22.05.2017 | 
Կրթություն
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ՀԱՋՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ ԵՆ ԳՐԱՆՑԵԼ ՕԼԻՄՊԻԱԴԱՅՈՒՄ
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ՀԱՋՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ ԵՆ ԳՐԱՆՑԵԼ ՕԼԻՄՊԻԱԴԱՅՈՒՄ
Այսօր ԵՊՀ Ե. Չարենցի անվան դահլիճում ամփոփվեցին Ռուս բանասիրության ֆակուլտետի նախաձեռնությամբ կազմակերպված ռուսաց լեզվի օլիմպիադայի արդյունքները:

Օլիմպիադայի առաջին փուլը անցկացվել է նոյեմբեր ամսին: Ուսանողները  առաջադրված երեք վերնագրերից ընտրել են մեկը և գրել ստեղծագործական աշխատանք: Երկրորդ փուլ անցած ուսանողներին սպասվում էր բանավոր հարցում: Այս փուլում կարևորվում էր հատկապես ուսանողի՝ օտար լեզվի հարուստ բառապաշարը, բազմատեսակ թեմաների վերաբերյալ մտքերի ճիշտ, հստակ և նպատակային շարադրումը:

 

Օլիմպիադայի երրորդ փուլը թեստային տարբերակով էր: Լեզվական և քերականական հարցերից բացի՝ հարցաշարի թեմաները առնչվում էին նաև Ռուսաստանի պատմությանը, աշխարհաքաղաքական իրողություններին, ռուսական մշակույթին, արվեստին, պատմամշակութային արժեքներին, գրականությանը և այլն:

ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի դեկան Պավել Բալայանը ողջույնի իր խոսքում կարևորեց օլիմպիադային մասնակցած ուսանողների պատրաստակամությունը. «Շատ կարևոր է, որ ուսանողները հնարավորություն ունեն ստուգելու ռուսաց լեզվի իրենց գիտելիքները և հենց իրենք են պատրաստակամություն հայտնում մասնակցելու: Օտար լեզուների իմացությունը չի կարող իզուր կամ շատ լինել: Դրանք հնարավորություն են տալիս հայտնվելու մի նոր աշխարհում, ծանոթանալու տարբեր մշակույթներին և գրականություններին»:

 

Պավել Բալայանը հավելեց նաև, որ թեև տարածված է այն մտայնությունը, որ քչերն են տիրապետում ռուսաց լեզվին, այնուամենայնիվ վերջին փուլ անցած մասնակիցների քանակը և որակային գնահատականը ամենևին էլ վատ արդյունք չեն: Իր խոսքի վերջում Պավել Բալայանը ևս մեկ անգամ շնորհավորեց օլիմպիադայի վերջին փուլ անցած համալսարանականներին և մաղթեց, որ ռուսաց լեզուն, որին լավ տիրապետում են, օգնի և ծառայի նրանց, քանի որ այն մեծ հնարավորություններ է ընձեռում. չէ՞ որ ռուսերենը ահռելի աղբյուր է տեղեկատվության, գրականության և ամենակարևորը՝ մեծ հոսք մշակութային արժեքների տարածման գործում:

Ռուսաց լեզվի ամբիոնի (հումանիտար ֆակուլտետների համար) վարիչ Սուսաննա Լալայանը նշեց, որ նմանօրինակ օլիմպիադաները սովորաբար կազմակերպվում են երկու տարին մեկ անգամ, սակայն այս տարի, բացառության կարգով, կազմակերպվել էր նախորդ օլիմպիադայից երեք տարի անց:

«Օլիմպիադայի ընթացքից և մասնակիցների գրանցած արդյունքներից ստացած մեր տպավորությունները բավականին լավ  են: Ուսանողները շատ հետաքրքրված են, և նկատվում է, որ հաճույքով են մասնակցում: Օլիմպիադան հնարավորություն է տալիս ստուգելու ոչ միայն ուսանողների ռուսաց լեզվի գիտելիքները, այլև գնահատելու նրանց ընդհանուր զարգացվածության մակարդակը»,- ասաց Սուսաննա Լալայանը:

Օլիմպիադայի՝ բարձր արդյունքներ գրանցած մասնակիցները պագևատրվեցին պատվոգրերով և գրքերով:

Այլ նորություններ
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ «ԷՐԱՍՄՈՒՍ+»-Ը
Այսօր ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում ուսանողներին ներկայացվեց «Էրասմուս+» ծրագիրը:
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԱՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ
ԵՊՀ ուսանողները ծանոթացան «Կոկա-Կոլա» ընկերության հայաստանյան մասնաճյուղի գործունեությանը: