27.06.2018 | 
Ուսանողական
ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՏԱՐԻՆԵՐԻՑ ՄԻԱՅՆ ԴՐԱԿԱՆ ՀՈՒՇԵՐ ԵՆ ՄՆՈՒՄ. ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ-2018
ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՏԱՐԻՆԵՐԻՑ ՄԻԱՅՆ ԴՐԱԿԱՆ ՀՈՒՇԵՐ ԵՆ ՄՆՈՒՄ. ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ-2018
Ամեն տարի՝ հունիսի 15-ից հուլիսի 27-ն ընկած ժամանակահատվածում, ԵՊՀ շրջանավարտները ստանում են իրենց դիպլոմները: Այսօր հանդիսավոր արարողությամբ իրենց ավարտական վկայականները ստացան Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի շրջանավարտները:

Գիտական խորհրդի նիստերի դահլիճում հանձման հանդիսավոր արարողության ընթացքում ողջույնի խոսք հղեց ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գեղամ Պետրոսյանը:



«Այսօր շատ նշանավոր օր է: Ուսումնառության տարիների ընթացքում մեր ուսանողները դրսևորել են ոչ միայն բարձր առաջադիմություն, այլ նաև ձեռք են բերել մեծ փորձ, և, հավատացնում եմ ձեզ, երբ անցնեք որևէ աշխատանքի, շատ սիրով հիշելու եք այս չորս տարիները: Մեր ուսանողության գերակշիռ մասը շատ սթափ ու խելացի է, նրանց հանդեպ ես ունեմ խորը հարգանք: Ուզում եմ մեկ անգամ ևս շնորհավորել Ձեզ, ցանկանալ հաջողություններ և՛ աշխատանքի բնագավառում, և՛ կրթությունը շարունակելիս»,- ասաց դեկանը:



Դիվանագիտական ծառայության և մասնագիտական հաղորդակցման ամբիոնի վարիչ Նուբար Չալըմյանը ևս շնորհավորեց շրջանավարտներին. «Ինձ համար շատ ուրախալի օր է, իսկ ձեզ համար՝ առավել ևս, այն շատ հիշարժան է: Հիմա ականատես ենք ձեր 4 տարիների աշխատանքի արդյունքը վկայող արժանի վկայականների հանձնման արարողության: Ինձ միշտ հաճելի է եղել մտնել ձեր լսարան, շփվել, հարցերին պատասխանել: Սիրելի՛ շրջանավարտներ, Դիվանագիտական ծառայության և մասնագիտական հաղորդակցման ամբիոնի դասախոսների և իմ անունից շնորհավորում եմ ձեզ: Ցանկանում եմ բարի երթ, կանաչ ճանապարհ: Որ ասպարեզում էլ լինեք՝ մի՛ մոռացեք ձեր Մայր բուհը, հիշե՛ք ֆակուլտետը, դասախոսներին, քանի որ նրանք ամեն ինչ արել են ձեզ գիտելիք փոխանցելու համար: Հաջողություններ եմ մաղթում, Աստված ձեզ պահապան»,- հավելեց ամբիոնի վարիչը:

Կենտրոնական մասնաշենքի 5-րդ հարկում ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը կազմակերպում է շրջանավարտների տվյալների հավաքագրումը, իսկ յուրօրինակ շրջանակներով լուսանկարվելն ուսանողների ամենասիրած պահերից մեկն է:

Հավաքագրելով տվյալները՝ ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը ստեղծում է շրջանավարտ-համալսարան-գործատու կապ, ինչի շնորհիվ ապահովվում է շրջանավարտների և պոտենցիալ գործատուների միջև արդյունավետ համագործակցությունը:



ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի տնօրեն Լիլիթ Հակոբյանը, ներկայացնելով կենտրոնի գործունեությունը, ասաց, որ կենտրոնի նպատակներից է նաև աշխատաշուկայում համալսարանականների մրցունակության բարձրացումը: Կենտրոնն այժմ ակտիվ համագործակցում է ՀՀ շուրջ 100 պետական և մասնավոր ընկերությունների, ձեռնարկությունների, ինչպես նաև միջազգային տարբեր կազմակերպությունների հետ: «Բացի տվյալների հավաքագրումից՝ մենք այսօր համագործակցում ենք Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի հետ և մի հետաքրքիր ձևաչափ ենք մտածել՝ շրջանավարտների համար տոնական տրամադրություն ապահովել դիպլոմների հանձնման ընթացքում»:

 

Մենք զրուցեցինք նաև տարբեր ֆակուլտետների շրջանավարտների հետ, և ներկայացնում ենք նրանց մտքերն ուսումնառության տարիների մասին:

Սերգեյ Թումասյան, Ֆիզիկայի ֆակուլտետ
- Չորս տարվա ուսումնառությունն ինձ տվեց քննադատական մտածողություն, ու դա, կարծում եմ, ամենակարևորն է: Ուսանողական տարիների բոլոր օրերն էլ հիշվող են, սա կյանքի կարևոր ու հիշվող հատված է: Վստահ չեմ, բայց, ըստ երևույթին, կկարոտեմ ուսանողական տարիներս:

Գոհար Հովհաննիսյան, Ֆիզիկայի ֆակուլտետ
-Այս չորս տարիներն ինձ տվեցին վստահության զգացողություն, ֆիզիկայի մասին գիտելիքների հարուստ պաշար, որոնք հետագայում անպայման կիրառվելու եմ: Շատ ընկերներ ձեռք բերեցի և՛ դասախոսների, և՛ ուսանողների շրջանում: Համալսարանը ինքնազարգացման մեծ հարթակ էր: Հուշերիս մեծ մասը դասերին են վերաբերում, իսկ կարմիր դիպլոմը հեշտ չի տրվում, այն էլ՝ ֆիզիկայի բնագավառում: Հիմա մասնագիտական հումորներն եմ հիշում:

Մարիա Հովակիմյան, Ֆիզիկայի ֆակուլտետ
- Կարծում եմ, որ ես՝ որպես մասնագետ, կարողացա ստանալ բոլոր այն գիտելիքները, որոնք հետագայում կարիերա կառուցելու համար պետք կգան: Կան բաներ, որոնք կցանկանայի փոխվեն. դասախոսներն արդեն տարեց են, ու երիտասարդները կարծես չեն ցանկանում որպես դասախոս աշխատել: Շատ կցանկանայի երիտասարդ կադրերին տեսնել լսարանում: Ուսանողական տարիներից ինձ միայն դրական հուշեր են մնում՝ շատ ընկերներ, դասախոսներ, որոնց հետ արդեն ընկերացել ենք:

Ռոզա Սիմոնյան, Ֆիզիկայի ֆակուլտետ
- Ընդլայնվեց իմ շփման հորիզոնը, լավ ընկերներ ձեռք բերեցի, որոնց հետ տարբեր փորձությունների միջով անցանք: Շատ գոհ եմ իմ ձեռքբերածից՝ որպես մասնագետ: Հուշեր շատ կան, բայց ուսանողական տարիներս շարունակվելու են մագիստրատուրայում:

Մարինա Առաքելյան, Հայ բանասիրության ֆակուլտետ
- Այս տարիների ընթացքում հասկացա, որ ինքնակրթությունը, թերևս, ամենակարևորն է։ Համալսարանում իմ առաջ դրեցի կյանքիս ամենալուրջ նպատակները՝ կապված աշխատանքի և կարիերայի հետ։ Չորս տարիներն անցան աննկատ, բայց ոչ ապարդյուն։
Կարոտելու եմ այս շրջանը: Ուսանողությանս տարիներին եմ զարգացրել անհատականությունս, ընդլայնել մտահորիզոնս ու ձեռք բերել լավ ընկերներ:


Անգին Խաչատրյան, Հայ բանասիրության ֆակուլտետ
- Ուսումնառության շրջանն ինձ նախևառաջ գիտելիք տվեց, ինքս ինձ ճանաչելու և իմ ներաշխարհը բացահայտելու բանալի, եթե տարիներ հետո կրկին այս հարցը տան, ես մանկությանը զուգահեռ քաղցրությամբ ու ջերմությամբ կպատմեմ ուսանողական չորս տարիների մասին, քանի որ մանուկ հասակում ժամանակն ինձ թրծում էր որպես պատանի, իսկ արդեն պատանի դարձած՝ նույն ժամանակը թրծեց երիտասարդի, ով պատրաստ է շարունակել իր ճանապարհը: Ուսանողական չորս տարիներն ինձ տվեցին ներքին մեծ ուժ, հավատալու, տոկալու և պայքարելու անդրդվելի ցանկություն, նպատակասլացություն… Ես բախտավորություն ունեցա ոլորտի լավագույն մասնագետներին լսել, հարցեր տալ, ինչու չէ՝ նրանց հետ կիսել մտքերս, և իրենց հասուն գիտելիքի բերքից քաղելով՝ փորձեցի ցանել սեփական սերմերը: Եվ, իհարկե, տվեց լավ ընկերներ, ամուր կապ և ինչու չէ՝ հիասթափություններ, որոնցից երբեք չհուսահատվեցի, այլ շարունակեցի նայել առաջ: Ունեցել եմ ակտիվ ուսանողական կյանք՝ դրանք և՛ ընկերների հետ ուրախ հավաքույթներն էին, և՛ միջոցառումներն ու կազմակերպված խաղերը, որոնք էլ ավելի քաղցրացրին այդ տարիները: Անշուշտ, կարոտելու եմ, այս տարիները երբևէ ոչնչով չեմ փոխի. սա և՛ դաս էր, և՛ փորձ, և՛ կյանքի ճանապարհին թանկ պատգամ:

Մարիշ Գրիգորյան, Հայ բանասիրության ֆակուլտետ
- Այս 4 տարվա ընթացքում ծանոթացա յուրահատուկ աշխարհայացքով խելացի անհատականությունների հետ, ուղղակի վայելեցի խելացի և բանիմաց դասախոսների դասախոսությունները, սովորեցի մի քիչ ուրիշ կերպ մտածել և ավելի կատարելագործել ինձ: Տարիներն անցան շատ գունավոր ու հետաքրքիր, որովհետև ինքս եմ այդպես դարձրել: Առհասարակ, անգամ քննական խժդժանքների մեջ պետք է գույներ մտցնել, ոչ թե անընդհատ դժգոհել: Ինչպե՞ս կարելի է չկարոտել ամենասիրելի դասախոսիդ դասախոսությունները, երբ զանգը հնչելուն պես՝ սլանում էիր, որ առջևում նստես, ինչպե՞ս կարելի է չկարոտել արդեն թանկ ու հարազատ ընկերներիդ, որոնց հետ ամեն օր լուրջ հարցեր էիր քննարկում 202 լսարանում:

Սոնա Ներսեսյան, Արևելագիտության ֆակուլտետ
- Իմ ուսումնառությունը ոչ թե չորս, այլ հինգ տարի էր. մեկ տարին արտասահմանում եմ սովորել: Դրանք ինձ տվեցին երազանքների, նպատակների իրականացում, կյանքում ռեալիզացում: Տարիները հագեցած, պայքարով լի էին, անմոռանալի ու վառ: Ուսումս շարունակելու եմ մագիստրատուրայում, այնպես որ՝ համալսարանում ինձ չեն հասցնի կարոտել (ծիծաղում է):

Սիրանուշ Պողոսյան, Միջազգային հարաբերություններ ֆակուլտետ
- Սպասելիքներն իրականում ավելին էին, բայց ամեն դեպքում՝ մասնագիտական առումով ապագայում կիրառվող գիտելիքներ ստացել ենք: Ուսանողական տարիները հետաքրքիր են անցել, եղել են թե՛ լավ, թե՛ վատ օրեր: Այս տարիները տվեցին այն մարդկանց ու ընկերներին, որոնց կարիքը ցանկացած մարդ ունի: Հիշողություններս դեռ թարմ են, որոշ դրվագներ կարոտելու եմ:

Աննա Ղուլիջանյան, Միջազգային հարաբերություններ ֆակուլտետ
- Շատ վառ ու ակտիվ են անցել ուսանողական տարիները, համալսարանը տվեց կյանքի ընկերներ, շատ շնորհակալ եմ ԵՊՀ-ին: Հպարտ եմ իմ ընկերներով: Այս տարիները միշտ մնալու են մեր հիշողության մեջ: Ուսանողական տարիները կարոտելու եմ, դրանք յուրաքանչյուր մարդու համար այն թեթև, ուրախ ու լիաթոք տարիներն են, որոնք մնալու են հուշ:

 

Մարի Ռաֆյան

Այլ նորություններ
ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՆՇԵՑ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 14-ԱՄՅԱԿԸ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎՈՎ
ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը «ISTC - Innovative Solutions and Technologies Center»-ում այսօր կազմակերպել էր ամենամյա երիտասարդական գիտաժողով՝ նվիրված ֆակուլտետի հիմնադրման 14-ամյակին:
«ԲԱՐԲԱՌԸ ՄՈՐ ԿԱԹԻ ՊԵՍ ՔԱՂՑՐ Է. ԾՆՎԱԾ ՕՐԻՑ ՀԵՏԴ Է». ԲԱՐԲԱՌԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ
Հոկտեմբերի 28-ին ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների հետ այցելեցին Գյումրի՝ բարբառագիտական ուսումնասիրություններ կատարելու: