22.05.2018 | 
Գիտություն
ԵՊՀ ՊՐՈՖԵՍՈՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է ՈՍԿԵ ՄԵԴԱԼՈՎ
ԵՊՀ ՊՐՈՖԵՍՈՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԿԱՆ  ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է ՈՍԿԵ ՄԵԴԱԼՈՎ
ԵՊՀ ռադիոֆիզիկայի կիսահաղորդիչների ֆիզիկայի և միկրոէլեկտրոնիկայի ամբիոնի վարիչ, ֆիզմաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ազգային, ՀՀ ինժեներական և Միջազգային ճարտարագիտական ակադեմիաների ակադեմիկոս Վլադիմիր Հարությունյանին շնորհվել է «FOR USEFUL LABOUR» ոսկե մեդալ:

«Այլընտրանքային էներգետիկայի և էկոլոգիայի միջազգային ասոցիացիան» (IAAEE) ֆիզիկայի, ֆիզիկական քիմիայի և կիսահաղորդչային տեխնիկայի, արեգակնային էներգիայի փոխակերպման և սենսորիկայի բնագավառներում գիտական մեծ ավանդ ունեցող ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Վլադիմիր Հարությունյանին պարգևատրել է «ISJAEE» (International scientfic journal for alternative energy and ecelogy) միջազգային գիտական հանդեսի «FOR USEFUL LABOUR» ոսկե մեդալով ջրածնի անվտանգության մեջ մեծ ներդրում ունենալու համար:

 

Գիտնականի համար մրցանակն անակնկալ է եղել: Մեզ հետ զրույցում պարոն Հարությունյանն ասաց, որ շատ ուրախ է աշխարհում բավականին բարձր վարկանիշ ունեցող միջազգային այս ամսագրի կողմից մեդալ ստանալու կապակցությամբ. «Կարևոր է, որ ամսագրի խմբագրական խորհրդի կազմում ընդգրկված են բազմաթիվ անվանի գիտնականներ: Ի դեպ, ես նույնպես ընդգրկված եմ այդ կազմում»:

 

Աշխատելով արեգակնային էներգիայի փոխակերպման ձևերից մեկի և տարբեր տիպի սենսորների ուղղություններով՝  ԵՊՀ կիսահաղորդչային սարքերի և նանոտեխնոլոգիաների կենտրոնի գիտական ղեկավար Վլադիմիր Հարությունյանը բազմաթիվ մրցանակներ է ստացել. «Արդեն սովորել ենք ստանալ մրցանակներ, բայց կարևոր է, թե դրանք ինչ մրցանակներ են, ինչի համար են տրվում և ում կողմից»:

 

Վլադիմիր Հարությունյանի աշխատանքները մեծ ճանաչում ունեն ինչպես Հայաստանում, այդպես էլ արտասահմանում: Գրականության մեջ միայն նրա 5 աշխատանքների վրա առկա են գրեթե 1000 մեջբերումներ:

 

Մեզ հետ զրույցում գիտնականը պատմեց, որ դպրոցական տարիներին ապագա մասնագիտության ընտրության վերաբերյալ շատ տարբերակներ է ունեցել և միայն դպրոցական վերջին դասարանում է որոշել, որ ֆիզիկոս է դառնալու. «Մտածում էի դիվանագետ դառնալ, նույնիսկ ինձ պատկերացնում էի երաժշտության ոլորտում, քանի որ մայրս դասախոսում էր Կոնսերվատորիայում: Հայ անվանի երգչուհիներից Լուսինե Զաքարյանը, Արաքս Դավթյանը և ուրիշներ եղել են մայրիկս աշակերտները: 1957 թվականն էր, երբ ձեռքս ընկավ «Юность» ամսագիրը, որի մեջ շատ հետաքրքիր հոդված էր կիսահաղորդիչների մասին: Այդ օրվանից հրապուրվեցի ու վերջնականապես որոշեցի ընտրել այս մասնագիտությունը»:

 

Վլադիմիր Հարությունյանը հիշեց, որ դեռևս սովետական տարիներին ԵՊՀ-ն արեգակնային էներգիայի ֆոտոէլեկտրաքննական փոխակերպման եղանակով առաջատարն էր, որտեղ աշխատում էին նաև ոչ տեսանելի տիրույթում տվիչներ ստեղծելու ուղղությամբ, որը ռազմական նշանակություն ուներ. «Այդ ժամանակ հովանավորվում էինք պետության կողմից և կարևոր կենտրոն էինք համարվում: Սովետական Միության փլուզումից հետո արդեն ֆինանսավորման հարցերը լուծում ենք արտասահմանյան գրանտների շնորհիվ: Մեծ հաջողություններ ունենք այդ հարցում, աշխատում ենք տարբեր առաջատար երկրների հետ: Պետությունն էլ հնարավորության սահմաններում աջակցում է, Գիտության պետական կոմիտեի կողմից ֆինանսավորվում ենք ու փորձում էլ ավելի արդյունավետ աշխատանքներ իրականացնել»:

 

Պարոն Հարությունյանն ուրախությամբ փաստեց, որ ապագայում էլ կշարունակվեն աշխատանքները՝ ի շնորհիվ ֆակուլտետում սովորող խելացի և ձգտող ուսանողների. «Այսօր ավարտական աշխատանքների պաշտպանություն է մեր ֆակուլտետում: 18 ուսանողներ կներկայացնեն իրենց դիպլոմային աշխատանքները, ինչը մեծ թիվ է բնական գիտությունների ասպարեզում: Մենք էլ աջակցում ենք երիտասարդներին, տեղ տալիս նրանց ու լուծում նաև սերնդափոխության հարցը»:

 

Գիտության զարգացման համար պարոն Հարությունյանը ՀՀ նոր կառավարությանը խորհուրդ է տալիս ուշադիր լինել. «Առաջարկում եմ մեծ ուշադրություն դարձնել գիտության զարգացմանը, որովհետև մեր երկրի հարստությունը հենց գիտությունն է: Խորհուրդ եմ տալիս հատկապես ռազմական նշանակություն ունեցող ուղղություններին մեծ ուշադրություն դարձնել ու խրախուսել: Ողջունում եմ նոր կառավարությանը և հույս ունեմ, որ նրանց շնորհիվ մեր երկիրն էլ ավելի մեծ արդյունքներ կգրանցի գիտության ասպարեզում»:

 

Քնար Միսակյան

 

Այլ նորություններ
ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՓՈՐՁ. ՄԵԿՆԱՐԿԵՑ  «ՀԱՅԱՍՏԱՆ 2018. ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ
Այսօր Հայաստանի ամերիկյան համալսարանում մեկնարկեց «Հայաստան 2018. իրողություններ և հեռանկարներ» թեմայով միջազգային գիտաժողովը, որի հիմնական նպատակն է Հայաստանում տեղի ունեցած քաղաքական իրադարձություները մասնագիտական վերլուծությունների շնորհիվ ակադեմիական դաշտ բերել, ինչպես նաև փորձել գիտական լեզվով բացատրել այն հանրային իրողությունները, որոնք ունենք հիմա:
ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ՝ ԵՊՀ ՀԱՅ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
Այսօր ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում տեղի ունեցավ «Հայոց լեզու. Մաշտոցից մինչև մեր օրերը» խորագրով միջոցառում, որի ընթացքում Համազգային հայ կրթական և մշակութային միության (ՀՀԿՄՄ) նախաձեռնությամբ լավագույն ուսանողներին Հակոբ Կարապենցի անվան կրթաթոշակ հանձնվեց: