14.01.2022 | 
Հասարակություն
ԵՊՀ ԴՈՑԵՆՏ ՀՈՎԻԿ ՓԱՆՈՍՅԱՆԸ՝ 14 ԳԼԽԻՑ ԲԱՂԿԱՑԱԾ ՇՊՐԻՆԳԵՐՅԱՆ ԳՐՔԻ ԽՄԲԱԳԻՐ
ԵՊՀ ԴՈՑԵՆՏ ՀՈՎԻԿ ՓԱՆՈՍՅԱՆԸ՝ 14 ԳԼԽԻՑ ԲԱՂԿԱՑԱԾ ՇՊՐԻՆԳԵՐՅԱՆ ԳՐՔԻ ԽՄԲԱԳԻՐ
Գիտական հանրույթին քաջածանոթ «Springer» հրատարակչական տունն արդեն երկրորդ անգամ լույս է ընծայել ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի դոցենտ, կենսաբ. գիտ. թեկնածու Հովիկ Փանոսյանի և նրա օտարերկրյա գործընկերների համատեղ խմբագրությամբ կազմված «Մանրէային համակեցություններ և դրանց փոխազդեցություններն էքստրեմալ էկոհամակարգերում» 14 գլխից բաղկացած ստվարածավալ գիրքը:

«Մանրէային համակեցություններ և դրանց փոխազդեցություններն էքստրեմալ էկոհամակարգերում»գրքում զետեղված են կենսաբանության բնագավառում միջազգային հեղինակություն ունեցող գիտնականների՝ տասնամյակների ընթացքում հետազոտած փորձարարական ու տեսական աշխատանքները:

 

Գրքում արծարծվում են եվրասիական էկոհամակարգերի էքստրեմոֆիլ մանրէների մի շարք ասպեկտներին առնչվող խնդիրներ, ինչպես նաև տեղ են գտել կենսատեխնոլոգիաներում այդ մանրէների կիրառման հեռանկարներին վերաբերող աշխատանքներ:

 

Մեզ հետ զրույցում Հ. Փանոսյանն ասաց, որ նախկինում առիթ եղել է ներկայացնելու էքստրեմոֆիլ մանրէների նկատմամբ աճող հետաքրքրությունը՝ պայմանավորված վերջիններիս գիտագործնական նշանակությամբ: Նրա խոսքով, այսօր էլ էքստրեմոֆիլ մանրէները գիտնականների ուշադրության կիզակետում են, ըստ այդմ՝ դրանց առանձնահատկությունները լուսաբանելու և գիտության արդի նվաճումները նոր լույսի ներքո ներկայացնելու անհրաժեշտությունն արդիական է ու կարևոր:

 

 

«Առկա պահանջը բավարարելու նպատակադրվածությամբ էլ ես և իմ գործընկերները լծվեցինք այդ հետաքրքիր նախաձեռնությունն իրականացնելու բարդ ու պատասխանատու գործին, և այսօր արդեն գիտական հանրույթի դատին է ներկայացված նոր լույս ընծայված գիրքը»,- նշեց ԵՊՀ դոցենտը:

 

Ի դեպ, գրքի 3 գլուխները հեղինակել են ԵՊՀ աշխատակիցները: Այդ գլուխներից մեկում ներկայացված են «Thermus» ցեղի թերմոֆիլ մանրէների բազմազանությունը և դրանց կիրառական հեռանկարները, մյուսում՝ մետալաֆիլ մանրէների կենսաբանությունն ու ծանր մետաղների նկատմամբ հարմարվողականության մեխանիզմները:

 

Երրորդ գլուխը ԵՊՀ մասնագետները հեղինակել են տաջիկ և նորվեգացի գործընկերների հետ՝ ներկայացնելով Տաջիկստանի բարձրադիր երկրաջերմային աղբյուրների մանրէային կենսաբազմազանությունը: Ի դեպ, Հ. Փանոսյանն ասաց,  որ այդ աշխատանքներն իրականացվել են գրքի խմբագիրների համաղեկավարությամբ արդեն տասնամյա պատմություն ունեցող «Մետաքսի ճանապարհ» դրամաշնորհային ծրագրի շրջանակում:

 

«Մանրէային համակեցություններ և դրանց փոխազդեցություններն էքստրեմալ էկոհամակարգերում» գիրքը կարող է օգտակար լինել ընդհանուր և էկոլոգիական մանրէաբանություն, մանրէների  կենսատեխնոլոգիա մասնագիտություններով մասնագիտացող ուսանողների, մագիստրանտների, ասպիրանտների, ինչպես նաև երիտասարդ հետազոտողների և գիտաշխատողների համար:

 

 

Քնար Միսակյան

 

Այլ նորություններ
ԵՊՀ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆԸ ՊԵՏՔ Է ԴԱՌՆԱ ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԺԵՎՈՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ. ԱՆՎՃԱՐ ԴԱՍԸՆԹԱՑ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության և ԵՊՀ աստղադիտարանի տնօրեն Աշոտ Մելքոնյանի նախաձեռնությամբ շարունակվում են մասնագիտական կողմնորոշման նպատակով ԵՊՀ աստղադիտարանում անվճար դասընթացներ կազմակերպվել ապագա դիմորդների համար:
«ԷՐԱԶՄՈՒՍ+» ԾՐԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՕՐԵՐ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճի նախասրահում այսօր տեղի է ունեցել «ԵՄ Էրազմուս-2022 տեղեկատվական օրեր» խորագրով հանդիպում-քննարկում: