06.07.2018 | 
Հասարակություն
ԵՊՀ ՖԱՐՄԱՑԻԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ ՃԱՆԱՊԱՐՀԵՑ ԻՐ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ
ԵՊՀ ՖԱՐՄԱՑԻԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ ՃԱՆԱՊԱՐՀԵՑ ԻՐ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ
Այսօր ԵՊՀ մշակույթի կենտրոնում Ֆարմացիայի ինստիտուտի շրջանավարտները ստացան իրենց դիպլոմները և երդվեցին բարձր պահել իրենց կոչումն ու անմնացորդ նվիրվել իրենց գործին:

Դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությանը ներկա էին ԵՊՀ գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Գեղամ Գևորգյանը, Ֆարմացիայի ինստիտուտի տնօրեն Աշոտ Սաղյանը, ինստիտուտի ուսումնական գծով փոխտնօրեն Սամվել Վարդապետյանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ և հյուրեր:

 

Գեղամ Գևորգյանը, շնորհավորելով շրջանավարտներին կյանքի այս փուլն անցնելու առթիվ, ասաց, որ կարևորն այսքանով չսահմանափակվելն ու մշտապես առաջ ընթանալն է. «Այս փուլը թող լինի ձեր հետագա հաջողությունների մեկնարկը: Ամեն օր ինքնակրթվե՛ք և զարգացե՛ք: Կյանքը հետաքրքիր ապրելու համար խորհուրդ եմ տալիս մշտապես սովորել, սովորեցնել և ստեղծագործել»:

 

Ֆարմացիայի ինստիտուտի մագիստրատուրայի և բակալավրիատի շրջանավարտներին դիպլոմներ հանձնեցին Աշոտ Սաղյանը և Սամվել Վարդապետյանը՝ նրանց հաջողություններ մաղթելով և խոստանալով, որ մշտապես կլինեն նրանց կողքին և կաջակցեն յուրաքանչյուր հարցում:

 

Դիպլոմների հանձնման արարողությունն առավել հանդիսավոր և հիշարժան դարձնելու համար ԵՊՀ մշակույթի կենտրոնի սաները հանդես եկան երգի և պարի կատարումներով, միջոցառման հանդիսավարներն էլ շրջանավարտների անուններն ընթերցելիս նրանց մասին հետաքրքիր փաստեր ներկայացրին:

 

Միջոցառման ավարտին Ֆարմացիայի ինստիտուտի շրջանավարտները երդվեցին ներդնել իրենց գիտելիքներն ու հմտությունները մարդկանց առողջությունը և բարեկեցությունը պահպանելու համար, արդարացի և հարգանքով վերաբերել բոլոր մարդկանց, ինչպես նաև նպաստել ոլորտի զարգացմանը:

 

Քնար Միսակյան

Այլ նորություններ
ԻՍՊԱՆԱՑԻ ԳՐՈՂ, ԵՊՀ ՊԱՏՎԱՎՈՐ ԴՈԿՏՈՐ ԳՈՆՍԱԼՈ ԳՈՒԱՐՉԻ ԲԱՑ ՆԱՄԱԿՆ ԱՀ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ
Ղարաբաղի Հանրապետության նախագահ մեծարգո պարոն Արայիկ Հարությունյանին
ԵՊՀ-Ն ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄԱՍՆԱԿՑԵԼ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԴՐԱՄԱՀԱՎԱՔ-ԱՐՇԱՎԻՆ՝ ՓՈԽԱՆՑԵԼՈՎ ԱՎԵԼԻ ՔԱՆ 55 ՄԼՆ ԴՐԱՄ
ԵՊՀ-ն հատուկ բացված հաշվեհամարին փոխանցել է ևս 30 մլն դրամ, Իջևանի մասնաճյուղը՝ 5.5 մլն դրամ, իսկ աշխատակիցները՝ ավելի քան 20 մլն դրամ։