16.06.2010 | 
Կրթություն
ԵՐԲ ԱՂԲԻՑ ԴՐԱՄ ԵՆ ՍՏԱՆՈՒՄ
ԵՐԲ ԱՂԲԻՑ ԴՐԱՄ ԵՆ ՍՏԱՆՈՒՄ
Այսօրվա քննարկման թեման երեւանյան աղբից գումար վաստակելու հայ-ճապոնական նախադեպն էր:

ԵՊՀ էկոլոգիական իրավունքի կենտրոնում այսօր կլոր սեղան- քննարկում էր: Հերթական էկոլոգիական թեման Նուբարաշենի աղբավայրում ճապոնական կազմակերպության կողմից իրականացվող գործընթացն էր, իսկ հիմնական բանախոսը` ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Արամ Գաբրիելյանը: Օբյեկտիվ պատճառներով կլոր սեղան-քննարկումն իրականում իր ձեւաչափով ավելի շատ տեղեկատվական սեմինարի նմանվեց:

 

 

Բնապահպանության նախարարության ներկայացուցիչը մանրամասն ներկայացրեց հայ-ճապոնական համագործակցության սկզբնավորման պատմությունը, համագործակցության իրավական եւ փաստաթղթային ողջ գործընթացն ու աշխատանքների ներկա փուլը: Նուբարաշենի աղբավայրի կենսագազի արտադրության սահմանափակմանն ուղղված ծրագիրն իրականացվում է Կիոտոյի արձանագրության շրջանակում: Ըստ այդմ` զարգացած երկրները պարտավորվում են կրճատել ջերմոցային արտանետումների քանակը: Զարգացող երկրները, որոնց թվում նաեւ Հայաստանն է, այս գործընթացում ոչ մի քանակական պարտավորություն չունի: Սակայն ստեղծված են զարգացած եւ զարգացող երկրների համագործակցության որոշակի մեխանիզմներ, որոնք էկոլոգիական փոխշահավետ համագործակցության հնարավորություն են տալիս: Դրանցից մեկը «Մաքուր զարգացման մեխանիզմն» է, որի շրջանակում էլ Նուբարաշենի աղբավայրի ծրագրի համատեքստում համագործակցում են Ճապոնիան եւ Հայաստանը: Մեխանիզմը թույլ է տալիս զարգացած երկրներին` այս դեպքում` Ճապոնիային, ներդրումներ անել եւ նվազեցնելով պարտավորություններ չունեցող երկրի արտանետումները` այդ նվազեցումը իրավաբանորեն վերագրել ներդրումներ կատարած երկրին: Դա օգնում է զարգացած երկրներին էկոլոգիական պարտավորություններն իրականացնել առանց իրենց երկրում լուրջ տնտեսական փոփոխությունների: Կիոտոյի արձանագրության ստեղծման առաջին իսկ օրվանից հայկական կողմը` ՀՀ բնապահպանության նախարարությունը ,մշակել էր շուրջ 2 տասնյակ ծրագրեր, որոնց շրջանակում կարելի էր համագործակցել զարգացած երկրների հետ: Նուբարաշենի աղբավայրում գոյացող մեթանն այրելու ու հնարավորության դեպքում դրանից նաեւ ջերմային էներգիա ստանալու ծրագրով հետաքրքրվել էին Ճապոնիայի 3 մասնավոր խոշոր ընկերություններ: «Ամեն ինչ շատ լավ էր, մինչեւ պայմանագրի ստորագրման բուն գործընթացը,- պատմում է Արամ Գաբրիելյանը,- Համաշխարհային բանկի, էկոնոմիկայի նախարարության եւ այլ տեղական եւ միջազգային գերատեսչությունների նկատմամբ ունեցած կասկածների արդյունքում որոշվեց կրճատել ճապոնական կողմին տրվող աղբավայրի տարածքը եւ թույլատրել միայն մեթանի այրումը, իսկ էներգիա ստանալու գործընթացը կասեցնել:

Արդյունքում համագործակցությունից հրաժարվեցին 3 կազմակերպություններից 2-ը»: Ի վերջո, կնքված պայմանագիրը ենթադրում է համագործակցություն միայն մեկ կազմակերպության հետ: Այս պահին արդեն իսկ արվել են առաջին մոնիթորինգները, թե գործընթացի արդյունքում որքան մեթան է այրվում: 8 ամսվա աշխատանքների արդյունքում այրվել է 12 հազար տոննա մեթան: «Գործում մնացած միակ կառույցի հետ մենք պայմանավորվել ենք ամեն դեպքում սկսել գործընթացը, իսկ իրական պատկերը ստանալուց հետո, երբ ձեռքի տակ լինեն ստացված արդյունքի փաստացի տվյալները, ավելի մեծ հնարավորություն կլինի նոր պայմանագիր կնքելու»,- նշում է

 

Բնապահպանության նախարարության ներկայացուցիչը` հույս հայտնելով, որ նոր պայմանագիրը կներառի այն հիմնական կետերը , որոնք կային ծրագրի նախնական տարբերակում: Արամ Գաբրիելյանը նշում է, որ այսօր ամբողջ աշխարհում մեծ տարածում է գտնում էկոլոգիան` նաեւ որպես տնտեսական շահույթի ստացման միջոց : Բանախոսը վստահ է` Հայաստանն ունի այս մեխանիզմներից օգտվելու լայն հնարավորություններ, պետք է միայն ճիշտ ձեւով եւ ճիշտ ժամանակին գործել:

Այլ նորություններ
ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԴԻՄՈՐԴՆԵՐԸ. ԵՊՀ-ՈՒՄ ԱՎԱՐՏՎԵԼ Է ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏԻ 2020-2021 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԵՐԻ ԱՌՑԱՆՑ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԸ
ԵՊՀ-ում հունիսի 15-ին ավարտվել է 2020-2021 ուսումնական տարվա դիմորդների դիմում-հայտերի առցանց ընդունման առաջին փուլը, որին հայտագրվել է 4060 դիմորդ:
ԵՊՀ-ՈՒՄ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԵՐՆ ԸՆԴՈՒՆՎՈՒՄ ԵՆ ԱՌՑԱՆՑ
ԵՊՀ գիտխորհրդի որոշմամբ մագիստրատուրայի ընդունելության հայտերն անհրաժեշտ է լրացնել առցանց: