Երեւանի պետական համալսարանի շրջանավարտների եւ կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ դեկտեմբերի 1-ին մեկնարկեց «Համալսարանական կրթությունը եւ կարիերայի կառուցման հեռանկարները» սեմինարների շարքը: Նորաստեղծ կենտրոնի հինմնական նպատակն է աջակցել ԵՊՀ շրջանավարտներին աշխատանք գտնելու հարցում:
Շուկայական տնտեսությանն անցնելուց հետո շրջանավարտներին հետագա աշխատանքով ապահովելու խնդիրը դարձավ լուրջ եւ առանցքային համալսարանի համար: Ի տարբերություն նախկինի, երբ խորհրդային պլանային տնտեսության համակարգում շրջանավարտները միանգամից աշխատանքի էին տեղավորվում, այսօր նրանք հիմնականում ստիպված են իրենց սեփական ջանքերի ու կապերի շնորհիվ աշխատանք գտնել:
Շրջանավարտների եւ կարիերայի կենտրոնի տնօրեն Քրիստինե Վարդանյանը շատ կարեւորեց մեր ժամանակներում աշխատաշուկայի ուսումնասիրության խնդիրը: «Կենտրոնը նախատեսել է կազմակերպել դասընթացներ, սեմինարներ, որոնք կխթանեն աշխատանքային համապատասխան փորձի ձեռքբերմանը, ինչն էլ իր հերթին կնպաստի շրջանավարտների շրջանում գործազրկության խնդրի նվազեցմանը»,- ասաց նա:
Կենտրոնն անցկացնելու է 7 սեմինար: «Կարիերայի փուլերի հաջորդականությունը եւ հաջողված կարիերայի գաղտնիքը» կոչվող սեմինարը հետագայում հնարավորություն կտա ուսանողներին, շրջանավարտներին ընդգրկել կազմակերպվելիք այլ միջոցառումների մեջ, նաեւ` շրջանավարտներին տալ այնպիսի գիտելիքները, որոնք, բազմաթիվ գործատուների հետ հանդիպումից հետո, թույլ կտան նրանց կողմնորոշվել աշխատաշուկայում:
Քիմիայի ֆակուլտետի էկոլոգիայի բաժնի ուսանող Էդգար Բադալյանը հետաքրքրված էր ծրագրով: «Ուզում եմ իմանալ, թե աշխատաշուկայի ուսումնասիրության եւ աշխատանքի ապահովման գործում ինչ նոր միտումներ կան: Ոչ միայն աշխատաշուկայի ձեւավորման, այլեւ ուսանողների տեղեկացվածության հետ կապված լուրջ եւ օգտակար գործ է անում այս կենտրոնը»:
Հրավիրվել էին բանախոսներ «Հայաստան - 2020» ծրագրից եւ Միջազգային հետազոտությունների եւ փոխանակման խորհրդից (IREX): Նրանք կարեւորեցին ուսանողների շրջանում կամավորական աշխատանքը, ամենօրյա ինքնակրթությունը, սեփական կարողությունները հնարավորինս սպառիչ ներկայացնելու հմտությունը եւ, որ ամենակարեւորն է, այն հանգամանքը, երբ յուրաքանչյուր մարդ լավագույն մասնագետ է իր ոլորտում:

ԵՊՀ ղեկավարության և Արհմիության միջև ստեղծված լարված իրավիճակի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար զրուցել ենք ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար պարոն Գեղամ Գևորգյանի հետ:
Ամեն տարի՝ դեկտեմբերի 11-ին, նշվում է Լեռների միջազգային օրը, որն այս տարի կրում է «Լեռները կարևոր են երիտասարդության համար» կարգախոսը: ԵՊՀ «Ապառաժ» լեռնագնացության ակումբի կողմից այսօր կազմակերպվել է միջոցառում՝ նվիրված տոնական օրվան: