ԵՊՀ-ում անցկացվեց «Աշխատաշուկայի և բարձրագույն կրթության արդի փոխգործակցության խնդիրները» խորագրով հանրապետական գիտագործնական հանդիպում:
Հանդիպմանը մասնակցում էին հայաստանյան մի շարք բուհերի ղեկավարներ, կարիերայի հարցերով զբաղվող կառույցների պատասխանատուներ, ինչպես նաև բիզնես միությունների և պետական կառույցների ներկայացուցիչներ: Հավաքի նպատակն էր աշխատաշուկայում ուսանողների և շրջանավարտների մրցունակության հարցերի վերաբերյալ միջբուհական փոխգործակցության հեռանկարների ձեռքբերման և համալսարան-ձեռնարկություն համագործակցության խնդիրների քննարկումը:
«Տասը տարուց ավելի է՝ սրա մասին արդեն խոսում ենք, փորձում ենք ելքեր գտնել բուհ-ձեռնարկություններ փոխգործակցության զարգացման համար: 21-րդ դարի կրթությունն առանց դրա չի կարող գոյատևել: Լավ հասկանում ենք, որ աշխատաշուկան մեր հանրապետությունում դեռևս լավ զարգացած չէ, բայց մենք էլ մեղքի մեր բաժինն ունենք: Անհրաժեշտ է, որ գործարար աշխարհը բուհերին օգնի ոչ այնքան նյութապես, որքան մեթոդական առումով, ձեռք մեկնի նոր մասնագիտություններ ներմուծելու հարցում, օգնի դրանցով համապատասխան մասնագետներ պատրաստելու գործում և այլն»,- նշեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:
«Այս տարվանից փորձ ենք անում փոխել աշխատաշուկայի կարգավորման պետական քաղաքականությունը: Այսօր մեր բնակչության 1/3-ն աղքատ է, աշխատաշուկայում պահանջարկ-առաջարկի լուրջ անհամապատասխանություն կա, գործազրկության մակարդակը տատանվում է 17-18%-ի սահմաններում, իսկ երիտասարդների գործազրկության մակարդակը վաղուց հատել է 20%-ը, որը վտանգավոր ցուցանիշ է»,- հանդիպման ընթացքում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արայիկ Պետրոսյանը՝ հավելելով, սակայն, որ մյուս կողմից էլ աշխատաշուկայում կա որակյալ մասնագետների պակաս, որը չի հաջողվում համալրել:
ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանն էլ հյուրերին ներկայացրեց, թե վերջին տարիներին ԵՊՀ-ն ինչ աշխատանք է կատարել աշխատաշուկան բուհին մոտեցնելու ուղղությամբ:
«ԵՊՀ գիտխորհրդի կողմից ընդունվել է ձեռնարկությունների հետ համագործակցության հայեցակարգ, ստեղծել ենք նաև գիտխորհրդին կից ձեռնարկությունների հետ համագործակցությունն ապահովող մշտական հանձնաժողով, որը ղեկավարում է ռեկտորը, իսկ քարտուղարությունն իրականացնում է Շրջանավարտների և կարիերայի կենտրոնը: Ունենք նաև այլ ստորաբաժանումներ, որոնք գործի բերումով համագործակցում են ձեռնարկությունների հետ»,- նշեց պարոն Մարկոսյանը՝ տեղեկացնելով, որ ԵՊՀ-ում ավարտական փուլին է մոտեցել ձեռարկությունների հետ համագործակցության պորտալի ստեղծումը, որի իրականացվում է ԵՄ «Տեմպուս» ծրագրի «Cap4Com» նախագծի շրջանակում:
Ռուբեն Մարկոսյանը ներկայացրեց նաև ԵՄ «Տեմպուս» ծրագրի՝ «HEN-GEAR» նախագծի շրջանակում ստեղծված շրջանավարտների տվյալների գրանցման և ձեռներկությունների հետ գործակցության պլատֆորմը: Նորաստեղծ այս պորտալի միջոցով շրջանավարտներին հնարավորություն է ընձեռված գրանցվել համակարգում, և բուհի վարչական որոշ տվյալների հաստատումից հետո գրանցված գործատուները հնարավորություն կունենան որոնելու իրենց անհրաժեշտ մասնագետներին:
Հանդիպման ընթացքում տեղի ունեցավ նաև քննարկում. հավաքվածներից մի քանիսը ներկայացրին իրենց մտահոգությունները, բացերը, որոնք թույլ չեն տալիս զարգացնել նշված համագործակցությունը, ինչպես նաև առաջարկեցին կոնկրետ քայլեր:
Վերջում հայաստանյան 9 բուհերի՝ ԵՊՀ-ի, Երևանի պետական տնտեսագիտական, Հայաստանի պետական ճարտարագիտական, Երևանի Վ. Բրյուսով անվան պետական լեզվաբանական, Հայաստանի ամերիկյան, Հայաստանի ազգային ագրարային, Հայաստանի ճարտարապետության և շինարարության ազգային, Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական, Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանների՝ կարիերայի հարցերը համակարգող կառույցների միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր:
«Համագործակցության հիմնական շրջանակներն են ամենամյա հանրապետական միջբուհական աշխատանքի տոնավաճառի կազմակերպումը, գիտաժողովների, սեմինարների, խորհրդակցությունների իրականացումը, տեղեկատվության փոխանակումը և այլ ծրագրերի մշակումը: Քանի որ նախաձեռնողը ԵՊՀ-ն էր, ինչպես նաև հաշվի առնելով, որ այս տարի լրանում է ԵՊՀ հիմնադրման 95-ամյակը՝ 2014 թ-ի աշխատանքի հանրապետական տոնավաճառը կանցկացվի մեզ մոտ»,- նշեց ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի տնօրեն Լիլիթ Հակոբյանը: