28.03.2019 | 
Ուսանողական
ԳՈՌ ՆԱԶԱՐՅԱՆԸ՝ ԵՊՀ-ՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ԵՎ «ԴԱՍԱՎԱՆԴԻ՛Ր, ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԱՍ ԴԱՌՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
ԳՈՌ ՆԱԶԱՐՅԱՆԸ՝ ԵՊՀ-ՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ԵՎ «ԴԱՍԱՎԱՆԴԻ՛Ր, ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԱՍ ԴԱՌՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
ysu.am-ը զրուցել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի շրջանավարտ, «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի հավաքագրման և ներգրավման թիմի ղեկավար Գոռ Նազարյանի հետ:

- Ինչո՞ւ էիք ընտրել Երևանի պետական համալսարանը։

- ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում իմ հայտնվելը բավականին տարօրինակ պատմություն է։ Մասնագիտություն ընտրում էի թերթում ներկայացված ցանկով և ամեն մասնագիտության մասին հարցնում, թե «ինչ եմ դառնալու»։

Միջազգային հարաբերություններ ֆակուլտետի դեպքում կանգ առանք դեսպան դառնալու տարբերակի վրա՝ բավականին գրավիչ էր: Գլխումս իդեալական սցենար ուրվագծեցի և վերջ. երկու տարվա պարապմունքներ, քննություններ, արդյունքում՝ ես Մայր բուհի ուսանող էի:

Այնուամենայնիվ, թե՛ իմ օրինակն ունենալով, թե՛ տարբեր սերունդների պատանիների հետ աշխատելով՝ եկել եմ այն եզրակացության, որ 13-15 տարեկանում մենք պատրաստ չենք մասնագիտության ճիշտ ընտրությանը և շատ դեպքերում հիմնվում ենք զգացմունքների վրա, որոնք հետագայում մարում են, իսկ մենք էլ հաճախ մնում մեր որոշման գերի: Ուրախ եմ, որ հիմա հետզհետե մարում են անպայման բուհ ընդունվելու, դիպլոմ ունենալու կարծրատիպերը:

- Ինչպիսի՞ն էին Ձեր համալսարանական տարիները։

- Համալսարանական տարիներս ակտիվ ու հետաքրքիր էին։ Չգիտեմ՝ ինչպես է այլ ֆակուլտետներում, բայց մեր ֆակուլտետի առանձնահատկությունն այն էր, որ հաճախ հյուրեր ու հետաքրքիր հանդիպումներ էինք ունենում՝ Արտաքին գործերի նախարար, դեսպաններ, տարբեր հասարակական-քաղաքական գործիչներ: Ակտիվ ուսանողական կյանք եմ ունեցել, մասնակցում էի ՈՒԽ-ի, ՈՒԳԸ-ի, Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի տարբեր ֆորմալ ու ոչ ֆորմալ միջոցառումներին, ճամբարներին ու խնջույքներին։ «Գետաշեն»-ը, «Թալեաթի մահը» ու այդ շարքի երգերն էլ անպակաս էին մեզնից։

-Ի՞նչ փոխեց Ձեր մեջ ԵՊՀ-ն։

- ԵՊՀ-ի ու առհասարակ ուսանողական տարիների առանձնահատկությունը հենց ակտիվությունս էր։ Դպրոցում ավելի զուսպ, համեստ ու ամաչկոտ կերպար էի, համալսարանում դարձա թեկուզև հաճախ կարմրող, բայց տարբեր նախաձեռնություններով հանդես եկող, ամբիոնից ելույթ ունեցող, թեժ բանավիճող ու անհամեստություն անեմ՝ լավ «Մաֆիա» խաղացող մարդ։



Համալսարանում, հետո նաև համալսարանից դուրս՝ «AIESEC» երիտասարդական կազմակերպությունում, մեր կուրսեցիների կողմից ստեղծված «Երիտասարդներ հանուն ապագայի» ՀԿ-ում հիմք էր դրվում այն մտածողությանը, գաղափարներին ու ծրագրերին, որ ուրվագծել են հաջորդող տարիները։

Կարծում եմ՝ այդ տարիներին ստեղծված գաղափարական հիմքն էր, որ նպաստեց Գերմանիայում մագիստրոսական ծրագրով ուսանելուց հետո Հայաստան վերադառնալու և այստեղ գործունեություն ծավալելու որոշմանը:

- Ի՞նչ եք զգում «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամում աշխատելով։

- «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի մասին իմացել եմ, երբ սովորում էի Գերմանիայում: Ֆեյսբուքյան շփումների միջոցով հետաքրքրվում էի ծրագրի մանրամասներով: Ծրագրի մասնակից ես չդարձա, աղջիկս պետք է ծնվեր, բայց միշտ ուրախ ու հպարտ եմ եղել այս նախաձեռնության գոյության համար:

Անցած տարի, երբ միանում էի թիմին, վերընթերցեցի նամակագրությունը՝ նորից լցվելով այն ջերմ զգացումով, որ աշխատելու եմ կրթական խնդիրների լուծման ուղղությամբ։ Այս ոլորտն ինձ համար շատ կարևոր էր դեռևս համալսարանական տարիների կամավորական աշխատանքի ժամանակներից:

«Դասավանդի՛ր, Հայաստան» մեծ ընտանիքի մի մաս լինելով և այսպիսի ինքնատիպ թիմ ունենալով՝ ուրախ եմ ու իրապես հավատում եմ մեր տեսլականին՝ հասնել սոցիալական փոփոխության, որի արդյունքում բոլոր երեխաները կունենան գերազանց կրթություն ստանալու հնարավորություն՝ անկախ նրանից, թե որտեղ են ապրում, ինչ սոցիալ-տնտեսական պայմաններում են։

- Նշեցիք ծրագրի մասին։ Ի՞նչ է իրենից ներկայացնում «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը, ինչո՞ւ դիմել:

-«Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամն առաջարկում է Առաջնորդության զարգացման ծրագրի, որը երկու տարի տևողությամբ է: Այն հնարավորություն է տալիս մասնակցին վերապատրաստվելու, ձեռք բերելու նոր փորձ ու գիտելիքներ, այնուհետև՝ երկու տարի ապրելու ՀՀ և Արցախի Հանրապետության համայնքներից մեկում՝ դասավանդելով դպրոցում և իրականացնելով համայնքային զարգացման ծրագրեր։

Մի կողմից, ելնելով ուսուցիչների պակասի խնդիրից, մասնակիցները լրացնում են այդ բացը և հնարավորություն տալիս երեխաներին սովորելու դպրոցական ծրագրով նախատեսված առարկաները։ Մյուս կողմից, երկու տարի ապրելով մարզում, տեսնելով տեղի խնդիրները, մասնակիցներն իրականացնում են ծրագրեր՝ ուղղված համայնքի խնդիրների լուծմանն ու կրթական ենթակառուցվածքների բարելավմանը։

Իմ կարծիքով, այս ծրագիրը բացառիկ է, որ բացի ներդրում ունենալուց՝ այն հրաշալի հարթակ է նաև սովորելու ու զարգանալու։ Մասնագիտական աճ, անվճար մագիստրատուրա մանկավարժության ոլորտում, մեծ «նեթվորք», դրամական աջակցություն և այլն: Այս և շատ այլ առավելություններն ապահովում են ծրագրի երկկողմանի գրավչությունը։



- Ծրագիրը, ինչպես նշեցիք, երկու տարի է տևում: Իսկ հետո՞:

- Մեր մասնակիցները դառնում են շրջանավարտ և ստանում կրթության հավասարության դեսպանի աստիճան, որը ճանաչված է «Teach for All» ցանցի մասնակից երկրներում։ Կատարյալ դեպքում մենք կցանկանանք մեր շրջանավարտներին տեսնել հենց կրթության ոլորտում, որպեսզի այն փորձն ու գիտելիքները, որ կուտակված են իրենց մոտ, ուղղվեն ավելի խորքային խնդիրների լուծմանը։ Բայց դրանից, իհարկե, իրենց ընտրությունն է։ Ամեն դեպքում՝ մենք կապի մեջ ենք շրջանավարտների հետ և պատրաստ ենք սատարելու։ Ներկայիս շրջանավարտների շարքերում կան մարդիկ, որոնք մնացել են դասավանդելու դպրոցում, դասավանդում են Դիլիջանի դպրոցում, աշխատում պետական համակարգում կամ հենց մեր հիմնադրամում։ Հնարավորությունները շատ են, եթե կա ցանկություն:

- Ըստ Ձեզ՝ ո՞րն է հաջողության հասնելու գաղտնիքը:

- Սա այն հարցերից է, որոնց որքան էլ պատասխանես, մեկ է, պատասխան չես գտնի։ Ըստ իս՝ ցանկացած պարագայում հաջողության գրավականը սերն է առ այն գործը, որ անում ես, և անվերջ աշխատասիրությունը։
Եթե ցանկանում ես որևէ բանի հասնել, պետք է անդադար աշխատել այդ ուղղությամբ ու վայելել այդ պրոցեսը։ Հակառակ պարագայում դժվար է։

Իմ դեպքում՝ հաջողության գրավական է եղել ու կա իմ մեծ և փոքր ընտանիքների (ի դեպ, կինս էլ է համալսարանական) աջակցությունը բոլոր ժամանակներում։ Այն վստահություն է ներշնչում և հնարավորություն տալիս կենտրոնանալու աշխատանքիդ վրա։ Բնականաբար, աշխատանքից դուրս էլ կյանք կա, դրա մասին շատ կարևոր է հիշել:

 


Մարի Ռաֆյան

 

Այլ նորություններ
ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԴԻՄԱՎՈՐԵՑ ԱՌԱՋԻՆԿՈՒՐՍԵՑԻՆԵՐԻՆ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել առաջինկուրսեցիների դիմավորման արարողությունը, որին ներկա էին ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը, Հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը, ֆակուլտետի դասախոսներ և ուսանողներ:
ԵՊՀ-ՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է «ԱՌԱՋԻՆԿՈՒՐՍԵՑԻՆԵՐԻ ԻՐԱԶԵԿՈՒՄ» ԾՐԱԳԻՐԸ
ԵՊՀ ուսանողական խորհուրդն օգոստոսի 29-31-ն իրականացնում է «Առաջինկուրսեցիների իրազեկում» ծրագիրը, որն անցկացվում է երկրորդ տարին: