Հայաստանյան տարբեր բուհերի շուրջ երկու տասնյակ ուսանողների համար դասախոսություն էր կարդում ՀՀ բնապահպանության նախարարության բնօգտագործման էկոնոմիկայի վարչության պետ Աշոտ Հարությունյանը: Ուսանողներից բացի, դասախոսություն-քննարկմանը մասնակցում էին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի տնօրեն Աիդա Իսկոյանը եւ Քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչ Տարիել Բարսեղյանը:
Դասախոսությունը վերնագրված էր «Բնապահպանական վճարների հասցեական օգտագործման հիմնախնդիրները Հայաստանում»: Աշոտ Հարությունյանը ներկայացրեց այս ոլորտի ընդհանուր պատկերն ու ՀՀ-ի կողմից այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները: «Մեր երկրում անհնար է սահմանել վճարումների` զարգացած երկրներում ընդունված չափը:
Մենք զարգացող երկիր ենք, եւ բնապահպանության նախարարությունն ստիպված է մասնակի զիջումների գնալ»,- ասում է նախարարության ներկայացուցիչը եւ ասածը հաստատում օրինակով: «Ամրակայած աղբյուրներից օդային ավազան վնասակար նյութերի արտահանման դիմաց վճարը Հայաստանում անհամեմատ փոքր է, օրինակ` 1 տոննա ծծմբաթթվի դիմաց վճարը սահմանվել է 1800 դրամ: Նույն նյութի արտահանման համար Շվեցարիայում, օրինակ, գանձվում է 2046 ԱՄՆ դոլար: Մենք նման խիստ միջոցների մասին պարզապես չենք կարող խոսել: Հայաստանում անգամ սահմանված վճարաչափի բարձրացումը կարող է գործարանի աշխատանքների դադարեցման պատճառ դառնալ»,- բացատրում է Աշոտ Հարությունյանը:
Պաշտոնյան տեղեկացրեց, որ վերջին 8 տարվա ընթացքում բնապահպանական վճարների ընդհանուր չափն աճել է ավելի քան 16 անգամ` հասնելով շուրջ 9.966.23 մլն. դրամի: Սակայն դեռեւս հիմնախնդիր է մնում գանձվող գումարի հասցեականության հարցը: Մեր երկրում բնությանը վնաս հասցնելու համար գանձվող գումարները, որպես կանոն, չեն օգտագործվում այդ վնասները վերացնելու համար:
ՀՀ բնապահպանության նախարարության կողմից բնօգտագործման էկոնոմիկայի վարչության պետը ներկայացրեց խնդիրը լուծելու ուղղությամբ նախարարության կողմից իրագործվող ծրագրերը: Վերջում պաշտոնյան պատասխանեց մասնակիցների հարցերին: Աշոտ Հարությունյանը խոստացավ, որ Էկոլոգիական կենտրոնի հետ առաջին հանդիպումը սերտ համագործակցության առաջին քայլն է միայն: