07.12.2017 | 
Կրթություն
ԵՊՀ ԹԻՄԸ ԲԱՐՁՐ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ Է ԳՐԱՆՑԵԼ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ՕԼԻՄՊԻԱԴԱՅՈՒՄ ԵՎ ՃԱՆԱՉՎԵԼ ԼԱՎԱԳՈՒՅՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ԵՊՀ ԹԻՄԸ ԲԱՐՁՐ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ Է ԳՐԱՆՑԵԼ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ՕԼԻՄՊԻԱԴԱՅՈՒՄ ԵՎ ՃԱՆԱՉՎԵԼ ԼԱՎԱԳՈՒՅՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Դեկտեմբերի 2-3-ը ԵՊՀ թիմերը Թբիլիսիում մասնակցել են «ACM-ICPC» ծրագրավորման միջազգային օլիմպիադայի հյուսիսարևելյան եվրոպական տարածաշրջանի կիսաեզրափակիչ փուլին:

ԱՄՆ-ի կողմից կազմակերպվող աշխարհում հայտնի ամենամյա մրցույթի հյուսիսարևելյան եվրոպական տարածաշրջանային մրցույթն այս տարի տեղի է ունեցել դեկտեմբերի 2-3-ը և միաժամանակ անցկացվել է Սանկտ Պետերբուրգում, Բարնաուլում, Ալմա Աթայում և Թբիլիսում, որտեղ էլ որոշվել են այդ տարածաշրջանի եզրափակիչ փուլի մասնակիցները:

 

ԵՊՀ թիմերը Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի և Ուկրաինայի համալսարանները ներկայացնող մյուս թիմերի հետ մրցել են Թբիլիսիում, որտեղ «ԵՊՀ 1-ին» թիմը բարձր միավորներ է հավաքել, բայց, ցավոք, չի կարողացել նվաճել եզրափակչի ուղեգիր: 

 

Մեզ հետ զրույցում ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի դեկան և մրցույթի հայաստանյան տնօրեն Վահրամ Դումանյանը փաստեց, որ թիմը մեծ գնահատանքի է արժանի. «Թիմը դեռ երիտասարդ է և առաջին անգամ է մասնակցում մրցույթին: Պետք է ասեմ, որ շատ քիչ միավոր էր պակասում, որ նվաճեինք եզրափակչի ուղեգիրը, բայց հույս ունեմ, որ հաջորդ անգամ  կհասնենք ցանկալի արդյունքի»:

 

Վահրամ Դումանյանը հավելեց նաև, որ «ԵՊՀ 1-ին» թիմն այս տարի դարձել է մրցույթի հայաստանյան չեմպիոն: Հիշեցնենք, որ այս տարի հեղինակավոր օլիմպիադային ԵՊՀ-ն և Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանը ներկայացել էին 5-ական թիմերով, Հայաստանի ամերիկյան համալասարանը՝ 3:

 

Թիմային պայքարից բացի՝  մրցույթի շրջանակում Թբիլիսիում անցկացվել է նաև Հարավային Կովկասի անհատական բաց առաջնությունը, որին մասնակցել են 74 ուսանողներ, այդ թվում՝ ԵՊՀ ներկայացուցիչներ:

 

Անհատական պայքարի արդյունքում 1-ին և 2-րդ հորիզոնականները համապատասխանաբար զբաղեցրել են ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին և 2-րդ կուրսի ուսանողներ Ալբերտ Սահակյանը և Հրայր Հարությունյանը, իսկ նույն ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող Տիգրան Մամիկոնյանը զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը:

 

 

Վահրամ Դումանյանը մեզ հետ զրույցում ասաց նաև, որ նմանօրինակ մրցույթները ենթադրում են նաև հովանավորություն. «Ինչպես անցած բոլոր տարիներին, այս տարի նույնպես բոլոր ծախսերը հոգացել է ԵՊՀ-ն, որը շատ կարևորում է այս գործընթացը: Հաճելիորեն ուզում եմ նշել նաև, որ արդեն երկրորդ անգամ մեզ որոշակի չափով աջակցել է «Հայկական ծրագրեր» ընկերությունը, ինչի համար ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել»:

 

Վահրամ Դումանյանը հաստատեց նաև, որ ԵՊՀ-ն հետագայում ևս շարունակելու է մասնակցել հեղինակավոր մրցույթին:

Այլ նորություններ
ԱՊԱԳԱ ԹԱՐԳՄԱՆԻՉՆԵՐԸ ՅՈՒՐԱՑՆՈՒՄ ԵՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՆՈՐ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ուսանողների համար վարպետության դաս անցկացրեց Վրաստանի համաժամանակյա (синхрон) թարգմանիչների (գիտաժողովային) միության հիմնադիր Գոգա Ասկուրավան:
ԵՊՀ-ՈՒՄ ՔՆՆԱՐԿՎՈՒՄ ԷՐ «ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ
Այսօր ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը հանդիպեց հայաստանյան բուհերի ուսանողական կառույցների և ուսանողական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: