31.08.2020 | 
ՀԻՆԳ ՏԱՍՆԱՄՅԱԿ ԵՊՀ-ՈՒՄ. ՀԵՆՐԻԿ ԷԴՈՅԱՆԸ 80 ՏԱՐԵԿԱՆ Է
ՀԻՆԳ ՏԱՍՆԱՄՅԱԿ ԵՊՀ-ՈՒՄ. ՀԵՆՐԻԿ ԷԴՈՅԱՆԸ 80 ՏԱՐԵԿԱՆ Է
Հայաստանի Հանրապետության վաստակավոր գործիչ, Երևանի պետական համալսարանի պրոֆեսոր, անվանի բանաստեղծ, գրականագետ, մշակութաբան, թարգմանիչ Հենրիկ Էդոյանն այսօր արժանիորեն լայն ճանաչում է վայելում։ Օգոստոսի 31-ին լրանում է նրա 80-ամյակը:

Հենրիկ Էդոյանը ծնվել է 1940 թվականին Երևանում, ծառայել բանակում, բարձրագույն կրթությունը ստացել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետում, այս տարի լրանում է նաև նրա գիտական, դասախոսամանկավարժական գործունեության հինգերորդ տասնամյակը ԵՊՀ-ում։

 

1986-2008 թվականներին ղեկավարել է Երևանի պետական համալսարանի արտասահմանյան գրականության և գրականագիտության տեսության ամբիոնը՝ նոր շունչ հաղորդելով ամբիոնի աշխատանքներին, հմտորեն ներգրավելով նոր, խոստումնալից  ուժերի, որոնք և կազմում են այսօր ամբիոնի մասնագիտական պատիվը բարձր պահող արհեստավարժ թիմ։

 

Իբրև արտասահմանյան գրականության դասախոս՝ Էդոյանն ինչպես ընդհանուր, այնպես էլ հատուկ իր դասընթացներով սերնդից սերունդ գրավել է ուսանողական լսարանի ուշադրությունը գիտելիքների հարստությամբ, խորությամբ, դրա մտածված, կառուցիկ ներկայացմամբ՝ միաժամանակ հմայելով խոսքի բանաստեղծական պատկերավորությամբ, շնչով, երանգներով, իր պոետական կեցվածքով։

 

 

Բանաստեղծ Էդոյանը տասնյակից ավելի ժողովածուների հեղինակ է, նրա գործերը թարգմանվել են բազմաթիվ լեզուներով՝ անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իտալերեն, իսպաներեն և այլն, առանձին գրքով լույս են տեսել ռուսերեն։

 

 Նրա «Կա՛նգ առ, ես այստեղ եմ» ժողովածուն արժանացել է Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակի։ Իր վերջին ժողովածուներից մեկը Հենրիկ Էդոյանն անվանել է «Հենման կետ»:

 

Իր գիտելիքներով, մտածողությամբ, տարիների փորձով իմաստուն ու գեղեցիկ խոսքով Հենրիկ Էդոյանը եղել է լավագույն օրինակ սերունդների համար: