Ռուս գրող, Երեւանի պատվավոր քաղաքացի, ԵՊՀ պատվավոր դոկտոր, մի շարք մրցանակների դափնեկիր Անդրեյ Բիտովի այս խոսքերը մի քիչ մարգարեական էին հնչում այն տարիներին, երբ նա գրում էր «Հայաստանի դասերը»: Գրքի հրատարակությունից անցել է ուղիղ 40 տարի: Եվ գրքի հեղինակը դարձյալ Հայաստանում է: «Հրանտ Մաթեւոսյան» մշակութային բարեգործական հիմնադրամի եւ ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի հրավերով մեր երկրում գտնվող հայասեր արձակագիրը չմերժեց Երեւանի պետական համալսարանի ուսանողների հետ հանդիպման հրավերը:
«Հիմա շատ բան է փոխվել. այլ երկիր է, ժամանակաշրջան, այլ քաղաքականություն եւ տնտեսություն, նույնիսկ հազարամյակն է այլ: Եվ Անդրեյ Բիտովը` ռուս գրականության «պատրիարքը», իր վերջին գրքերում եւ մտորումներում եւս այլ է, բայց ոճի եւ լեզվի նույն նուրբ զգացողությամբ, ժամանակի ընթացքում հղկված սուր մտքով, բայց այլ մարդ, որ այլ գրքեր է գրում` գրականության մեջ նորանոր հարթություններ ստեղծելով»,- ողջույնի խոսքում նկատեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:
Անդրեյ Բիտովի տրամադրությունը փիլիսոփայական էր, հուշերը` շատ, ասելիքը` հարուստ, խոսքը` ուսանելի: Պատմում էր, թե ինչպես է առաջին անգամ` 43 տարի առաջ, եկել Հայաստան, եւ հիմա արդեն կորցրել է հաշիվը, թե դրան հաջորդող տարիներին քանի անգամ է այցելել մեր երկիր: Բայց ոչ միայն այցելել է, այլ սիրել է Հայաստանը, եւ ինչպես բնորոշեց ԵՊՀ դասախոս Ռոման Շուբինը, «բացել է այն գրքի պես, կարդացել եւ գրել»:
«Ինչ երիտասարդ եւ առողջ էի այն ժամանակ, երբ տեսա Հայաստանը եւ գրեցի: Երբ մարդիկ ասում են, թե ինչ-որ ժամանակ ավելի լավ էր կամ ավելի վատ, ստում են, քանի որ միշտ լավն է այն ժամանակաշրջանը, երբ դու երիտասարդ ես: Հիմա, օրինակ, ես այդ գիրքը չէի գրի: Ամեն ինչ պետք է անել իր ժամանակին»,- ասաց Անդրեյ Բիտովը: Ժամանակի հարաբերականության մասին մտորումները հանգիստ չեն տալիս գրողին: Նա մի քիչ սրտնեղում է, որ «այսքան երկար է ապրել». «Իմ տարիքում Լերմոնտովը 3 անգամ կապրեր, Պուշկինը` երկու: Հետո մտածում եմ, որ նրանք գուցե ինձնից երկու եւ երեք անգամ արագ են ապրել…»:
Անդրեյ Բիտովը ծնվել է 1937 թվականին Լենինգրադում: Բլոկադայի ժամանակ տարհանվել է Ուրալ, հետո` Տաշքենդ: 1955-62 թթ., բանակում ծառայելու ընդմիջումով, սովորել է Լենինգրադի լեռնային ինստիտուտում: Գրել սկսել է 1956 թվականից: Պատմվածքների առաջին ժողովածուն` «Մեծ գունդ» վերնագրով (1963 թ.), խստորեն քննադատվել է: Սակայն Բիտովի գրքերը շարունակում էին լույս տեսնել: 1979 թ-ին նա դառնում է «Մետրոպոլ» չգրաքննվող ալմանախի հիմնադիրներից մեկը:
Նրա գործերի տպագրությունը ԽՍՀՄ-ում արգելվում է, եւ դա Բիտովի համար նոր հորիզոններ է բացում` արտասահման, դասախոսություններ, հասարակական գործունեություն… 1985-ից հետո նա դարձյալ սպասված հեղինակ է դառնում ԽՍՀՄ-ում: Հանդիպման ավարտին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը ռուս գրող Անդրեյ Բիտովին շնորհեց ԵՊՀ ոսկե հուշամեդալ` երկու ժողովուրդների մշակութային հարաբերությունների խորացման, ամրապնդման գործում անգնահատելի ավանդ ունենալու համար: