02.04.2019 | 
Ուսանողական
«ԱՆՀԱՏԻՆ ՊԵՏՔ Է ԱՌԱՋ ՄՂԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՁԳՏՈՒՄԸ, ՊԵՏՔ Է ԱՄԵՆ ՕՐ ԶԱՐԳԱՆԱԼ». «ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂ» ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱԴՈՆՑ
«ԱՆՀԱՏԻՆ ՊԵՏՔ Է ԱՌԱՋ ՄՂԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՁԳՏՈՒՄԸ, ՊԵՏՔ Է ԱՄԵՆ ՕՐ ԶԱՐԳԱՆԱԼ». «ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂ» ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱԴՈՆՑ
ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Հովհաննես Ադոնցը «Հանրապետության լավագույն ուսանող-2018» մրցույթում բակալավրի կրթական ծրագրով բնագիտական ոլորտում զբաղեցրել է առաջին տեղը։ ՀՀ ԿԳ նախարարի կողմից նա պարգևատրվել է հավաստագրով և միանվագ անվանական կրթաթոշակով:

Հովհաննեսը մեզ հետ զրույցում պատմում է իր հաջողությունների ու առաջիկա ծրագրերի մասին:


Ես «Քիմիա» առարկային սիրահարվել եմ դեռևս 7-րդ դասարանից: Ուսուցչուհին այնքան յուրահատուկ էր ներկայացնում քիմիան, որ սկսեցի ապրել այդ առարկայով: 7-րդ դասարանում որոշեցի ուսումս շարունակել Անանիա Շիրակացու անվան ճեմարանում, և այդ որոշումը եղավ կյանքի առումով բեկումնային ու շատ կարևոր: 8-րդ դասարանում Ա. Շիրակացու անվան ճեմարանում հաճախում էի քիմիայի արտաուսումնական պարապմունքների: Ամենակարևորն այն էր, որ ինձնով սկսեցին լրջորեն և հետևողական զբաղվել այնտեղ: Հատկանշական է «Քիմիա»-ի օլիմպիական խմբակի վարիչ, իմ ուսուցիչ, իսկ հետագայում նաև ավագ ընկեր և գործընկեր Ժան Գուլբենկյանի նվիրված աշխատանքը, որի շնորհիվ դրվեց քիմիայից ունեցած իմ գիտելիքների ամուր հիմքը:

 

Դպրոցական տարիքում «Քիմիա» առարկայից մասնակցել եմ տեղական և միջազգային դպրոցական մի շարք օլիմպիադաների և բազմիցս հաղթող ճանաչվել: Այնքան շատ էի քիմիա կարդում, որ շատ արագ դուրս եկա դպրոցական մակարդակից և համալսարանում ուսանելու տարիներին՝ մինչև 4-րդ կուրս, այդ առարկայից նոր վերնագրի չեմ հանդիպել:

 

Հայկական դպրոցում ուսուցիչների դերը դեռևս շատ մեծ է: Ուսուցիչը կարող է աշակերտի մոտ և՛ կամք ձևավորել, և՛ գիտելիք տալ, իսկ դրանց միաժամանակյա առկայությունը մարդուն տանում է ճիշտ ու առողջ առաջընթացի ճանապարհով: Շատ կարևոր է, որ այսօր մեր մանկավարժներն ուղղորդեն աշակերտներին, երեխաների ձեռքը բռնած տանեն դեպի գիտություն, հետևողական լինեն աշակերտների նկատմամբ և մտահոգ նրանց ապագայով, ինչը, ցավոք, այդպես չէ: Սակայն աշակերտն էլ իր հերթին պետք է նախաձեռնող լինի, ցանկանա սովորել:  Այդ առումով իմ բախտը բերել է. ես ունեցել եմ մանկավարժներ, որոնք ինձ նկատել և հոգատարությամբ զբաղվել են ինձնով: 

 

  

Իմ կյանքի բեկումնային որոշումներից է եղել հատկապես այն, որ ես որոշել եմ խորապես ուսումնասիրել քիմիան: Մարդը պետք է կամք և աշխատասիրություն ունենա, որ հանուն իր ընտրած մասնագիտության հաղթահարի ճանապարհին հանդիպած խոչընդոտները, լրացնի բացերը: Ես ընտրել եմ այն մասնագիտությունը, որի համար պայքարել եմ և պատրաստ եմ պայքարելու:


Մարդուն կյանքում առաջնորդում է երկու գործոն՝ կամքը և գիտելիքը: Այս երկուսի միաժամանակյա առկայության դեպքում միայն հնարավոր է հասնել հաջողությունների: Ես այն երջանիկ մարդկանցից եմ, որ այս երկու գործոնն էլ ունեմ, սակայն այդ ամենի համար շատ աշխատել ու աշխատում եմ ինձ վրա:  Եթե կամքը կա, սակայն գիտելիք չկա, այն բերում է մարտնչող տգիտության: Միայն գիտելիքը ևս բավարար չէ հաջողության հասնելու համար, անհրաժեշտ է, որ մարդն ունենա ինքնավստահություն, կարողանա ճիշտ գնահատել և մատուցել իր կարողություններն ու հնարավորությունները:

 

Գիտելիքի վրա հիմնված ինքնավստահությունը գովելի է և հզոր շարժիչ ուժ:

 

 

Իմ սկզբունքը հետևյալն է. եթե նվիրվել, ապա միայն՝ գործին: Ըստ իս՝ անկայուն արժեքներին պետք չէ նվիրվել, գործը մնայուն արժեք է: Բացի դրանից՝ գործն արժեք է ստեղծում մարդկության համար:

Անհատին պետք է առաջ մղի զարգացման ձգտումը, պետք է ամեն օր զարգանալ. սա իմ կյանքի առաջաբանն է: Եթե ինչ-որ մի տեղ սպառվում է իմ զարգացման ռեսուրսը, ես լքում եմ այդ վայրը, քանի որ երբեք կախվածության մեջ չեմ ընկնում մարդկանցից և առավել ևս վարչական հաստատություններից: Եթե ես ամեն օր զարգանում եմ, ուրեմն երջանիկ եմ:


Երիտասարդներին խորհուրդ կտամ կյանքում չվախենալ մի քայլ հետ անելուց, եթե հետո հնարավոր է երեք քայլ առաջ անել: Նաև խորհուրդ եմ տալիս մասնագիտության ընտրության հարցում չլսել ոչ ոքի, նույնիսկ ծնողներին, քանի որ այդ կյանքով հետագայում ապրելու եք դուք, և միայն ու միայն դուք: Մասնագիտության կամ ԲՈՒՀ-ի ընտրության հարցում ծնողներս ինձ երբեք չեն ուղղորդել:

 

 

Իմ կյանքում անընդհատ բացահայտելու անհագ ցանկությունը նպաստել է, որ ես սիրեմ գիտությունը:

Առաջին կուրսից օրգանական քիմիայի ուսումնագիտական լաբորատորիաներում մասնակցում էի տարբեր գիտական աշխատանքների, իսկ արդեն 3-րդ կուրսում «ԱՐՓԱ» ինստիտուտի կողմից անցկացվող նորարարության ամենամյա մրցույթում արժանացել եմ երկրորդ մրցանակին: Այս մրցույթը կազմակերպվում է մինչև 35 տարեկան երիտասարդ գիտնականների (ներառյալ ուսանողների) համար: Մրցույթում սահմանված են եղել չորս մրցանակային տեղեր, որոնցից մեկին արժանացել եմ ես: Հաղթողները որոշվել են արտասահմանյան մասնագետների գնահատականների հիման վրա: Մրցանակը ստացել եմ «Օպտիկապես մաքուր 1, 2, 3-տրիազոլային օղակ պարունակող ոչ սպիտակուցային ամինաթթուների ստացման տեխնոլոգիա» աշխատանքի համար:


Երկրորդ մրցանակին արժանանալու համար ԿԳՆ-ի կողմից պարգևատրվել եմ դրամական պարգևով և պատվոգրով:

Ուսանելու տարիներին մասնակցել եմ նաև միջազգային կոնֆերանսների:

 

 

Հետազոտություն իրականացնելու համար աշխատել եմ Մոսկվայի Նեսմեյանովի անվան էլեմենտօրգանական միացությունների ինստիտուտում, ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնում և ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտում՝ ինստիտուտի տնօրեն Աշոտ Սաղյանի գիտական ղեկավարությամբ: Գործուղվել եմ նաև Նիդերլանդների Գրոնինգեն քաղաքի համալսարան, որտեղ զբաղվել եմ գիտական աշխատանքներով:

Եղել եմ ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ, ՈԻԽ անդամ, նախագահության անդամ, մեր ֆակուլտետի և ԵՊՀ գիտական խորհուրդների անդամ: Ներկայումս հասարակական գործունեությամբ չեմ զբաղվում:

 

Այժմ աշխատում եմ երկու կառույցում՝ ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի ենթակայությամբ գործող Մոլեկուլի կառույցի ուսումնասիրման կենտրոնում որպես լաբորանտ և Անանիա Շիրակացու անվան ճեմարանի քիմիայի և կենսաբանության լաբորատորիայի վարիչ:

 

 

Իմ կյանքում գյուտն ինձ համար ավելի մեծ ձեռքբերում է, քան հանրապետության լավագույն ուսանող լինելը: Սակայն հանրության արձագանքն ավելի բուռն էր այդ մրցանակաբաշխության հետ կապված, մինչդեռ գյուտն ավելի մեծ արժեք պիտի ներկայացներ հանրության համար: Սա էլ է որոշակի ազդակ: Ինչևէ:


Այսօր ուսանողները պետք է ինքնակրթությամբ զբաղվեն, իսկ դրա համար կարևոր է երեք գործոն. պետք է սովորել անգլերեն, համակարգչային հմտություններին տիրապետել և ձեռք բերել տեղեկատվության հետ աշխատելու կարողություններ:
Ուսանողներն ինչ-որ բան սովորելու համար պետք է մարդամոտ լինեն ու մարդկանց հետ ազատ շփվեն:
Դալայ Լամայի խորհուրդը երիտասարդներին հետևյալն է. «Միշտ ժամանակ անցկացրեք 70-ից բարձր մարդկանց հետ, նրանք կյանքի փորձի և իմաստության մեծ աղբյուր են»: Ես առաջնորդվում եմ այս խորհրդով:


Մարդու նպատակը պետք է հստակ ձևակերպված լինի, իսկ ռեսուրսներն ուղղված լինեն այդ նպատակին հասնելու համար: Ամենակարևորն այն է, որ նպատակին հասնելու ճանապարհին մարդը կանգուն և անկոտրում լինի ու չհուսահատվի:

 

 

Իմ նպատակն է Հայաստանում վերածնել քիմիական արդյունաբերությունը:
Այժմ ես ինձ պատրաստում եմ նրա համար, որ կարողանամ Հայաստանում քիմիայի ոլորտում փոփոխություն իրականացնել: Ցանկանում եմ ուսումնառությունս շարունակել և գիտելիքներս խորացնել տեխնոլոգիական ուղղությամբ, ինչպես նաև նախատեսում եմ սովորել պարսկերեն, քանի որ Պարսկաստանը կարող է լինել մեր արդյունաբերական լավագույն գործընկերը:

 

Մարդու մեջ ամենաշատն արժևորում եմ անհատ մնալու ցանկությունը: Մարդը պետք է ունենա իր դիմագիծը, կարողանա միշտ պահպանել անհատականությունը, երբեք չպետք է տարալուծվել միջավայրին:

 

Իմ կյանքում ամենահեշտ ապրելու ձևն ինքս ինձ հետ անկեղծ լինելն է, չստելը: Եթե ինքդ քեզ հետ անկեղծ ես, դու քեզ ճանաչում ես, իսկ եթե ճանաչում ու ընդունում ես թերություններդ, կարող ես շտկել և կյանքի քարտեզին կոորդինատներդ ճիշտ դնել: Այդ դեպքում բոլոր խոչընդոտները կհաղթահարես և կշարժվես առաջ:

 

Նադեժդա Տեր-Աբրահամյան

 

 

 

Այլ նորություններ
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԼԵԶՈՒՆԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՃԱՆԱՊԱՐՀԵՑ 2020-2021 ՈՒՍՏԱՐՎԱ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ
ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի բակալավրիատի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:
«ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ. ՀՀ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԸ ՀԵՏՊԱՏԵՐԱԶՄՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՏԻԳՐԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՀԵՏ
ՈՒԽ Լ. Ազգալդյանի անվան մարտական ակումբն այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում կազմակերպել էր հանդիպում «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանի հետ: