19.04.2017 | 
Կրթություն
ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ. ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ ԴՐԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ. ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ ԴՐԱՆ
Այս կարևոր հարցի պատասխանը ԵՊՀ ուսանողներին այսօր տվեցին նյույորքաբնակ մասնագետները:

Ժամանակակից տեխնոլոգիաների օգնությամբ ԵՊՀ-ում «հյուրընկալվել էին» բիզնեսի, ֆինանսների և կառավարման միջազգային փորձագետ, «Accenture» ընկերության գործադիր տնօրեն Էմմա Առաքելյանը և իր երկու գործընկերները՝ Աննա Բեննեթը (Ավետիսյան) և Դինեշ Շարման:

 

«Առաջնորություն. ինչպե՞ս հասնել դրան» խորագրով վեբինարի կազմակերպիչը ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնն էր:

 

«Մեր ամերիկյան փորձագետների հետ առաջին անգամ չէ, որ աշխատում ենք: Երբ կազմակերպեցինք առաջին վեբինարը, հասկացանք, որ ուսանողների շրջանում բավականին մեծ հետաքրքրություն կա: Բացի այն, որ ձևաչափը նոր է և գրավիչ, ուսանողների համար նաև թեման է հետաքրքիր ու արդիական: Այսօրվա աշխատաշուկան պահանջում է հմտություններ, որոնք ուսանողները կարող են ձեռք բերել այսպիսի ծրագրերի մասնակցելով»,- ասում է ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի փոխտնօրեն Կարինե Նազարյանը:

 

Կազմակերպիչները նշում են, որ առաջնորդությանը նվիրված վեբինարով չեն սահմանափակվում. նախատեսված են ևս երկու վեբինարներ, որոնց բանախոսները կխոսեն արտաքին և ներքին աշխատաշուկաների, ինչպես նաև ձեռներեցության ու գործարարության մասին:

 

Վեբինարի սկզբում նախ Էմմա Առաքելյանը ներկայացրեց լիդեր դառնալու քայլերի հերթականությունը՝ սկսած սեփական անձը ճանաչելուց մինչև այլոց առաջնորդելն ու առաջնորդներ պատրաստելը:

Այնուհետև Աննա Բեննեթը խոսեց անձի ինքնագնահատման և դեպի լիդերության տանող ճանապարհի մասին: «Լիդերությունը պետք է սկսել սեփական անձը յուրօրինակ «բրենդ» դարձնելուց»,- վստահ է տիկին Բեննեթը: Իսկ դրան հասնելու համար պետք է կարողանալ մարդկանց մոտիվացնել, լավ աշխատանքի համար դրվատել, նրանց խնդիրներին ու պահանջներին արձագանքել և ստիպել նրանց գործի դնել իրենց ամբողջ ներուժը և այլն:

 

Առաջնորդության և գործարար հմտությունների մասին էլ խոսեց Դինեշ Շարման, ով հանգամանորեն անդրադարձավ բիզնես հաղորդակցության առանձնահատկություններին, հաջողության հասնելու համար մարդուց պահանջվող որակներին, ինչպես նաև առաջիկա տարիների մարտահրավերներին, որոնց պետք է պատրաստ լինել:

Այլ նորություններ
ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ ՍՏԱՆՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԴԻՊԼՈՄՆԵՐԸ
Այս օրերին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի 5-րդ հարկում ընթանում է 2016-2017 ուստարվա շրջանավարտների շրջաթերթերի գրանցման և դիպլոմների հանձնման գործընթացը:
ՀԱՅԱԶԳԻ ՊՐՈՖԵՍՈՐԸ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԴԱՑ ԵՊՀ-ՈՒՄ
Հունիսի 12-13-ը ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետում դասախոսություններով հանդես եկավ ԱՄՆ-ի Ռոչեստերի համալսարանի պրոֆեսոր Սևակ Մկրտչյանը: