Բանն այն է, որ մեկնարկում է ԵՊՀ ուսանողական գիտական ընկերության «Ուսանողական մամուլի ասուլիս» գիտահանրամատչելի միջոցառումների շարքը: Նախաձեռնողը ՈՒԳԸ տեղեկատվական հանձնաժողովն է:
«Որոշեցինք միջոցառումն անցկացնել մամուլի ասուլիսի ձևով, որովհետև այլ ձևաչափերում բանախոսը նյութը ներկայացնում է զեկույցի ձևով` մեկը խոսում է, մյուսները պարզապես լսում են: Իսկ այս դեպքում հենց սկզբից հարց ու պատասխան է լինում, ուսանողներն իրենց պատկերացնում են ԶԼՄ ներկայացուցիչների դերում: Փոքր-ինչ հնարված է, բայց կարծում ենք՝ ավելի նպատակահարմար է այս միջոցառումներն անցկացնելու համար»,- ասում է ՈՒԳԸ տեղեկատվական հանձնաժողովի քարտուղար Դիանա Եղիազարյանը:
Առաջին ասուլիսը նվիրված էր Հայ առաքելական եկեղեցու տաղավար տոներից մեկին՝ Սուրբ Հարության տոնին, իսկ բանախոսներն Աստվածաբանության ֆակուլտետի տարբեր կուրսերի ուսանողներն էին՝ Դավիթ Գրիգորյանը, Դիանա Գրիգորյանը, Մանե Ղևոնդյանը, Նելլի Մկրտչյանն ու Մարիամ Հարությունյանը: Նախ նրանցից յուրաքանչյուրը ներկայացրեց տոնի որևէ բաղկացուցիչ: Սկսելով Մեծ պահքից՝ նրանք խոսեցին պահոց կիրակիների նշանակության ու խորհրդի, Ավագ շաբաթվա օրերի, «Զատիկ» բառի նշանակության, ինչպես նաև Զատկի սեղանին բնորոշ ուտեստների մասին:
Այնուհետև ուսանող-բանախոսները սկսեցին պատասխանել ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին տոնի տարբեր մեկնաբանություններին, տոնը նշելիս ժողովրդական և եկեղեցական ընկալումներին, տարբեր ծիսակարգերի խորհուրդներին և այլն:
«Իմ տեսանկյունից՝ մարդկանց շրջանում ավելի շատ տարածված են տոները նշելու ժողովրդական, քան հոգևոր ընկալումները: Վերջին տարիներին է, որ ժողովուրդը սկսել է մոտենալ եկեղեցուն, ասենք` պատարագ գնալ»,- ասում է Մանե Ղևոնդյանը, իսկ Նելլի Մկրտչյանն էլ հավելում է, որ ԶԼՄ-ներն այսօր նպաստում են, որ տոները ոչ միայն ժողովրդական բնույթ կրեն, այլև հոգևոր. «Օրինակ Վարդենիսում կա միայն մեկ եկեղեցի, և ես մեկ քահանայի եմ ճանաչում: Վստահ չեմ, որ այդ քահանան բոլոր գյուղերով շրջում է ու հասցնում է բացատրել բոլոր տոների իմաստը»: