28.12.2018 | 
Գիտություն
«ՄԵՐ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ԽՆԴԻՐԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱՅՆԱՑՈՒՄԸ». ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ ՀԱՄԼԵՏ ԱՎԵՏԻՍՅԱՆ
«ՄԵՐ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ԽՆԴԻՐԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱՅՆԱՑՈՒՄԸ». ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ ՀԱՄԼԵՏ ԱՎԵՏԻՍՅԱՆ
2018 թվականին ակադեմիական ձեռքբերմամբ աչքի ընկավ նաև ԵՊՀ ուժեղ դաշտերի ֆիզիկայի կենտրոնի տնօրենը:

Պարոն Ավետիսյանի «Ռելյատիվիստիկ ոչ գծային էլեկտրադինամիկա. քվանտէլեկտրադինամիկական վակուումը և մատերիան գերհզոր ճառագայթային դաշտերում» անգլերեն լեզվով աշխատությունն արժանացավ պետական մրցանակի: Վերոնշյալ աշխատանքը ճշգրիտ և բնական գիտությունների բնագավառում պետական մրցանակի ներկայացված միակ աշխատությունն է եղել:

Այս իրադարձությունը տարվա ամենակարևոր ձեռքբերումներից մեկը համարելով՝ մենք զրուցեցինք ԵՊՀ պրոֆեսոր Համլետ Ավետիսյանի հետ:



- Պարո՛ն Ավետիսյան, եթե սկսենք սկզբից, Հայաստանում ե՞րբ սկսվեցին ուսումնասիրություններ տարվել ոչ գծային էլեկտրադինամիկայի բնագավառում:

Մինչ 60-ական թվականներն այս ոլորտում կատարվող ուսումնասիրությունները հիմնականում գծային էլեկտրադինամիկային էին վերաբերում:

Այս թեման մեզ մոտ սկսել է զարգանալ դեռևս անցյալ դարի 60-70-ականներին: 1967 թ. Հայաստանում առաջին անգամ հիմնադրվեց մասնիկների արագացուցիչը՝ «ԱՐՈՒՍ»-ը. անվանումը ծագել է ռուսերեն «Армянский ускоритель»՝ «Հայկական արագացուցիչ» բառակապակցության հապավումից: Արագացուցիչն սկսել է գործարկվել Արտեմ Ալիխանյանի ղեկավարությամբ։ Ճիշտ է, այն ժամանակ երկրում ստեղծված պայմանները բարենպաստ չէին «ԱՐՈՒՍ»-ի արդյունավետ գործունեության համար, բայց այն մյուս արագացուցիչների նախահայրը դարձավ:

«ԱՐՈՒՍ»-ը հիմք դարձավ նոր սերնդի լազերային արագացուցիչների ստեղծման համար: Հետագայում գերմանական «ԴԵԶԻ» (DESY) արագացուցչային կենտրոնի հետ համագործակցության արդյունքում բացվեց «ԱՐԵԱԼ» լազերով ղեկավարվող ֆոտոէլեկտրոնային ԳԲՀ թնդանոթով գծային արագացուցիչը:

- Այս թեմայի մասին Ձեր աշխատությունն արժանացել է պետական մրցանակի: Ինչպե՞ս որոշեցիք Ձեր գիտական հոդվածները գիրք դարձնել:

Նախ պետք է նշեմ, որ սա ռելյատիվիստիկ ոչ գծային էլեկտրադինամիկային վերաբերող իմ երկրորդ մենագրությունն է, իսկ առաջինը լույս է տեսել դեռևս 2005 թվականին:
Տարբեր գիտական ամսագրերում վերջին տարիներին լույս տեսած իմ հոդվածները միավորվեցին մեկ աշխատության մեջ՝ դառնալով մենագրություն:

Մենագրությունը «Spinger»-ի պատվերով էր և լույս տեսավ 2015-ի դեկտեմբերին: Փաստորեն, ստացվում է, որ առաջին գրքից 10 տարի անց լույս տեսավ իմ երկրորդ գիրքը և ներկայացվեց պետական մրցանակի: Պետք է նշեմ, որ ամեն ամիս ես ստանում եմ վիճակագրական տվյալներ այն մասին, թե քանի մարդ է օգտվել իմ գրքից և վերջինիս հղումներ արել: Առաջին 6 ամիսների ընթացքում այդ թիվն արդեն հասնում էր 10.000-ի: Գիրքը կարելի է գտնել աշխարհի բոլոր մայրցամաքներում՝ Միացյալ Նահանգներից մինչև Ավստրալիա: Եթե ավելի պարզ մեկնաբանեմ, ապա գրքում խոսքը գերհզոր լազերային աղբյուրների շնորհիվ ստացված էլեկտրամագնիսական դաշտերի մասին է, որտեղ նյութի լիցքավորված մասնիկների քվանտէլեկտրադինամիկական վակուումում հնարավոր է հականյութ ստանալ:

Ի դեպ, հղումներ կատարվում են նաև իմ այն հոդվածներին, որոնք լույս են տեսել «Physical Review» գիտական ամսագրում:

- Կպատմե՞ք «Հորիզոն 2020»-ի մասին:

Անցած տարի մենք մասնակցում էինք «Հորիզոն 2020»-ին՝ հետազոտությունների և նորարարության ոլորտի հանրային ֆինանսավորման աշխարհի խոշորագույն ծրագրին: Մեր թեման լազերային ճառագայթման կիրառությունն էր բժշկության ու կենսաբանության մեջ: Ստացված օպտիկական պատկերը վերլուծելով՝ մենք փորձում ենք գաղափար կազմել հյուսվածքների վիճակի մասին: Թեման այնքան հետաքրքիր ու ճիշտ էր ներկայացված, որ մեր կենտրոնը միանգամից հետաքրքրություն առաջացրեց մյուս երկրների համապատասխան կենտրոնների մոտ: Ստացանք համագործակցության մի շարք առաջարկներ, ինչը մեզ համար շատ կարևոր ձեռքբերում էր: Մենք հասկացանք, որ այս ոլորտում առաջատարի դիրքերում ենք:

- Ձեր կարծիքով, ինչու՞ է մեր երիտասարդների միայն փոքր տոկոսը հետաքրքրված գիտությամբ:

Մեր ամենակարևոր խնդիրը պետք է լինի գիտության երիտասարդայնացումը: Յուրաքանչյուր մասնագետ իր պարտքը պետք է համարի նոր սերնդին իր գիտելիքներն ու փորձը փոխանցելը: Նա պետք է կարողանա լավ կադրեր պատրաստել: Ցավոք սրտի, այժմ գիտությունն այնքան էլ գրավիչ չէ երիտասարդների համար, ինչի պատճառները հիմնականում սոցիալ-տնտեսական են: Շատ կարևոր է բավարար ուշադրություն հատկացնել ոլորտին, կարևոր է բոլոր հնարավոր միջոցներով գիտությունը երիտասարդների համար ցանկալի դարձնել, հակառակ դեպքում մենք կունենանք ուղեղների արտահոսք, ինչը թույլ չի տա հաղթահարել այն գիտական մարտահրավերները, որոնք այսօր աշխարհն ունի:

- Ընդամենը մի քանի օրից Նոր տարի է: Ո՞րն է Ձեր ամանորյա բարեմաղթանքը:

Քանի որ արդեն առիթ եղավ խոսելու երկրի սոցիալ-տնտեսական վիճակից, ես իմ ամանորյա բարեմաղթանքն էլ նույն տրամաբանության մեջ կձևակերպեմ:
Ես շատ եմ ցանկանում, որ իմ երկիրը հաղթահարի իր առջև ծառացած սոցիալ-տնտեսական բոլոր խնդիրները:

Մաղթում եմ, որ 2019 թ. լինի բարեկեցության տարի, և մեր գիտական ու ակադեմիական ոլորտն իր առաջարկած հնարավորություններով մոտիվացնի հայ երիտասարդներին:

 

Անի Պողոսյան 

Այլ նորություններ
ԵՊՀ ՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՍԱՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՀՀ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ. ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնն ու ԵՊՀ մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնն այսօր կազմակերպել էին «ԵՊՀ մանրէաբանական կենսատեխնոլոգիաների հնարավորությունների կիրառումը ՀՀ աշխատաշուկայում» խորագրով միջոցառում:
ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ. ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎՈՒՄ ԵՆ ՄԱՐՏԿՈՑՆԵՐՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ԿԱՐԵՎՈՐ ՍՈՒԼՖՈՆՆԵՐԸ
ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ֆիզիկական և կոլոիդների քիմիայի ամբիոնի դոցենտ Լիանա Գաբրիելյանի ղեկավարությամբ իրականացվող «Մարտկոցներում կիրառվող կարևոր սուլֆոնների` էթիլմեթիլ-, տետրամեթիլեն-, դիֆենիլ- և դիբութիլսուլֆոնների քվանտաքիմիական և փորձարարական ուսումնասիրությունները» խորագրով թեմատիկ ծրագիրը ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի կողմից երաշխավորվել է ֆինանսավորման: