14.12.2017 | 
Կրթություն
ԱՊԱԳԱ ԹԱՐԳՄԱՆԻՉՆԵՐԸ ՅՈՒՐԱՑՆՈՒՄ ԵՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՆՈՐ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԱՊԱԳԱ ԹԱՐԳՄԱՆԻՉՆԵՐԸ ՅՈՒՐԱՑՆՈՒՄ ԵՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՆՈՐ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ուսանողների համար վարպետության դաս անցկացրեց Վրաստանի համաժամանակյա (синхрон) թարգմանիչների (գիտաժողովային) միության հիմնադիր Գոգա Ասկուրավան:

Միջոցառումը կազմակերպվել էր Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի թարգմանության տեսության և պրակտիկայի ամբիոնի նախաձեռնությամբ:

 

«Այսօր ամբողջ աշխարհում և գրեթե բոլոր ոլորտներում սրընթաց զարգացումներ են իրականացվում, ուստի ուսանողներին պետք է հետաքրքիր և արդիական նորություններ առաջարկել, նոր հմտություններ ձեռք բերելու հնարավորություններ ընձեռել՝ հետագայում աշխատաշուկայի պահանջներին համապատասխանելու համար»,- ասում է Թարգմանության տեսության և պրակտիկայի ամբիոնի վարիչ Ռուզան Ղազարյանը:

 

Հենց այդ նպատակով էլ ամբիոնը աշխատաշուկայում գրեթե միշտ պահանջարկ վայելող համաժամանակյա գրագետ թարգմանիչներ պատրաստելու ուղղությամբ պարբերաբար նախաձեռնում է միջոցառումներ, սեմինարներ և վարպետության դասեր:

 

Վրաստանի վարչապետի անձնական թարգմանիչ, 20 տարվա մասնագիտական փորձ ունեցող համաժամանակյա պրոֆեսիոնալ թարգմանիչ Գոգա Ասկուրավան նշեց, որ համաժամանակյա թարգմանությունը բավականին բարդ, սթրեսային և պատասխանատու գործ է, ուստի բարձրակարգ մասնագետ դառնալու համար լուրջ աշխատանք և երկարատև պրակտիկա է հարկավոր:

 

«Շատերը, հաշվի առնելով ոլորտի բարդությունները, խուսափում են համաժամանակյա թարգմանության ուղղության մեջ մասնագիտանալուց: Դրան նպաստում է նաև մասնագիտական դպրոցի բացակայությունը: Սակայն նպատակային ծրագրերի առկայության և պրակտիկայի շնորհիվ կարելի է հասնել ցանկալի արդյունքների և ձեռք բերել բարձր որակավորում՝ արդյունքում ունենալով բարձր վարձատրությամբ և մեծ պահանջարկ վայելող մասնագիտություն»,- նշում է հյուրը:

 

Գոգա Ասկուրավան ընդգծեց, որ իրենց հիմնական նպատակն է զարգացնել նոր սերունդ, որը կհաղթահարի բոլոր դժվարությունները:

 

«Ուրախ ենք, որ ԵՊՀ-ն՝ ի դեմս Թարգմանության տեսության և պրակտիկայի ամբիոնի, կարևորում է ոլորտի զարգացումը, քայլում է ժամանակի պահանջներին զուգընթաց և նախաձեռնություն է ցուցաբերում ուսանողների կրթման գործում նոր մոտեցումների որդեգրման տեսանկյունից»,- հավելեց մասնագետը և շեշտեց, որ չնայած խիստ զբաղվածության՝ հաճելի է կրկին գտնվել Մայր բուհում:

 

Դասընթացի ժամանակ մասնագետն ուսանողներին մանրամասն ներկայացրեց ոլորտի առաձնահատկությունները, բառերի ընտրության և ճիշտ թարգմանության կարևորությունն ու սխալներից բխող պատասխանատվության արժեքը:

 

Ռուզան Ղազարյանն էլ ավելացրեց, որ համագործակցությունը շարունակական է լինելու, իսկ հաջորդ տարի ֆակուլտետում կսկսի գործել մասնագիտական սարքավորումներով հագեցած լսարան՝ հրավիրյալ մասնագետների կողմից գործնական աշխատանքներ և սեմինարներ իրականացնելու համար:

 

Հավելենք, որ Գոգա Ասկուրավան առաջին անգամ չէ Մայր բուհում. հոկտեմբերի 23-25-ը նա վարպետության դասեր է անցկացրել ֆակուլտետի թարգմանության տեսության և պրակտիկայի ամբիոնի 3-րդ և 4-րդ կուրսերի ուսանողների համար, ովքեր բարձր են գնահատել ֆակուլտետի նախաձեռնությունը:

Այլ նորություններ
ԵՊՀ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ԿՈՎԿԱՍՅԱՆ ԷԿՈՌԵԳԻՈՆԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՊԼԱՆԻ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ
Բնության համաշխարհային հիմնադրամի կովկասյան մասնաճյուղը (WWF-Caucasus) դեկտեմբերի 3-7-ը Թբիլիսիում կազմակերպել էր Կովկասյան էկոռեգիոնի պահպանման պլանի վերանայման տարածաշրջանային հանդիպում, որին մասնացել են ԵՊՀ ներկայացուցիչները:
ՍՏՈՒԳՎՈՒՄ ԵՆ ՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ. ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱ ՔԻՄԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ այսօր մեկնարկեց «Հայկական քիմիական ուսանողական օլիմպիադան»: