շրջանավարտի և կրթության նկատմամբ նրա ունեցած անսահման սիրո մասին։ Ընկերները հիշեցին Գևորգի խոսքերը. «Ուսանող լինել նշանակում է լինել այնպիսի հասարակության անդամ, որը հասել է գիտակցության այն բարձր մակարդակին, որ ստեղծել է համալսարան»։

Գևորգի ուսանողական ընկեր Խաչիկ Աբաջյանը, խոսելով Գևորգի մասին, ասաց, որ նա ջատագովն էր այն տեսության, որ համալսարանում պետք է դասավանդվեն միայն գիտություններ. «Գևորգը մեր միջավայրի լույսն էր։ Նա լույս էր բոլորիս մեջ, հիմա լույս է լույսերի մեջ։ Պատիվ ունեմ, պարո՛ն Արշակյան»։



Հիշելով Գևորգին՝ համալսարանական ընկերները նշեցին, որ նա պարզապես սովորական մարդ չէր, նա սիրո, հավատարմության ու նվիրվածության պատմություն էր։ Գևորգի հաջողության գաղտնիքը հավատն ու ճանաչումն էին։

Հուշ-ցերեկույթի ընթացքում ԵՊՀ ուսանողական խորհրդի անդամներ Արտյոմ Դադունցը և Աննա Դանիելյանը հեղինակային երգ կատարեցին՝ նվիրված անմահացած հերոսին։



Գևորգ Արշակյանի մասին խոսեց նաև նրա դասախոս, ԵՊՀ պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչ Արթուր Վաղարշյանը։ Նա ասաց, որ Գևորգի զոհվելը բոլոր համար չափազանց մեծ կորուստ էր. «Գևորգն անսահման հայրենասեր իր պապի հերոս թոռն էր, և այս կորստով անհետացավ Գևորգի գենը։ Մենք, ցավոք սրտի, կորցրինք Գևորգին, բայց ես ցանկանում եմ, որ նրա հիշատակին նվիրված այս միջոառցումը մեզ բերի խոհեմության դարաշրջան։ Մենք ենք մեր ճակատագրի տերը։ Եթե ամեն մեկս լինեինք Գևորգի նման հայրենասեր, քաջ, նվիրված, հավատարիմ, հիմա հաղթած կլինեինք։ Ես ուզում եմ, որ այս միջոցառումից մենք մեզ հետ տանենք ոչ միայն Գևորգի հիշատակը, այլև հաղթելու հույսն ու պարտականությունը»։



Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի սպայի հիշատակին նվիրված միջոցառման համար իր շնորհակալությունը հայտնեց նրա մարտական ընկեր Տիգրան Նալբանդյանը։ Վերջինս պատմեց ծառայակից ընկերոջ մասին և նշեց, որ մեր երկրին անհրաժեշտ են Գևորգներ։



Միջոցառմանը ներկա էին նաև Գևորգ Արշակյանի մայրը՝ Նաիրա Հովսեփյանը, և մորաքույրը՝ Անահիտ Հովսեփյանը։ Նրանք ևս շնորհակալություն հայտնեցին ուսանողներին և հերոսի ընկերներին նմանօրինակ միջոցառում կազմակերպելու և Գևորգի հիշատակը վառ պահելու համար։



Հուշ-ցերեկույթը եզրափակվեց ԵՊՀ ՈՒԽ նախագահ, Գևորգ Արշակյանի ընկեր Դավիթ Ափոյանի խոսքով. «Միջոցառման ընթացքում ներկաների արցունքները ոչ թե տխրության, այլ Գևորգին ճանաչելու հպարտության արցունքներ էին։Եկե՛ք հարգենք այն արժեքները, որոնք թողել են մեր հերոսները։ Եկե՛ք ապրենք արժանի մեր հերոսներին»։

 

Մարինե Առաքելյան

Այլ նորություններ
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐՆ ԱՄԱՆՈՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԱՆՑԿԱՑՆԵԼ ԾԱՂԿԱՁՈՐԻ ՈԻՍՈԻՄՆԱԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԲԱԶԱՅՈՒՄ
Այս տարի ևս ԵՊՀ հիմնական աշխատակիցներն ու բոլոր ցանկացողներն իրենց ամանորյա տոները 31.12.2020-06.01.2021 թթ. ընկած ժամանակահատվածում կարող են անցկացնել Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազայում։
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի գիտական խորհուրդը դատապարտում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի ուղղորդված թիրախավորումը քաղաքական իշխանության կողմից: