19.09.2018 | 
Հասարակություն
«ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԶ ԱՎԵԼԻ ՄՈՏԵՑՐԵՑ, ՁՈՒԼԵՑ ՈՒ ԴԱՐՁՐԵՑ ՄԻ ՄԱՐՄԻՆ». ՀԱՅԿ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
«ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԶ ԱՎԵԼԻ ՄՈՏԵՑՐԵՑ, ՁՈՒԼԵՑ ՈՒ ԴԱՐՁՐԵՑ ՄԻ ՄԱՐՄԻՆ». ՀԱՅԿ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
«ysu.am»-ը սկսում է ընտանեկան պատմությունների շարքը, որի «գլխավոր հերոսները» ԵՊՀ դասախոսներ են, իսկ հանդիպման ճակատագրական վայրը՝ համալսարանը:

Բանասիրական գիտությունների թեկնածու, ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի հայ գրականության ամբիոնի դասախոս, գրականագետ, էպոսագետ Հայկ Համբարձումյանն իր կյանքի ճակատագրական կնոջը՝ բանասեր, թարգմանիչ և խմբագիր Շուշան Կարապետյանին, 2012 թ.-ին հանդիպել է ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում:

 

«Առաջին անգամ համալսարանում եմ տեսել ընկեր Համբարձումյանին, քանի որ Հայկն այդ ժամանակ ինձ համար ընկեր Համբարձումյան էր: Նա ինձ անձամբ դաս չէր տալիս, բայց դիպլոմային, մագիստրոսական թեզի պաշտպանություններին ինքն էր թեմաները ղեկավարում ու ընդդիմախոսում»,- պատմում է  Շուշան Կարապետյանը:

 

Վերջինս հիշում է, որ Համբարձումյանն իրեն օգնել ու աջակցել է, երբ նա ցանկացել է աշխատանքի ընդունվել «Շողակաթ» հեռուստաընկերությունում. «Այնտեղ միայն Հայկին էի ճանաչում: Նա ինձ շատ օգնեց, բայց ես ո՛չ հեռուստաընկերություն ընդունվեցի աշխատելու, ոչ էլ Հայկի հետ մտերմանալու ժամանակ ունեցա. ուսումս շարունակելու համար մեկ տարով մեկնեցի Եվրոպա»:

Եվրոպայից վերադառնալուց հետո մեկնարկում է նրանց սիրո երջանիկ պատմությունը:

 

«Երբ աշխատանքի անցա Հայաստանի աստվածաշնչային ընկերությունում, որը գտնվում է Զաքյան փողոցի վրա, այդ ժամանակ ու հենց այդ գրասենյակում էլ տեղի ունեցավ ճակատագրական հանդիպումը»,- շարունակում է Կարապետյանը, ու երկուստեք հաստատում են, որ Զաքյան փողոցը  դառնում է  նրանց հանդիպումների վայրը:

 

Համբարձումյանը ժպիտով հիշում է, որ Հենրիկ Էդոյանի «Իմ գնացքը կանգ է առնում քո կայարանում» բանաստեղծությամբ են արտահայտվում իր նորաթուխ զգացմունքները. «Ես զգացմունքների արտահայտման հարցում չափազանց ժլատ եմ, բայց Շուշանի հանդեպ սերս արտահայտվեց մի հրաշալի բանաստեղծությամբ, որը զերծ է արտահայտման բոլոր ավանդական ձևերից. ես ցանկանում էի տարբերվել մարդկանցից»:

 

Շուշան Կարապետյանը նշում  է, որ Կիպրոսն այն վայրն է, որի հետ ասոցիացվում է իր սերն ու սիրո օբյեկտը. «Չէ, մենք այնտեղ միասին չենք եղել (դեռ), ես ու Հայկն արդեն սիրահարված էինք, երբ ես 6 ամսով մեկնեցի այնտեղ սովորելու: Կիպրոսի ամեն քար ու թուփ, ծովի ամեն ալիք Հայկի մասին էր: Այնտեղ ես Հայկին շատ էի կարոտում: Հույն պոետների ստեղծագործությունները թարգմանում էի և նրան ուղարկում, իսկ նա էլ ինձ հայ պոետներով էր ուժ տալիս»:

 

Զույգը պնդում է, որ իրենց ընդհանուր հետաքրքրությունը գրականությունն  է. «Գրականությունը մեզ ավելի մոտեցրեց, ձուլեց ու դարձրեց մի մարմին»,- ասում է Համբարձումյանը:

 

Համբարձումյանը խոստովանում է, որ ոչ միայն գրականությունն ու ներքին մեծ աշխարհը միավորեց իրենց, այլև սիրելիի սուր անկյուններով գեղեցիկ աչքերը, որոնք դարձան իր ժպիտի և երջանիկ օրերի առհավատչյան: Իսկ կինն անկեղծանում է, որ իրեն ի սկզբանե գրավել է Համբարձումյանի արիստոկրատ լինելը. «Մի տեսակ արիստոկրատ ու սիրուն էր նա (հիմա էլ ու միշտ). վեհ կեցվածքով, բարի ու լուսավոր, լսելու ու հիանալու կարողությամբ, նրան չսիրահարվել անհնար էր»:

 

Գրականագետն ասում է, որ չնայած զբաղվածությանը՝ կինը շատ լավ խոհարար է ու հասցնում է կենցաղային բոլոր գործերը կարգավորել. «Կնոջս պատրաստած բոլոր ճաշատեսակներն էլ սիրում եմ, բայց սիսեռով ապուրը յուրահատուկ է ստացվում»:

 

Զույգն ընտանեկան հանգիստը կատարյալ է համարում, երբ  տանն են ընտանիքի բոլոր անդամները, ու վայելում են իրենց առաջնեկի աշխարհաճանաչողությունը. «Անահիտը մեր երկուսի լիցքավորիչն է: Մենք հիանում ու փայլում ենք նրա ամեն նոր բառով, երգով, մանկականությամբ, կարողանում ենք անձնական տարածք թողնել նաև մեր բալիկի համար, հարգել նրան, նրան ընդունել որպես անհատ, որն ունի առանձին կյանք, մտքեր, հոգի»:

 

Համբարձումյանը հիշում է, որ աղջկա առաջին բառը եղել է «պապա», իսկ Կարապետյանը նշում է՝ «կոճակը». «Առաջին անգամ պատահական ասաց «կոճակ»՝ պարզ, հստակ. այդ ժամանակ 7 ամսական էր, իսկ յոթ ու կես ամսականում ասաց «մամա»: Ես հուզվել էի երջանկությունից, իսկ Հայկն էլ հասցրեց մեզ նկարել այդ երջանիկ պահին»:

 

Համբարձումյանը հավելում է նաև, որ Անահիտը երբեմն բառերին տարօրինակ ձևակերպումներ է տվել. «Տպավորվել է այն, որ վարունգին ասում էր գագո»,- ծիծաղով պատմում է նա:

 

Համբարձումյանը վստահեցնում է, որ իրենց երջանիկ ընտանիքի բանաձևը  սերն է. «Սերը ներառում է հարաբերությունների բոլոր շերտերը: Ներքին հանգստության համար ևս սեր է պետք, մարդուն պետք է ընկալել այնպիսին, ինչպիսին կա, չպետք է ցանկանալ փոխել նրան»:

 

Իսկ Կարապետյանը հստակ ձևակերպված բանաձևեր չունի. «Գիտեք, այնքան էլ հեշտ չէ բանաձևեր տալ: Կամ էլ իրականում ես բանաձևումներ չեմ սիրում, որովհետև դրանք միայն գրքերում են, ֆիլմերում, մտացածին են ու ձևական: Բայց եթե փորձեմ մեր փորձը բառերի վերածել, ապա կարող եմ ասել հետևյալը. ամեն մեկը պետք է հարգի մյուսի տարածքը, մյուսի տեմպը, էներգետիկան»,- պատմում է Կարապետյանը:

 

Այն հարցին, թե որքանով են համատեղելի ընտանիքն ու կարիերան, զույգը հնչեցնում է տարբեր տեսակետներ:

 

«Շատ դժվար է համատեղել կարիերան ու  ընտանիքը, բազմաթիվ խոչընդոտների ենք հանդիպել, սակայն երբ հասկանում ես, որ կնոջդ ժպիտը, երեխայիդ զրնգուն ծիծաղը ավելին են, քան որևէ գիտական հոդված, դրանք ավելի են քեզ ոգևորում ու բերում նոր հաջողություններ: Ես աշխատում եմ գիտական հոդվածներիս ճշգրտությունները չկիրառել ընտանիքում»,- նշում է Հայկը:

 

Իսկ Շուշանիկը պնդում է, որ թե՛ ընտանիքը, թե՛ կարիերան հրաշալիորեն համատեղելի են. «Ես սիրում եմ աշխատել, սիրում եմ այն աշխատանքը, որն ինձ հնարավորություն է տալիս ամեն օր լինել ավելի լավը, աճել, զարգանալ, ոգեշնչվել, քամվել ու նոր էներգիայով լցվել: Երբ Անահիտը փոքր էր, ես տանից էի աշխատում, երբեք ու երբեք միայն երեխայի մայր ու տան տիկին չեմ եղել»,- եզրափակում է զրույցը Շուշանիկ Կարապետյանը:

 

Ի դեպ, այսօր Հայկ Համբարձումյանը տոնում է ծննդյան 36-ամյակը:

 

Անգին Խաչատրյան

 

Այլ նորություններ
«ԱՌԱՆՑ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՉԷՐ ԼԻՆԻ ԱՅՆՊԻՍԻՆ, ԻՆՉՊԻՍԻՆ ԱՅՍՕՐ Է». ԹՈՄԱՍ ՄԱՅԵՐ ՀԱՐԹԻՆԳԵՆ
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր ուսանողների համար դասախոսություն կարդաց Արտաքին կապերի եվրոպական ծառայության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով կառավարիչ Թոմաս Մայեր Հարթինգենը:
ԵՊՀ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՍԵՎԾՈՎՅԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ
Հայաստանի ամերիկյան համալսարանում հոկտեմբերի 15-ից 17-ը տեղի ունեցավ Սննդի գիտության և տեխնոլոգիաների սևծովյան ասոցիացիայի երկրորդ համաժողովը: