30.05.2017 | 
Հասարակություն
ԳԵՎՈՐԳ ՀԱՋՅԱՆ. «ՇԱՏ ՈՒՐԱԽ ԵՄ, ՈՐ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՆՄԱՆ ԶՈՐԱԳՆԴԻ ԶԻՆՎՈՐ ԵՄ»
ԳԵՎՈՐԳ ՀԱՋՅԱՆ. «ՇԱՏ ՈՒՐԱԽ ԵՄ, ՈՐ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՆՄԱՆ ԶՈՐԱԳՆԴԻ ԶԻՆՎՈՐ ԵՄ»
Այսօր ԵՊՀ ռեկտորատի նիստում նշվեց ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ալիքային պրոցեսների տեսության և ֆիզիկայի ամբիոնի պրոֆեսոր Գևորգ Հաջյանի 70-ամյակը:

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, շնորհավորելով վաստակաշատ համալսարանականին, նրան ցանկացավ քաջառողջություն և երկար տարիների կյանք, որպեսզի շարունակի քայլել համալսարանի միջանցքներով. «Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի այս երևելի անձնավորությունը 47 տարի է, ինչ աշխատում է ԵՊՀ-ում։ Նա հեղինակ է վեց տասնյակից ավելի գիտական հրապարակումների, դասագրքերի, ուսումնական ձեռնարկների և այլն: Երկար տարիներ լինելով ֆակուլտետի գիտխորհրդի և ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ՝ պարոն Հաջյանն իր ավանդն է բերել համալսարանի զարգացման գործում: Նա կարևորում է մշտական աշխատանքը երիտասարդ և խոստումնալից կադրերի հետ»:

 

Պարոն Սիմոնյանը խոսեց նաև պրոֆեսորի նախասիրություններից և նշեց, որ քչերը գիտեն նրա՝ Արարատի գագաթը նվաճելու մասին. «Նա լռակյաց, համեստ, ինչպես նաև իրեն նկատել չտվող մարդ է: Նա ունի հայրենասեր մարդու հաստատակամություն և իր կյանքը չի պատկերացնում առանց համալսարանի ու իր սիրելի գործի»:

 

ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի նորանշանակ դեկան Վլադիմիր Ներկարարյանը Հաջյան գիտնականի մասին խոսելիս առաջին հերթին կարևորեց նրա կենսուրախությունը, ապա հավելեց, որ Հաջյանը ցանկացած տեղ մտնելիս իր հետ բարություն և բարձր տրամադրություն է բերում. «Նա համալսարանի նվիրյալ է, մեկը, ով ծայրաստիճան ցավագին է տանում երիտասարդների կրթվածության անկումը։ Պետք է նշեմ, որ պրոֆեսոր Հաջյանը շատ է սիրում նաև շոկոլադ (ծիծաղում է)։Երբ ֆակուլտետում շոկոլադ է հայտնվում, գործընկերները ցանկանում են պարզել՝ Հաջյանը գիտի՞ արդյոք այդ մասին, թե ոչ»:

 

Գործընկերները բարձր գնահատեցին նաև հոբելյարի մարդկային որակները։ ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը, հիշելով իրենց ուսանողական տարիները, նշեց, որ Հաջյանն այսօր էլ շարունակում է մնալ էներգետիկ դաշտ ունեցող անձնավորություն, ում աշխատանքը մշտապես եղել և մնում է համալսարանի ղեկավարության ուշադրության կենտրոնում:

 

Գևորգ Հաջյանը, շնորհակալություն հայտնելով ներկաներին շնորհավորանքների համար, ասաց. «Ինչքան լցված օրեր են անցել այս տարիների ընթացքում։ 65 թվականի հունիսին, երբ Մայր բուհ ընդունվելու համար գործերս էի տալիս, նայում էի գլխավոր մասնաշենքին, շրջում բակով և երազում լինել այդ շենքի ուսանողներից մեկը: Մեր համալսարանը մեր բանակի զինվորներից մեկն է: Շատ ուրախ եմ, որ համալսարանի նման զորագնդի զինվոր եմ»:

Այլ նորություններ
ՆՈՐ ԾՐԱԳԻՐ ԱՊԱԳԱ ՍՊԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Այսօր ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը հանդիպել է այն ուսանողների հետ, ովքեր ընտրել են ուսումնառությունից հետո ՀՀ զինված ուժերում որպես սպաներ ծառայության անցնելու տարբերակը:
ԵՊՀ-ՈՒՄ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՈՐ ԿԵՆՏՐՈՆ Է ԳՈՐԾԵԼՈՒ
Այսօր ԵՊՀ գրադարանի ճեմասրահում տեղի ունեցավ տոնական միջոցառում՝ նվիրված Արցախյան շարժման 30-ամյակին և «Արցախի տուն» գիտակրթական և մշակութային ուսանողական կենտրոնի բացմանը: