Օլիմպիադան, որը նվիրված է եղել Արիստոտելի համալսարանի հիմնադրման 90-ամյակին, կազմակերպել են Պոնտական երիտասարդության համաշխարհային կորդինացիոն կոմիտեն և Սալոնիկի Արիստոտելի անվան համալսարանը: Այն անցկացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով հունական ազգային հանձնաժողովի հովանու ներքո: Մասնակցել են արտերկրում ապրող 18-25 տարեկան ուսանողներ և երիտասարդներ, ովքեր Հունաստանում չեն գտնվել ընդհանուր հաշվարկով 3 ամսից ոչ ավելի: Առաջին փուլում մասնակիցները մրցել են տեղային մակարդակով՝ հանձնելով Արիստոտելի համալսարանի նոր հունարենի դպրոցի կողմից պատրաստված քննությունը:
Քննություններն անցկացվել են ԱՄՆ-ի, Ուկրաինայի, Ռուսաստանի, Մոլդովայի, Ավստրալիայի, Ադրբեջանի, Վրաստանի, Գերմանիայի և Հայաստանի համալսարաններում: Հաջորդ փուլ են անցել 14 մասնակիցներ, որոնց թվում է եղել նաև ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի Նարինե Հակոբյանը:
Երկրորդ փուլ անցած մասնակիցները հանդիպել են Սալոնիկում, որտեղից ուղևորվել են Արիստոտելի համալսարանի ճամբար: Այնտեղ անցկացվել են նոր հունարենի դասընթացներ: Դասախոսությունները վարել են Արիստոտելի համալսարանի առաջատար մասնագետները: Կազմակերպվել են քննարկումներ, փորձի փոխանակում և այլն:
Միջազգային օլիմպիադայի փակումը տեղի է ունեցել սեպտմեբերի 3-ին: Առաջին տեղը գրավել է Ուկրաինան ներկայացող 23-ամյա Աննա Վիննիկը, երկրորդ տեղում Հայաստանը ներկայացնող 20-ամյա Նարինե Հակոբյանն էր, ով հաղթողին զիջում էր ընդամենը 1 միավորով: Երրորդ տեղում կրկին Ուկրաինայի ներկայացուցիչն էր, 23-ամյա Վալենտինա Օլեյնիկը: Հաղթողները պարգևատրվել են հավաստագրերով և դրամական միջոցներով:
ԵՊՀ ուսանողուհին մեզ հետ զրույցում նշեց, որ ծրագրին մասնակցելուց առաջ մեծ սպասելիքներ է ունեցել. «Մասնակցելով այս մրցույթին՝ հասկացա, որ հնարավորություն կա մագիստրատուրան շարունակելու հենց այդ ուղղությամբ: Հունարեն լեզուն ուսումնասիրում եմ արդեն երեք տարի. այն աշխարհի հնագույն լեզուներից է և լեզվաբանի համար մեծ արժեք ունի: Կարևոր է մասնակցել նմանաբնույթ միջոցառումներին, քանի որ և՛ լեզվի մակարդակն ես ստուգում, և՛ կիրառում այն գործնականում, և՛ շփվում լեզվի կրողների հետ»: