31.08.2021 | 
Կրթություն, Հասարակություն
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ԴԻՄԱՎՈՐՈՒՄ Է ՆՈՐԵԿՆԵՐԻՆ. «ԱՌԱՋԻՆԿՈՒՐՍԵՑԻՆԵՐԻ ԻՐԱԶԵԿՄԱՆ» ԾՐԱԳԻՐ ԵՊՀ-ՈՒՄ
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ԴԻՄԱՎՈՐՈՒՄ Է ՆՈՐԵԿՆԵՐԻՆ. «ԱՌԱՋԻՆԿՈՒՐՍԵՑԻՆԵՐԻ ԻՐԱԶԵԿՄԱՆ» ԾՐԱԳԻՐ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ ուսանողական խորհուրդն օգոստոսի 30-31-ն իրականացնում է արդեն ավանդույթ դարձած «Առաջինկուրսեցիների իրազեկում» ծրագիրը։

Ծրագրի ընթացքում առաջին կուրսի ուսանողներն այցելում են Երևանի պետական համալսարան, ուսանողական խորհրդի անդամները նրանց ծանոթացնում են ուսումնառության համար անհրաժեշտ հմտություններին, իրազեկվում իրենց պարտականությունների և իրավունքների մասին։

 


Երկու օր շարունակ ԵՊՀ գլխավոր, 6-րդ (Սև շենք) և 8-րդ մասնաշենքերում Ուսանողական խորհրդի անդամները դիմավորում են ուսանողներին և երկու փուլով ներկայացնում համալսարանում ուսումնական գործընթացը։


ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի մեծ դահլիճում այսօր ուսանողներին ողջունեց ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանը։ Նա առաջինկուրսեցիներին շնորհավորեց նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ:

 


««Առաջինկուրսեցիների իրազեկում» ծրագրի հիմնական նպատակն է օգնել ուսանողին հնարավորինս արագ ներգրավվել ուսումնական գործընթացին: Այն բաղկացած է երկու մասից. առաջին հատվածում ուսանողներին կներկայացնենք այն անհրաժեշտ տեղեկատվությունը, որը հնարավորություն կտա ուսանողին իրազեկ լինելու և ավելի հեշտ ինտեգրվելու ուսանողական առօրյային, երկրորդ մասում կկազմակերպվի շրջայց համապատասխան ֆակուլտետներ»,- ասաց նա։


ԵՊՀ ուսանողական խորհրդի անդամներ Խաչիկ Աբաջյանը և Գոհար Ավագյանը ներկայացրին ԵՊՀ-ում ուսանելու համար առաջնային տեղեկատվությունը։


Խ․ Աբաջյանը, մինչև իր հիմնական ասելիքին անցնելը, առաջարկեց խաղ խաղալ, որի ընթացքում առաջինկուրսեցիները ստուգեցին ԵՊՀ-ի մասին իրենց ունեցած գիտելիքները։ Խաղի ընթացքում բոլոր հարցերին ճիշտ և արագ պատասխանած ուսանողը ստացավ ՈՒԽ տարբերանշանով բաժակ։

 


Խ.Աբաջյանը խոսեց կրեդիտային համակարգի, ուսումնական գործընթացի և ծրագրերի մասին, իսկ Գոհար Ավագյանը ներկայացրեց ուսանողների իրավունքներն ու պարտականությունները, տեղեկացրեց գրադարանից օգտվելու մասին, ինչպես նաև անդրադարձավ ուսանողական նպաստներին ու զեղչերին։

 


Այնուհետև նորեկներն այցելեցին իրենց ֆակուլտետներ, տեղում ծանոթացան ֆակուլտետի կառուցվածքին, ուսումնական ծրագրերին, դեկանի և ՈՒԽ նախագահի հետ՝ նրանց հղելով իրենց հուզող հարցերը։

 

Այլ նորություններ
 «YSU-KRISP AI LAB» ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ «AI CONF ARMENIA 2022» ԿՈՆՖԵՐԱՆՍԸ ԵՊՀ-ՈՒՄ
«YSU-Krisp AI Lab» («ԵՊՀ-Կրիսպ ԷյԱյ լաբ») գիտակրթական հետազոտական կենտրոնը մեծ նվաճում է ՀՀ-ում արհեստական բանականության ոլորտի զարգացման գործում։ Կենտրոնի բացման շրջանակում կազմակերպվեց նաև «AI Conf Armenia 2022» խորագրով կոնֆերանս, որին մասնակցում էին ոլորտի հմուտ մասնագետներ։
ԵՊՀ-ՈՒՄ ԿՈՐԵԵՐԵՆ Է ԴԱՍԱՎԱՆԴՈՒՄ ՋՈՆ ՄՈՒՆԻՆ. ԸՆԴԼԱՅՆՎՈՒՄ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԸ
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոս Ջոն Մունին 2020 թվականի սեպտեմբերից դասավանդում է կորեերեն։ Դասախոսի հետ զրուցել ենք համալսարանում ծավալած գործունեության, կրթական միջավայրի և այլ հարցերի շուրջ։