03.12.2018 | 
Հասարակություն
ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ ՊԱՏՄԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԴՊՐՈՑԸ
ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ ՊԱՏՄԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԴՊՐՈՑԸ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի ունեցավ «Պատմագետների դպրոց-2018» խորագրով մասնագիտական հնգօրյա դպրոցի բացումը:

Մասնագիտական դպրոցի նպատակն է թեմատիկ  դասընթացների միջոցով նպաստել պատմագետների մասնագիտական հմտությունների զարգացմանը:

Դպրոցի կազմակերպման և անցկացման աշխատանքները իրականացվել են «Հայաստանի պատմագետների միություն» (ՀՊՄ) հասարակական կազմակերպության կողմից: Այն բոլոր թեմաները, որոնք ներկայացվելու են դասընթացի ժամանակ բազմաշերտ են և ունեն   ոչ լսարանային բնույթ:

 

Հատկանշական է նաև այն, որ նմանօրինակ միջոցառումները կապ են ստեղծում հասարակության և պատմաբանների միջև, ինչն էլ հնարավորություն է տալիս քննարկվող թեմայի վերաբերյալ  հարցադրումներ կատարելու և փորձելու լուծումներ առաջարկել:

Դպրոցի բացման առաջին օրը դասախոսությամբ հանդես եկավ «Հայաստանի պատմագետների միություն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Մհեր Հովհաննիսյանը:

 

Մհեր Հովհաննիսյանը ներկայացրեց «Հայաստանում պատմության զարգացման միտումներն արդի փուլում» խորագրով զեկուցումը, որի շրջանակում բանախոսն անդրադարձավ հայոց պատմության մեկնաբանման գործընթացին՝ ըստ պատմական  փուլերի:

«Պետք է նշել, որ Հայաստանի պատմության զարգացման  արդի փուլերում «նորաձև» թեմաները շատ փոփոխական են,- նշում է բանախոսը և հավելում,- 2000-ականներին  նորաձև էր հնագիտական  ուսումնասիրություն կատարել մինչև բրոնզեդարյան շրջանը, իսկ այն հետազոտությունները, որոնք վերաբերում էին բուն հայոց պատմությանը, դեռևս հետազոտողների շրջանում այդքան տարածված չէին, ինչն այսօր միտում ունի փոխվելու»:

Սփյուռքագիտությունը, հայագիտությունը, ցեղասպանագիտությունը ստեղծում են  ուսումնասիրության այն հարթակները, որոնք աստիճանաբար ավելի շատ հետազոտողներ են ներառում:

Ըստ բանախոսի՝ հետազոտական թեմաներ ընտրելիս պետք է հաշվի առնել թեմայի արդիականությունը, քանի որ թեմայի ճիշտ  ընտրությունը հնարավորություն է տալիս այն լայնորեն քննարկելու գիտական և ակադեմիական դաշտում:

 Անի Պողոսյան

Այլ նորություններ
ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆՔ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ ԱՍՏՎԱԾԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՄԻՆՉԵՎ ՕՐՍ ՉԼՈՒՍԱԲԱՆՎԱԾ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԷՋԵՐԸ
Ֆակուլտետի անցյալի փակ դռները կօգնի բացել ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի հիմնադիր դասախոս Գևորգ Ղուշչյանը:
ԵՊՀ-ՈՒՄ ՆՇՎԵԼ Է ԲԱՐԵՐԱՐ ՄԿՐՏԻՉ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԻ 200-ԱՄՅԱԿԸ
ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում այսօր տեղի ունեցավ Մկրտիչ Սանասարյանի ծննդյան 200-ամյակին նվիրված միջոցառում: