11.06.2018 | 
ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ ՊԱՏՄՈՒՄ ԵՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ՏԱՐԻՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ ՊԱՏՄՈՒՄ ԵՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ՏԱՐԻՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս ԵՊՀ շրջանավարտների մեծամասնությունը ավարտում է համալսարանը՝ մասնագիտական նոր որակներ ձեռք բերած: Մենք զրուցեցինք ԵՊՀ-ի 6 ֆակուլտետների՝ Արևելագիտության, Իրավագիտության, Ժուռնալիստիկայի, Միջազգային հարաբերությունների, Մաթեմատիկայի և մեխանիկայի լավագույն շրջանավարտների հետ:

Քսանամյա Սյուզի Կարապետյանն այս տարի ավարտել է ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի ակտուարական և ֆինանսական մաթեմատիկա բաժինը և ստացել բակալավրի որակավորում: Ընտրել է այս մասնագիտությունը, քանի որ վաղ տարիքից սիրել է մաթեմատիկան: «Դպրոց չէի գնում, բայց երկրաչափական պատկերներ էի նկարում, երեք տարեկանից սովորել եմ թվերը գրել, իսկ հետագայում ավելի խորությամբ ուսումնասիրելով` հասկացել եմ, որ մաթեմատիկան ոչ միայն առարկա է, այլև մտածողություն»: Սյուզին նշում է, որ ԵՊՀ ընդունվելն իր համար եղել է լավագույնը: «ԵՊՀ ընդունվել եմ ՝ համարելով այն լավագույնը, և համալսարանական չորս տարիների ընթացքում ձեռք եմ բերել  շատ ընկերներ թե՛ ուսանողական, թե՛ դասախոսական կազմից, ինչի համար էլ շատ ուրախ եմ»:

Սյուզին աշխատում է «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ» բանկի քարտային գործարքներում զեղծարարությունների կանխարգելման և մոնիտորինգ իրականացնող թիմում: «Կյանքի ցանկացած փուլում մարդ պետք է դասեր քաղի և պետք է փնտրի լավն ու դրականը, քանի որ դրանք ամեն տեղ կան»: Մեզ հետ զրույցում նա ասաց, որ պարտադիր պետք է շարունակի  կրթությունը և՛ մագիստրատուրայում, և՛  ասպիրանտուրայում: «Կարծում եմ՝ կրթությունը պետք է լիարժեք լինի, չնայած կրթության համար պարտադիր պայման չէ հաճախել ֆիքսված դասաժամերի, այլ կարելի է զբաղվել ինքնակրթությամբ»: Սյուզին ապագա դիմորդներին խորհուրդ է տալիս, որ մինչ համալսարան գալը` սիրեն մասնագիտությունը. «Լավ մասնագետ դառնալու համար նախևառաջ պետք է սիրել մասնագիտությունը, իսկ հետագայում այն աշխատանքը, որով պետք է զբաղվես. միայն այդ դեպքում կատարած աշխատանքդ կլինի որակյալ, լիարժեք և անթերի»:

 

 

Սոնա Ներսեսյանը, ով ավարտել է Արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժինը, պատրաստվում է կրթությունը շարունակել նաև մագիստրատուրայում: Նա այն բացառիկ ուսանողուհիներից է, ով մեկ տարի սովորել է Քուվեյթում: «Կյանքիս ամենաճիշտ որոշումներից մեկն էր Արևելագիտական ֆակուլտետի արաբագիտության բաժնում սովորելը: Ֆակուլտետն ինձ համար դարձել է տուն, և ես դժվարությամբ  համակերպվեցի բակալավրիատն ավարտելու մտքին»: 

Սոնան նշում է, որ Արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանի կողմից կազմակերպված միջոցառման շրջանակում  այցելել են   Շարժայի, Դուբայի, Շեյխ Զայեդի անվան համալսարաններ և  ծանոթացել են համալսարանական գործընթացին: «Արևելքն իմ տունն է, և ես շնորհակալ եմ ԵՊՀ-ին, որ հնարավորություն է ինձ տվել տեսնելու այդ մեծ և բովանդակ աշխարհը»: Սոնան  խանդավառված խոսեց այն դասախոսների մասին, ովքեր մեծ ներդրում են ունեցել ուսանողների անհատականության և ձևավորման գործում: «Սոնա Տոնիկյան, Հայկ Քոչարյան, Միքայել Հովհաննիսյան. նրանք հիմնովին փոխել են մեր անհատականությունը, նրանց շնորհիվ ես շատ ավելի ինքնավստահ եմ»:

 

 

 

Մարի Ավետիսյանը նույնպես Արևելագիտության ֆակուլտետի շրջանավարտ է: Ընտրելով թյուրքագիտությունը որպես մասնագիտություն՝ նա քաջ գիտակցել է իր առջև դրված պատասխանատվությունը: «ԵՊՀ-ն ինձ համար հետաքրքիր փորձություն էր, չորս տարիների ճանապարհ»: Մարին  նշում է, որ ԵՊՀ-ում անցկացվող շատ միջոցառումների մասին տեղեկացված չեն եղել և ակտիվ մասնակցություն չեն ցուցաբերել, բայց հույս է հայտնում, որ ապագայում այդ խնդրին լուծում կտրվի: Մարին ուզում է մագիստրատուրան շարունակել Ամերիկյան համալսարանի միջազգային հարաբերություններ և քաղաքագիտություն բաժնում, այնուհետև կրթությունը շարունակել արտասահմանում: Մարին ապագա դիմորդներին խորհուրդ է տալիս ճիշտ օգտագործել համալսարանական չորս տարիները: «Պետք է ձգտել առավելագույնին  և  որքան հնարավոր է դասախոսներից  քաղել գիտելիքների մեծ շտեմարան»:

 

 

 

Կարեն Մելիքսեթյանը և Պետիկ Մկրտչյանը ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի  լավագույն ուսանողներից են և այս տարի ավարտել են  համալսարանը: Նրանք պատմում  են, որ իրենց թիմն Աղվերանում մասնակցել է Գերմանական միջազգային համագործակցության ընկերակցության կողմից կազմակերպած «Քրեական դատավարության և քրեական իրավունք» դատախաղին, որին մասնակցել են Արցախի և Հայաստանի բուհերը, և ԵՊՀ-ն  զբաղեցրել է առաջին պատվավոր հորիզոնականը: Կարեն Մելիքսեթյանը, ով տիրապետում է չորս լեզուների, ասում է, որ նախապես իմացել է՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը լավ կադրեր է պատրաստում: «Մինչ համալսարան ընդունվելը՝ պատկերացումները վերացական էին, իսկ այժմ վստահաբար կարող եմ ասել, որ ԵՊՀ-ն ինձ տվել է ոչ միայն  տեսական ու պրակտիկ գիտելիքներ, այլև մարդկային որակներ: Այն հարցին, թե  ինչ է իր համար ԵՊՀ-ն՝ Կարենը պատասխանում է. «ԵՊՀ-ն ինձ համար կյանքի կարևոր ու անմոռանալի մասնիկ է, որի հետ կապը երբևէ չի ընդհատվելու»: Կարենը նշում է, որ կրթությունը հավանաբար շարունակելու է Մայր բուհում. դեռևս չի աշխատում, բայց առաջարկներ ստացել է: «Ավելի քան չորս գործատուի կողմից ստացել եմ առաջարկներ: Դիպլոմս ստանալուց հետո պարզ կլինի, թե որտեղ պետք է աշխատեմ»: Պետիկ Մկրտչյանը նշում է, որ լավ կրթություն ստանալու և լավ մասնագետ դառնալու համար է ընտրել ԵՊՀ-ն: «Մինչ համալսարան ընդունվելը՝ պատկերացումները եղել են հստակ և պարզ, ես եկել եմ համալսարանում կայանալու համար և  կարծում եմ՝ ճիշտ եմ գնահատել համալսարանի դերը: Եթե ուսանողը բարեխիղճ է և սովորել է՝ ճիշտ գնահատելով համալսարանի դերը, ապա նա կարող է ստանալ լիարժեք կրթություն»: Պետիկը ոգևորությամբ հավելում է, որ կրթությունը  շարունակելու է ԵՊՀ-ում: «Նվիրվել եմ համալսարանին և որոշել եմ իմ հետագա մասնագիտական գործընթացը կապել համալսարանի հետ: ԵՊՀ-ն ինձ համար ինքնահաստատման, ինքնադրսևորման համար հարթակ էր»: 

 

 

 

Տիգրան Զաքարյանը, ով բակալավրիատն ավարտելուց հետո ընդունվել է մագիստրատուրա,  նպատակ է ունեցել հայաստանյան պայմաններում ունենալ լավագույն կրթությունը: «Միջազգային հարաբերությունների ֆակուլտետն իմ նպատակն իրագործելու ամենաճիշտ ընտրությունն էր»: Տիգրանը սովորում է նաև Հայաստանի դիվանագիտական դպրոցում, որտեղ ընդունվելը բավականին բարդ է: «Համալսարանական տարիներին ամբարած գիտելիքները մեծ դեր ունեցան դիվանագիտական դպրոց ընդունվելու և սովորելու համար»,- ասաց նա: 

Տիգրանը հավաստիացնում է, որ իրենց ֆակուլտետում օտար լեզուների իմացությունը լավ հիմքերի վրա է դրված: «Գերմաներենի իմացության շնորհիվ ես կարողացա Գերմանիայում Հայաստանի դեսպանատանն անցնել ուսումնական պրակտիկա: Սովորելու տարիներին մեծ ձեռքբերում էր նաև ՀՀ արտգործնախարարությունում ուսումնական պրակտիկան անցնելը»:

Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում ուսումնասիրում են նաև արևելյան լեզուներ՝ չինարեն, ճապոներեն: «Օտար լեզուների իմացությունն անհրաժեշտություն է, իսկ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում արևելյան լեզուների դասավանդումը մեծ ձեռքբերում էր: Չինացի դասախոսը դասավանդում է չինարեն. Հայաստանում  սա քիչ տեղերում է հնարավոր: Այսինքն՝ հնարավորությունը բոլորի համար ստեղծված է,  ով ցանկանա, ապա անպայման կքաղի առավելագույնը»: Տիգրանը հպարտությամբ ասում է, որ իրենց դասավանդել են իրենց ոլորտում գերազանց գիտելիքներով հարուստ մարդիկ, բարձր գիտական կոչում ունեցող պրոֆեսորադասախոսական կազմ: «ԵՊՀ-ն ինձ համար Հայաստանի Մայր բուհն է, որը եղել և մնում է Հայաստանում կրթություն ստանալու լավագույն օջախը, և եթե հնարավորություն ունենայի դպրոցն ավարտելուց հետո նորից ընդունվելու, ապա վստահ եմ, որ կընդունվեի ԵՊՀ»:

 Տիգրանը շուտով կավարտի Հայաստանի դիվանագիտական դպրոցը: «Հուսով եմ, որ որպես դիվանագետ ավարտելուց հետո կաշխատեմ Արտքին գործերի նախարարությունում, նաև ցանկանում եմ հեռակա ուսուցմամբ շարունակել ուսումս ասպիրանտուրայում և համատեղել աշխատանքի հետ»:

Ռոզա Անտոնյանը ևս ավարտել է Միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, նա ևս սովորում է Դիվանագիտական դպրոցում: Ռոզան կարծել  է, որ համալսարանն իր համար լինելու է հարթակ մասնագիտական գիտելիքների և հմտությունների ձեռքբերման համար: «Ձեռքբերում  եմ համարում եմ այն, որ ինձ բախտ վիճակվեց  շփվելու այն մարդկանց հետ, ովքեր  շատ բան ուվեցին. թե՛ գիտելիք, թե՛ աշխարհայացք»: 

 

 

Նելլի Խաչատրյանը ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհի է, ով վերջերս  է ստացել բակալավրի որակավորում: «Ես ուրախ եմ, որ սովորել եմ Ժուռնալիստիկայի ֆակուլտետում: Վերջին դեպքերը ցույց տվեցին, որ լրագրողները կարող են բարձունքի հասնել:  Սպասելիքներս արդարացել են, քանի որ վերցրել եմ դասախոսների տված այն բոլոր բանալիները, որոնք անհրաժեշտ էին գիտելիք ստանալու համար»:

 

 

Նելլին որոշել է զբաղվել հեռուստատեսային լրագրությամբ և ապագա դիմորդներին խորհուրդ է տալիս լավ ուսումնասիրել լրատվադաշտը: «Երբեք պետք չէ տրվել հոսանքներին, պետք է ունենալ սեփական դեմքը, տեսակետը, վստահորեն ասում եմ՝ ֆակուլտետն ավարտելուց հետո կայանում են այն մարդիկ, ովքեր ունեն սեփական խոսք, տեսակետ, գրելաոճ»,- հավելում է նա: 

 

 

Անգին Խաչատրյան