30.09.2015 | 
Կրթություն
«HEN-GEAR» ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵՑԻՆ ԱՌԱՋԻԿԱ ԱՆԵԼԻՔՆԵՐԸ
«HEN-GEAR» ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵՑԻՆ ԱՌԱՋԻԿԱ ԱՆԵԼԻՔՆԵՐԸ
Սեպտեմբերի 30-ին ԵՊՀ-ում անցկացվեց «Տեմպուս» ծրագրի «HEN-GEAR» նախագծի հերթական հանդիպում-քննարկումը:

Հիշեցնենք, որ Եվրոպական միության «Տեմպուս» ծրագրի «HEN-GEAR» նախագծի շրջանակներում ստեղծվել է «HEN-GEAR» պորտալը: Ծրագիրը մեկնարկել է 2013 թ.-ին: Հայաստանի 8 համալսարաններ նույնպես մասնակցում են այս ծրագրին, որի հիմնական նպատակն է աջակցել շրջանավարտների զբաղվածության խնդիրների լուծմանը, ինչպես նաև նպաստել կրթության ու բիզնեսի ոլորտների միջև համագործակցությանը:

 

Ծրագրի արդյունավետությունն ուսումնասիրելու և դրանց արդյունքները վերլուծելու համար կազմակերպվել էր փորձագիտական քննարկում, որին մասնակցում էին նաև ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանն ու «Տեմպուս» ծրագրի հայաստանյան ազգային գրասենյակի ղեկավար Լանա Կառլովան:

 

Պարոն Մարկոսյանը նշեց, որ հոկտեմբերի 29-ին նախատեսվում է «Տեմպուս» ծրագրի «HEN-GEAR» նախագծի կոնֆերանսը, որի ընթացքում կներկայացվեն ծրագրի հաշվետվությունը, հիմնական արդյունքները, ինչպես նաև հանդես կգան ծրագրում ներգրավված գործընկեր կողմերը, արտաքին դերակատարները, գործատուները ու այն հաստատությունները, որոնք կարող են ծրագրի շահեկիցները լինել:

 

 

Հանդիպման ժամանակ քննարկվեցին ծրագրի իրականացման ընթացքն ու առաջիկա կոնֆերանսի նախապատրաստական աշխատանքները: Կոնֆերանսի ընթացքում կներկայացվի նաև ծրագրի վերջնական զեկույցը, որն առանձին գրքով հրատարակվելու է: Ծրագրի մասնակիցները պատասխանեցին նաև Լանա Կառլովայի հարցերին, որոնք վերաբերում էին կատարված ուսումնասիրություններին ու դրանց արդյունավետությանը:

 

ԵՊՀ պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը կարևորում է այս ծրագիրը և շտապում տեղեկացնել, որ այն միևնույն ժամանակ բարդ է, քանի որ դրանում ներգրավված են թե՛ ներբուհական, և՛ թե արտաքին շատ օղակներ. «Այս ծրագրի հաջողությունը կախված չէ միայն համալսարանական անձնակազմից, արտաքին շահեկից անհատներն ու կառույցները նույնպես պետք է շահագրգռված լինեն համակարգը կայացնելու հարցում: Մենք պետք է կարողանանք խթանել այն գործընթացը, որ համակարգում շատ ուսանողներ ու գործատուներ գրանցվեն, վերջիններս աշխատանքի առաջարկություններ անեն այն շրջանավարտներին, ովքեր ընդգրկված կլինեն «HEN-GEAR» համակարգում»:

 

Պրոռեկտորը նաև հավելում է, որ ծրագրի միջոցով հնարավորություն կստեղծվի մշտական կապ պահելու շրջանավարտների հետ, ինչպես նաև տեսնելու նրանց հաջողությունները, քանի որ շրջանավարտների հետ հետադարձ կապի գործիքներն այժմ այդքան էլ շատ չեն:

Որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ), որը նույնպես եղել է ծրագրի իրականացման գործընկերը, առաջարկել է առաջիկա երկու տարվա ընթացքում ապահովել կենտրոնական բազայի ընդհանուր շահագործումը, իսկ բուհերը կապահովեն տվյալների մուտքագրումը:

Այլ նորություններ
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ. ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՒՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ այսօր ապագա իրավագետների համար բանախոսությամբ է հանդես եկել Բարձրագույն դատական խորհրդի անդամ Մեսրոպ Մակյանը:
«ԵՊՀ-ՈՒՄ ՍՏԱՑԱԾ ՀԻՄՆԱՐԱՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԲԱՑԵՑԻՆ ԻՄ ԱՌՋԵՎ». ԵՊՀ ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱԿՈԲՅԱՆ
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի շրջանավարտ Վաղարշակ Հակոբյանն այժմ ուսումնառությունը շարունակում է Բորդոյի համալսարանի ասպիրանտուրայում: