Արեւելագիտության ֆակուլտետի դահլիճը լեցուն էր: Արդեն համալսարանական շնչով լցված ուսանողները սրտատրոփ սպասում էին ֆակուլտետի ներկայացուցիչներին: Առաջինը ողջույնի խոսք ասեց ֆակուլտետի դեկան Գուրգեն Մելիքյանը, ով ուսանողներին հորդորեց նախ եւ առաջ բարձր պահել Մայր բուհի պատիվը եւ, ամենակարեւորը, լավ սովորել:
«Ուրախ եմ, որ մեր պետության ներկայացուցիչները գիտակցում են այս մասնագիտության կարեւորությունը եւ ստրատեգիական նշանակությունը երկրի զարգացման գործում: Ուստի դուք նույնպես պետք է քաջ գիտակցեք այն պատասխանատվությունը, որն այսօր դրված է ձեր ուսերին եւ արդարացնեք մեր սպասումները:
Բարի երթ ձեզ, սիրելիґ համալսարանականներ»,- եզրափակեց խոսքը ֆակուլտետի դեկանը: Ուսանողներին ողջունելու էր եկել նաեւ Արեւելագիտության ֆակուլտետի շրջանավարտ Իտալիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռուբեն Կարապետյանը:
Դեսպանը համալսարանականներին նախ վստահեցրեց, որ ԵՊՀ-ն այն կրթօջախն է, որտեղ ուսանելը բոլոր ժամանակներում էլ բարձրագույն պատիվ է համարվել, իսկ Արեւելագիտության ֆակուլտետն էլ առաջատարների թվում է եղել. «Ինձ համար այս ֆակուլտետը հարազատ ընտանիք եւ գիտելիքների ու նոր արժանիքների դարբնոց է եղել: Ես մինչեւ հիմա էլ կապ եմ պահպանում իմ կրթօջախի հետ եւ, վստահ եմ` երբեք էլ այդ կապը չեմ խզի:
Այստեղ ստացել եմ այն, ինչ ոչ մի այլ տեղ ձեռք բերել չէի կարող»: Այնուհետեւ Ռուբեն Կարապետյանն ուսանողներին խորհուրդ տվեց մինչեւ պետության հանդեպ պահանջատեր լինելը նախ ինչ-որ բան անել հայրենիքի համար. «Եթե յուրաքանչյուրս պատասխանատվություն զգացում ունենանք այս երկրի, քաղաքի, բուհի կամ գոնե ֆակուլտետի նկատմամբ, անկասկած, փայլուն անհատներ կդառնաք: Ձեր գիտելիքներն ու լավ քաղաքացի լինելու հանգամանքն այսօր շատ կարեւոր է մեր պետության զարգացման գործում: Այստեղ` համալսարանում, դուք կարող եք նաեւ լավ մարդ ու արժանի քաղաքացի դառնալու համար գիտելիքներ ու դաստիարակություն ստանալ:
Մնում է միայն օգտվել այդ հնարավորությունից»: Բացի ողջույնի խոսքերից ու խրատներից, ուսանողները ստացել էին նաեւ ավանդական տեղեկատվական փաթեթներ: Նախաձեռնողը ԵՊՀ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությանն է: Փաթեթը ներառում է առաջին կուրսեցու ուղեցույց, որի միջոցով ուսանողը կարող է ճիշտ կողմնորոշվել եւ ծանոթանալ համալսարանում գործող կառույցներին, կրեդիտային համակարգի եւ Բոլոնյան գործընթացի մասին պատմող սկավառակ եւ տեղեկատվական փաթեթի կարեւորությունն ու արդյունավետությունը գնահատող հարցաթերթիկ: