04.07.2018 | 
Հասարակություն
«ԳՐԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԸ ԿՍՏԵՂԾԵՆ ԺԱՄԱՆԱԿԸ, ԱՅԼ ՈՉ ԹԵ՝ ԺԱՄԱՆԱԿԸ ԳՐԱԿԱՆ ԳՈՐԾԵՐ».ԳՐԻԳՈՐ ՊԸԼՏԵԱՆ
«ԳՐԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԸ  ԿՍՏԵՂԾԵՆ  ԺԱՄԱՆԱԿԸ, ԱՅԼ ՈՉ ԹԵ՝ ԺԱՄԱՆԱԿԸ  ԳՐԱԿԱՆ ԳՈՐԾԵՐ».ԳՐԻԳՈՐ  ՊԸԼՏԵԱՆ
Այսօր ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում տեղի ունեցավ հանդիպում սփյուռքահայ գրող, փիլիսոփա, գրականագետ Գրիգոր Պըլտեանի հետ:

Գրիգոր Պըլտեանը  ծնվել  է 1945 թ.-ին Բեյրութում։ Նախնական կրթությունը ստացել է «Թորգոմյան» վարժարանում, ապա սովորել է  «Նշան Փալանճյան» ճեմարանում, որն ավարտել է 1964 թ.-ին։ Հետագայում Գրիգոր Պըլտեանը փիլիսոփայություն է սովորել Բեյրութի «Էքօլ տէ Լէթր» հաստատությունում։ 1967-ին մեկնել  է Փարիզ և  փիլիսոփայություն ուսումնասիրել  Սորբոնի համալսարանում։ Իսկ 1978 թ.-ին սկսել է հայոց լեզու և գրականություն դասավանդել  Փարիզի արևելյան լեզուների ուսումնական հաստատությունում։

 

 

 

Գրիգոր Պըլտեանը շուրջ քսան տարի Լիոնի աստվածաբանական համալսարանում դասավանդել  է գրաբար և մատենագիտություն ։

 

Հանդիպում-զրույցի ընթացքում ներկաները հյուրին ուղղեցին մի շարք հարցեր, որոնք վերաբերում էին ամենատարբեր թեմաներին՝ «աղետի» գրականությանը, գրական ճաշակին, գրաքննությանը և այլն:

 

Խոսելով իր հայտնի «Հայկական ֆուտուրիզմ» ուսումնասիրության մասին՝ Գրիգոր Պըլտեանն ասաց, որ գրքի ստեղծման համար իրեն ոգեշնչել է իտալացի մի գրաքննադատ, որը թեմային անդրադարձել էր ոչ թե գրքի, այլ հոդվածի միջոցով:

 

Գիրքը գրելու ընթացքում ամենամեծ մարտահրավերը եղել է համապատասխան նյութեր և աղբյուրներ գտնելու խնդիրը: «Մամուլի ուսումնասիրությունն այդ ժամանակ շատ կարևոր առաջադրանք էր ինձ համար,-ասաց Գրիգոր Պըլտեանը ,- որը  հետագայում գրքի ստեղծման ամենակարևոր աղբյուրներից մեկը դարձավ: Ուսումնասիրությունների ընթացքում  հիմանական առավելությունը տվել եմ մամուլին՝ որպես ժամանակն արտացոլող հիմնական միջոցի: Գրքերն այդ իմաստով ծպտյալ են,  հատկապես սովետական պատմության ժամանակ, որոնցից շատ բան չես կարող հայթայթել»:

 

Անդրադառնալով «աղետի» գրականությանը և փիլիսոփայությանը՝ Գրիգոր Պըլտեանը նշեց, որ աղետը որպես քաղաքական կատեգորիա և որպես գրական թեմա բոլորովին տարբեր ձևակերպումներ ունի:

Խոսելով թեմաների ընտրության և գրական տեքստերի հաջողվածության մասին՝ Գրիգոր Պըլտեանը նշեց, որ դրանք արտացոլում են ժամանակի խնդիրները, որոնք գրական տեքստերն արժեքավոր են դարձնում: «Գրական գործերը կստեղծեն ժամանակը, այլ ոչ թե՝ ժամանակը կստեղծի  գրական գործեր»,- ավելացրեց Գրիգոր Պըլտեանը:

 

 

 

 Գրական գործերի կարևոր հատկանիշներից է նաև գեղագիտական հաճույքը, որը յուրաքանչյուր ընթերցող պետք է ստանա իր կարդացած տեքստից, այստեղ արդեն լուծվում են նաև այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝ արդյո՞ք պետք է գրական տեքստը մարդկանց ճաշակին հարմարեցնել , ժարգոնային արտահայտություններ օգտագործել և այլն:

 

Հանդիպման վերջում ներկաները շնորհակալություն հայտնեցին հյուրին  հնչեցված բոլոր հարցերին մանրամասն պատասխանելու համար:

Այլ նորություններ
«ԱՌԱՅԺՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄՐ Է  ՀԱՅԿԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀԱՐՑԵՐՈՒՄ». ԹՈՒՐՔԱԳԵՏ ԱՐԻ ՇԵՔԵՐՅԱՆ
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում hուլիսի 9-ից մեկնարկել է ամառային դպրոցը, որի առաջարկած դասընթացների շրջանակում ուսանողները հնարավորություն ունեն բարելավվելու առօրյա-խոսակցական թուրքերենը, ինչպես նաև սովորելու օսմաներեն:
ԵՊՀ ԸՆԴՈՒՆՎԵԼՈՒ ՇԱՏ ՀԻՄՆԱՎՈՐ ՊԱՏՃԱՌ
Ինֆոգրաֆիկայի տեսքով ներկայացնում ենք, թե ՀՀ կառավարության անդամներից քանի տոկոսն են կրթությունը ստացել ԵՊՀ-ում և որ ֆակուլտետներում: