28.09.2018 | 
Գիտություն
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱԴՈՆՑԸ ՆՈՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ Է ԱՌԱՋԱՐԿԵԼ ԵՎ ՀԱՂԹԵԼ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱԴՈՆՑԸ ՆՈՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ Է ԱՌԱՋԱՐԿԵԼ ԵՎ ՀԱՂԹԵԼ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ
«ԱՐՓԱ» ինստիտուտի կողմից անցկացվող նորարության ամենամյա մրցույթի երկրորդ մրցանակին արժանացել է ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Հովհաննես Ադոնցը:

Նորարարության ամենամյա մրցույթը կազմակերպվում է մինչև 35 տարեկան երիտասարդ գիտնականների (ներառյալ ուսանողների) համար: Մրցույթում սահմանված են եղել չորս մրցանկային տեղեր՝ համապատասխանաբար 2000, 1000, 600 և 400 ԱՄՆ դոլար պարգևներով: Հաղթողները որոշվել են արտասահմանյան մասնագետների գնահատականների հիման վրա:

 

Հովհաննես Ադոնցը դեռևս հոկտեմբերին էր տեսել մրցույթի հայտարարությունը և որոշել դիմել: «Օպտիկապես մաքուր 1, 2, 3-տրիազոլային օղակ պարունակող ոչ սպիտակուցային ամինաթթուների ստացման տեխնոլոգիա» աշխատանքը ներկայացրել է երկու լեզվով՝ հայերեն ու անգլերեն:

 

«Մասնագիտական գրականություն եմ ուսումնասիրել՝ պարզելու, թե կա առավել արդյունավետ մեթոդ, քան այն, որ առաջարկում եմ: Եկա այն եզրակացության, որ առաջարկվածը լավագույններից է: Փաստորեն մասնագետները նույնպես այդ կարծիքին են եղել»,- մեզ հետ զրույցում ասաց Հովհաննեսը:

 

Հովհաննեսի առաջարկած նորարարությունը 1, 2, 3- տրիազոլային օղակ պարունակող օպտիկապես ակտիվ ոչ սպիտակուցային ամինաթթուների ստացման մեթոդ-տեխնոլոգիան է: Ըստ նրա՝ մեթոդի, այսպես կոչված հաղթաթուղթը վերջանյութի բարձր օպտիկական մաքրության ապահովումն է, որի հնարավորությունը հայտնի այլ սինթետիկ մեթոդները չեն տալիս:

 

«Նշված տեսակի ամինաթթուները գիտական մեծ հետաքրքրություն են ներկայացնում աշխարհի կենսաբան, բժիշկ և գիտահետազոտական այլ ոլորտների ներկայացուցիչների համար: Օրինակ՝ շատ բժիշկներ և կենսաբաններ հետաքրքրված են նոր նյութերով, որոնց օպտիկական մաքրությունը բարձր է, քանի որ այդ նյութերը, ենթարկվելով համապատասխան հետազոտությունների, կարող են որոշակի ակտիվություն ցուցաբերել, որն էլ հետագայում կարող է հիմք հանդիսանալ տվյալ նյութը որպես դեղամիջոց կիրառելու համար»,- պարզաբանում է մրցանակակիրը:

 

Հետազոտություն իրականացնելու համար Հովհաննեսը աշխատել է Մոսկվայի Նեսմեյանովի անվան Էլեմենտօրգանական միացությունների ինստիտուտում, ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնում և ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտում՝ ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի տնօրեն, քիմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Սաղյանի գիտական ղեկավարությամբ:

 

Հիշեցնենք, որ 1992 թվականին Կալիֆորնիայում հիմնադրված «ԱՐՓԱ» ինստիտուտն իր փորձագետների միջոցով խորհրդատվական և հետազոտական աջակցություն է ցուցաբերում ՀՀ տարբեր ոլորտների զարգացման համար: Հիմնադրումից ի վեր, «ԱՐՓԱ» ինստիտուտը հանդես է եկել տարբեր նախաձեռնություններով: Դրանցից է նաև  նորարարության ամենամյա մրցույթը, որի նպատակն է խրախուսել ուսանողների գիտահետազոտական աշխատանքները: 

Քնար Միսակյան

 

Այլ նորություններ
ՉԻՆԱՍՏԱՆԸ 2020 ԹՎԱԿԱՆԻՆ ՈՒՂԵԾԻՐ Է ՈՒՂԱՐԿԵԼՈՒ «ԱՐՀԵՍԱՏԱԿԱՆ ԼՈՒՍԻՆ»
Չինաստանի Չենդու քաղաքի հետազոտական ինստիտուտի մասնագետները մշակել են լուսավորության համար նախատեսված արբանյակ՝ «արհեստական լուսին»:
ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ «ԲԱԶՄԱՎԷՊ» ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍԻ 175-ԱՄՅԱԿԻՆ
Այս տարի լրանում է «Բազմավէպ» հայագիտական հանդեսի 175-ամյակը։ Այս առիթով ՀՀ սփյուռքի նախարարությունը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան և Մխիթարյան միաբանությունը 2018 թ.-ի հոկտեմբերի 19-ին Երևանում կազմակերպել են գիտաժողով: