06.04.2020 | 
Հասարակություն
ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 101-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ ԸՆԴԱՌԱՋ (ՄԱՍ 1)
ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 101-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ ԸՆԴԱՌԱՋ (ՄԱՍ 1)
Երևանի համալսարանի հիմնադրումը հայ ժողովրդի նորագույն պատմության կարևորագույն իրադարձություններից էր: Այն, ըստ էության, իրականացրեց մեր ժողովրդի կրթության ու լուսավորության ձգտումներն ու երազանքները:

Համալսարանի ստեղծումը խորհրդանշեց հայ ժողովրդի հոգևոր վերածնունդը:

 

Հայոց գրերի ստեղծումից հետո հիմք դրվեց հայկական դպրոցի պատմությանը: 405-407 թթ. Մ. Մաշտոցի ջանքերով Վաղարշապատում և Ամարասում ստեղծվեցին առաջին դպրոցները: Հետագայում Հայաստանի տարբեր գավառներում դրանք ավելանում և մեծ ճանաչում էին ստանում:

 

5-րդ դարում` հայ մշակույթի Ոսկեդարում, ծնունդ առավ նաև թարգմանական արվեստը: Հայոց նորաստեղծ տառերով թարգմանված առաջին նախադասությունը (Սողոմոն Իմաստունի «Առակաց» գրքի հանրահայտ միտքը)` «Ճանաչել զիմաստությիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ», հետագա դարերի համար դարձավ մարգարեական: Մ. Մաշտոցն ու նրա աշակերտներն այնքան կատարյալ թարգմանեցին Աստվածաշունչը` Գրքերի գիրքը, որ դարեր անց ֆրանսիացի գիտնական Լա Կրոզն այն համարեց «Թագուհի թարգմանութեանց»:

 

Հետագայում հայերեն թարգմանվեցին գրական և մշակութային արժեքավոր գանձեր. հնագույն փիլիսոփաների` Պլատոնի, Արիստոտելի և այլոց աշխատությունները: Պատահական չէ, որ Մ. Աբեղյանն իրավացիորեն գիրը համարում էր մշակութային պայքարի ու մաքառման զենք: Գիրն այդպիսի զենք էր դեռևս V դարասկզբին:

 

IX  դարի վերջին տասնամյակներում, երբ Բագրատունիները վերականգնեցին հայկական պետականությունը, իսկ XII դարում Կիլիկիայում հաստատվեց հայկական թագավորությունը, հայ մշակույթը մինչև XV դարասկիզբ հզոր վերելք ապրեց:

 

Ուսումնակրթական գործն այնպիսի ծավալ ստացավ, որ մի շարք վայրերում հիմնվեցին գիտակրթական կարևոր կենտրոններ՝ վարդապետարաններ: Հայ մշակույթի ու դպրության նշանավոր կրթօջախներ բացվեցին Հաղպատում, Սանահինում, Անիում, Գետիկում, Կարսում, Կեչառիսում, Գլաձորում, Տաթևում, Կիլիկյան Հայաստանում` Սիսում, Տարսոնում, Սկևռայում, Լամբրոնում և այլուր:

 

Բարձրագույն այդ դպրոցներում դասավանդում էին միջնադարյան Հայաստանի գիտության, գրականության, արվեստի ու աստվածաբանության նշանավոր ներկայացուցիչներ: Աստվածաբանական առարկաներից զատ՝ դասավանդվում էին քերականություն, ճարտասանություն, տրամաբանություն, պատմություն, մատենագիտություն, իմաստասիրություն, դիցաբանություն, մաթեմատիկա, երկրաչափություն, տոմարագիտություն, աշխարհագրություն, բնագիտություն, աստղաբաշխություն, տիեզերագիտություն, բժշկություն, երաժշտություն, գրչության արվեստ և, իհարկե, օտար լեզուներ:

 

Դպրոցներից շատերն  ունեցել են ձեռագրատուն-մատենադարան և գրչատուն, որտեղ ընդօրինակվել են մեծաթիվ ձեռագիր գրքեր: Գլաձորի, Տաթևի համալսարանների, Մեծոփա վանքի բարձր տիպի դպրոցի շրջանավարտները հանդես էին գալիս գրավոր ատենախոսություններով, ստանում գիտական կոչումներ:

 

Թաթար-մոնղոլական և ապա թուրք-պարսկական ավերիչ արշավանքների ու դաժան լծի հետևանքով Հայաստանում գիտամշակութային կյանքն անկում ապրեց և կանգնեց վերացման վտանգի առջև: Սակայն պատմական ճակատագրի հարվածները ի զորու չեղան կասեցնել կրթության ու գիտության հետագա զարգացումը երկրում: Ավելին՝ 1512 թ. հայ առաջին տպագրիչ Հակոբ Մեղապարտը Վենետիկում հիմնադրեց առաջին հայկական տպարանը, որը 1512-1513 թթ. տպագրեց հինգ գիրք՝ պահպանելով ձեռագրի տեսքն ու ոճը: XVI-XVII դարերում հայերեն գրքեր տպագրվեցին նաև Հռոմում, Փարիզում, Լվովում, Նոր Ջուղայում, Ամստերդամում, Մարսելում, Զմյուռնիայում, Լայպցիգում, հետագայում` Հնդկաստանում, Անգլիայում, Սանկտ-Պետերբուրգում, Աստրախանում, Մոսկվայում, Վիեննայում և այլուր: Սա քաղաքակրթության մեջ բացառիկ երևույթ էր, որ պետականության բացակայության պայմաններում ծաղկում էր հայ գրատպությունը: Հայաստանում առաջին հայկական տպագրատունը հիմնադրվեց 1771 թ. Վաղարշապատում՝ Ամենայն հայոց կաթողիկոս Սեմեոն Ա Երևանցու անմիջական ղեկավարությամբ:

 

XIX դարում Արևելյան և Արևմտյան Հայաստանում, ինչպես և հայաբնակ վայրերում ստեղծվեցին բազմաթիվ կրթական կենտրոններ, որոնցից առավել նշանավոր էին Մոսկվայի Լազարյան (1815), Կալկաթայի Հայոց մարդասիրական (1821), Էջմիածնի Գևորգյան (1874) ճեմարանները, Արմաշի դպրեվանքը (1889), Զմյուռնիայի Մեսրոպյան (1799), Կահիրեի Գալուստյան ազգային (1828), Փարիզի Սամվել-Մուրադյան (1832), Վենետիկի Ռափայելյան (1836), Մուրատ-Ռափայելյան (1870), Կոստանդնուպոլսի Կեդրոնական (1886), Մուշի Ազգային կեդրոնական (1878), Վանի Կեդրոնական (1881) վարժարանները, Աստրախանի Աղաբաբյան (1810), Թիֆլիսի Ներսիսյան (1824), Երևանի Սբ. Հռիփսիմեի օրիորդաց (1850), Թիֆլիսի Գայանյան օրիորդաց (1869) դպրոցները և այլն: Դարերի ընթացքում հայ ժողովուրդը ստեղծեց կրթական հարուստ ժառանգություն:

 

Հայաստանում տիրող անբարենպաստ պայմանների հետևանքով հայն ուսման ծարավը հագեցնում էր տարբեր երկրների կրթական հաստատություններում և աշխարհի մի շարք քաղաքներում (Վենետիկ, Վիեննա, Թիֆլիս, Մոսկվա, Կ. Պոլիս և այլն) իր իսկ հիմնադրած կրթօջախներում: Օտար երկրներում մեծ դժվարությամբ կրթություն ստացած հայ մտավորականները երազում էին Հայաստանում սեփական համալսարան ունենալու մասին, որը կարող էր ոչ միայն օգնել հայ երիտասարդներին հաղթահարել բարձրագույն կրթություն ստանալու ճանապարհի խոչընդոտները, այլև մեծապես նպաստել երկրի սոցիալ-տնտեսական ու գիտամշակութային կյանքի զարգացմանը:

 

Հայրենիքում գիտակրթական գործի կազմակերպման համար կարևոր նախադրյալներ էին դեռևս V դարից ձևավորված փորձն ու ավանդույթները:

 

Մայր հայրենիքում հայկական համալսարան հիմնելու գաղափարն օրակարգային դարձավ հատկապես XIX դարի 40-50-ական թվականներից: Խաչատուր Աբովյանը, Միքայել Նալբանդյանը և ուրիշներ չափազանց կարևորում էին հայ երիտասարդին՝ իր հայրենիքում ու մայրենի լեզվով ուսուցանելու միտքը: Այդ գաղափարը կենսագործելու ուղղությամբ լուրջ քայլեր կատարեց Հովհաննես Թումանյանը:

 

1918 թ., երբ Հայաստանն անկախություն ձեռք բերեց և վերականգնեց դարեր առաջ կորցրած պետականությունը, հոգևոր կյանքի զարգացումը կրկին դարձավ պետության հոգածության առարկա և Առաջին Հանրապետության կառավարությունը օրինագիծ ներկայացրեց Երևանում համալսարան հիմնելու մասին:

 

Ինչպես վկայում են վավերագրերը, իր գոյության մեկ տարին չբոլորած նորանկախ Հայաստանի Հանրապետությունը 1919 թ. մայիսի 16-ին ընդունեց համալսարանի հիմնադրման մասին օրենքը:

 

 

Համալսարան հիմնելու նպատակով ստեղծվեց կազմակերպիչ հանձնաժողով Յուրի Ղամբարյանի և Դավիթ Զավրիյանի համանախագահությամբ: Հաշվի առնելով Երևանում համալսարանի համար անհրաժեշտ պայմանների (հատկապես շենքային) բացակայությունը` հանրապետության Նախարարների խորհուրդը որոշեց համալսարանը ժամանակավորապես բացել Ալեքսանդրապոլում (այժմ` Գյումրի):

 

Հաղթահարելով բազում խնդիրներ` 1920 թ. հունվարի 31-ին՝ Ալեքսանդրապոլի առևտրային դպրոցի շենքում, մեծ շուքով տեղի ունեցավ Հայաստանի համալսարանի բացման հանդիսավոր արարողությունը, որը վերածվեց ազգային տոնի:

 

 

Բացման արարողությանը ներկա էին Հայաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Ա. Սահակյանը, նախարարապետ (վարչապետ) Ալեքսանդր Խատիսյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, օտարերկրյա դիվանագետներ: Բացման խոսքով հանդես եկավ համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Յուրի  Ղամբարյանը, ապա` հանրային կրթության նախարար Նիկոլ Աղբալյանը:

 

Համալսարանի բացման օրը լույս է տեսել «Հայաստանի համալսարան» մեկօրյա թերթը, որի բնաբանն էր «Գիտութիւնն ոյժ է»: Թերթի վաճառքից ստացված հասույթը հատկացվել է չքավոր ուսանողների օգնության ֆոնդին:

 

Թերթի առաջնորդողը «Դեմոկրատիկ համալսարանը» խորագրով գրել է պրոֆ. Յու.Ղամբարյանը. «Կեցցե՜ ուրեմն մեր համալսարանը, ո՛չ միապետական, ո՛չ եկեղեցական, ո՛չ արիստոկրատական, այլ ազատ, աշխարհիկ և դեմոկրատիկ համալսարանը, որ կոչված է մշակելու հավասարապես գիտությունը և առաքինությունը, առանց որոնց դեմոկրատիան կամ խաբեություն կլիներ, կամ դատարկ հնչյուն»:

 

Թերթում տպագրվել են նաև Պատմալեզվաբանական ֆակուլտետի դեկան Մեսրոպ արքեպիսկոպոս Տեր-Մովսիսյանի «Ողջույն Հայաստանի համալսարանին», Գարեգին եպիսկոպոս Հովսեփյանի «Երա՞զ, թե՞ իրականություն», Երվանդ Տեր-Մինասյանի «Հայաստանի համալսարանը», Ստեփան Մալխասյանցի «Համալսարանը և լեզուն», Սուրեն Երզնկյանի «Գիտության կաճառը» հոդվածները, Հայաստանի համալսարանի պատմալեզվաբանական ֆակուլտետի առաջին կիսամյակի դասացուցակը և այլ նյութեր:

 

Թերթն ավարտվում է Ամենայն Հայոց կաթողիկոս Գևորգ V-ի՝ համալսարանի ռեկտորին, դասախոսներին և ուսանողությանն ուղղված հայրապետական ջերմ ուղերձով:

 

Համալսարանում դասերը սկսվել են 1920 թ. փետրվարի 1-ին: Առաջին հանդիսավոր դասախոսությունը կարդալու պատիվն է ունեցել անվանի գիտնական, հայագետ Ստեփան Մալխասյանցը: Դասախոսությանը ներկա էին համալսարանի ռեկտոր, պրոֆ. Յուրի Ղամբարյանը, ՀՀ հանրային կրթության նախարար Նիկոլ Աղբալյանը, դասախոսներ և մտավորականներ:

 

Սկզբնական շրջանում ամենալուրջ դժվարությունը համապատասխան մասնագիտական որակավորում և տեսական բարձր պատրաստվածություն ունեցող դասախոսական կազմի ապահովումն էր: Կարևորելով համալսարանի գործունեությունը կայուն հիմքերի վրա սկսելու գործը՝ կազմակերպիչները ստեղծեցին հզոր ներուժով դասախոսական կոլեկտիվ: Նորաստեղծ համալսարանում դասախոսներ նշանակվեցին Մանուկ Աբեղյանը (հայ գրականություն), Ստեփան Մալխասյանցը (պատմական լեզվաբանություն), Մեսրոպ արքեպիսկոպոս Տեր-Մովսիսյանը (հայոց պատմություն), Գարեգին եպիսկոպոս Հովսեփյանը (հայ եկեղեցու պատմություն և գրչության արվեստ), Սիրական Տիգրանյանը (հայ իրավունքի պատմություն և հոգեբանություն), Հակոբ Մանանդյանը (հայոց պատմություն), Գրիգոր Ղափանցյանը (համեմատական լեզվաբանություն), Սավիչ-Զաբլոցկին՝ Խարկովից (երկրաբանություն), Աշխարհբեկ Լոռու Մելիք-Քալանթարը (հնագիտություն), որոնք գործի անցան անձնուրաց նվիրմամբ:

 

Համալսարանն ուներ մեկ` Պատմալեզվաբանական ֆակուլտետ (262 ուսանող, 32 դասախոս): Անհրաժեշտ էր համալրել դասախոսական կազմը: Յու. Ղամբարյանի ջանքերով Երևանի համալսարան հրավիրվեցին Ռուսաստանում և Եվրոպայում կրթություն ստացած մանկավարժական ու գիտական մեծ փորձառությամբ անվանի մասնագետներ, որոնք կարող էին պատիվ բերել աշխարհի ցանկացած առաջնակարգ համալսարանի: Նրանց զգալի մասը, երկար տարիներ աշխատելով համալսարանում, անմնացորդ նվիրվեց երիտասարդ մասնագետների աճեցման ու գիտության զարգացման կարևորագույն գործին:

Դասերը համալսարանում տևեցին մեկ կիսամյակ` փետրվարից մինչև մայիս ամիսը:    

 

 

 

ՀՀ նախարարների խորհրդի 1920 թ. հունիսի 21-ի նիստում որոշվեց համալսարանն Ալեքսանդրապոլից տեղափոխել Երևան և նրան հատկացնել ուսուցչական սեմինարիայի շենքը: Պետք է բացվեին նաև իրավաբանական ու բնագիտական ֆակուլտետներ, պարապմունքները վերսկսվեին հոկտեմբերի 16-ին: Սակայն 1920 թ. սեպտեմբերին սկսված թուրք-հայկական պատերազմի, երկրում ստեղծված քաղաքական լարված իրավիճակի պատճառով հնարավոր չեղավ այդ որոշումն իրագործել:

 

ԵՊՀ Լ. Ղարիբջանյանի անվ. պատմության թանգարանի տնօրեն  Հեղինե Գասպարյան

Այլ նորություններ
ԵՊՀ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ Է ԹԵԿՆԱԾՈՒԱԿԱՆ ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Այս տարի Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետը դիմել է ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտե և ստացել թույլտվություն հոգեբանության մասնագիտական խորհուրդ ձևավորել և անցկացնել թեկնածուական ատենախոսությունների պաշտպանություններ ԺԹ.00.01 մասնագիտությամբ:
«#ԱՐԻ՛ PR». «ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐ» ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳԻՐՆ ԱՅՍ ՏԱՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է «ZOOM» ՀԱՐԹԱԿՈՒՄ
Տեղի է ունեցել «#Արի՛ PR». «Հասարակայնության հետ կապեր (PR)» մագիստրոսական ծրագիրը ներկայացնելու նպատակով կազմակերպված ամենամյա հանդիպումը: Այս տարի «արտակարգ» հանդիպման շրջանակում «Zoom» հարթակում հավաքվել են ծրագրի դասախոսները, շրջանավարտները, ուսանողներն ու ծրագրով հետաքրքրվող ապագա դիմորդներն ինչպես ԵՊՀ սոցիոլոգիայի, այնպես էլ այլ ֆակուլտետներից և բուհերից: