23.05.2018 | 
Կրթություն
«ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՈՒԶՈՒՄ Է ԱՊՐԵԼ ՈՒ ԱՐԱՐԵԼ ԻՐ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ, ՍԱԿԱՅՆ ԴՐԱ ՀԱՄԱՐ ԲԱՎԱՐԱՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ ԵՆ ՀԱՐԿԱՎՈՐ». ՖԻԶԻԿՈՍ ԳՈՌ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ
«ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՈՒԶՈՒՄ Է ԱՊՐԵԼ ՈՒ ԱՐԱՐԵԼ ԻՐ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ, ՍԱԿԱՅՆ ԴՐԱ ՀԱՄԱՐ ԲԱՎԱՐԱՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ ԵՆ ՀԱՐԿԱՎՈՐ». ՖԻԶԻԿՈՍ ԳՈՌ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի միջուկային ֆիզիկայի ամբիոնի 2-րդ կուրսի մագիստրանտ Գոռ Նիկողոսյանն այն տաղանդավոր երիտասարդներից է, ով չի բավարարվում համալսարանական կրթությամբ և համագործակցում է միջազգային գիտական առաջատար կառույցների հետ:

Գոռը ԵՊՀ է ընդունվել 2012 թ.-ին, այսօր աշխատում է մագիստրոսական աշխատանքի վրա, իսկ առաջիկայում պատրաստվում է ուսումը շարունակել ասպիրանտուրայում: Ուսումնառության ողջ ընթացքում նա ուսումնասիրել է տեսական ֆիզիկայի ճյուղ հանդիսացող տեսական միջուկային ֆիզիկայի ոլորտը:

 

ԵՊՀ-ի և Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի միջև առկա համագործակցության համաձայնագրի շրջանակում երիտասարդ ֆիզիկոսը մեկ տարի աշխատել է միջկառավարական գիտական հետազոտական կազմակերպությունում: Գիտական քաղաք Դուբնայում գործող ինստիտուտում, որտեղ հետազոտվում են տեսական ֆիզիկայի տարբեր խնդիրներ, Գոռը զբաղվել է հիմնարար գիտության՝ միջուկային ֆիզիկայի տեսության ուսումնասիրմամբ:

 

«Հիմնականում ուսումնասիրել եմ և հիմա էլ հետազոտում եմ ատոմային միջուկներում զույգային կոռելացիաների առկայությունը: Ինստիտուտի առաջատար գիտաշխատողների հետ կազմվել է մի տեսություն, որը բացատրում է դրանց գոյությունն ատոմային միջուկներում»,- պատմում է Գոռ Նիկողոսյանը և հավելում, որ տվյալ ուսումնասիրությունները հետագայում թույլ կտան կիրառական նշանակությամբ օգտագործել զույգային կոռելացիաների գործունեությունը:

 

«Ներկայումս միջուկային բժշկությունը շատ արագ է զարգանում, քանի որ համարվում է գիտության ամենաարդյունավետ ճյուղերից մեկը: Ընդհանրապես տեսական միջուկային ֆիզիկայի բոլոր խնդիրներն էլ հետագայում կիրառական նշանակություն են ստանում՝ բժշկության մեջ, էներգետիկայի ոլորտում: Իսկ մեզ համար դա առավել կարևոր է դառնում, քան որ ատոմակայան ունենք»,- ասում է Գոռը:

 

Համալսարանականն ասպիրանտուրայում նույնպես պատրաստվում է աշխատել այդ նշված ուղղությամբ, քանի որ վստահ է՝ տեսական ֆիզիկայի ոլորտում լուծումներ պահանջող խնդիրը շատ են:

 

«Ասպիրանտուրայի ընթացքում շարունակելու եմ համագործակցել Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի հետ, մասնավորապես նախատեսում եմ մասնակցել գիտաժողովների, ամառային դպրոցների, որոնք թույլ են տալիս ծանոթանալու ժամանակակից գիտությանը, տեղեկանալու գիտական աշխարհի վերջին նորություններին ու իրադարձություններին: Պետք է ասել, որ հայ երիտասարդներն իրենց բավականին լավ են դրսևորում միջազգային կառույցներում, ինչը, անկասկած, գովելի է և պարտավորեցնող»,- նշում է Գոռը:

 

Նա շեշտեց նաև, որ ֆունդամենտալ գիտության հանդեպ հետաքրքրության պակասը գիտության վերաբերյալ սխալ պատկերացման արդյունք է. «Այո՛, ֆունդամենտալ գիտության հանդեպ հետաքրքրության պակաս կա, և այս խնդիրն առկա է  ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում: Պատճառները շատ են՝ ոլորտի ոչ բավարար ֆինանսավորում, կիրառական գիտությունների՝ մասնավորապես տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների արագ զարգացում և այլն: Ընդհանրապես, չի կարող գիտությունը՝ այն էլ կիրառական հատվածը, գոյատևել ու զարգանալ առանց ֆունդամենտալ տեսության: Այդ մասին են վկայում պատմությունը և մարդկության փորձը: Հանրությունը գիտնականներից պահանջում է կիրառական արդյունք, սակայն դրա համար հիմք ու տեսություն է պետք»:

 

Գ. Նիկողոսյանի կարծիքով, յուրաքանչյուր երիտասարդ ուզում է ապրել ու արարել իր հայրենիքում, սակայն դրա համար բավարար պայմաններ են հարկավոր. «Կարծում եմ՝ Հայաստանում գիտությամբ զբաղվելու խնդիր կա. պետք է հնարավորություն ունենաս անընդհատ շփվելու ու հաղորդակցվելու աշխարհի գիտական հանրության ներկայացուցիչների հետ: Իհարկե, Հայաստանում մնալու ցանկությունս մեծ է, սակայն տեսնում եմ, որ ուսանողների և պետության մոտ հետզհետե պակասում է հետաքրքրությունը դեպի գիտությունը: Անկեղծ ասած՝ չեմ պատկերացնում, թե Հայաստանում նստելով ու սահմանափակվելով՝ ինչպե՞ս կարելի է զբաղվել ժամանակակից գիտությամբ: Վստահ չեմ, որ այդ պարագայում լուրջ առաջընթացներ կունենամ, սակայն կանեմ հնարավոր ամեն ինչ, որպեսզի մնամ հայրենիքում»:

 

Վարդուհի Զաքարյան

Այլ նորություններ
5 ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ, ՈՐ ԽՈՐՀՈՒՐԴ Է ՏԱԼԻՍ ՆՎԱՐԴ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ
«Եթե ես լինեի ուսանող և ունենայի այսպիսի լայն-լայն-լայն ընտրության հնարավորություններ, ամենայն հավանականությամբ, կմնայի հասարակագիտության ոլորտում»:
ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ՝ ԵՊՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
Այսօր ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը Պալեանների անվան դահլիճում հյուրընկալել էր «Երևակ» կրթահամալիրի ավագ դասարանների աշակերտներին: