26.06.2018 | 
Հասարակություն
«ԳԻՏՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ԱՆՎԵՐՋ ԻՆՔՆԱԿՐԹՈՒԹՅՈՒՆ ՈՒ ԺԱՄԱՆԱԿԻՆ ԶՈՒԳԱՀԵՌ ՄՏԱԾԵԼՈՒ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅՈՒՆ». ՏԱԹԵՎԻԿ ՉԱԼՅԱՆ
«ԳԻՏՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ԱՆՎԵՐՋ ԻՆՔՆԱԿՐԹՈՒԹՅՈՒՆ ՈՒ ԺԱՄԱՆԱԿԻՆ ԶՈՒԳԱՀԵՌ ՄՏԱԾԵԼՈՒ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅՈՒՆ». ՏԱԹԵՎԻԿ ՉԱԼՅԱՆ
Տաթևիկ Չալյանը կրթությունը ստացել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում: Այսօր նա սովորում է Իտալիայի Տրենտոյի համալսարանի ասպիրանտուրայում: Գերազանց ավարտելով ԵՊՀ-ն՝ Տաթևիկն այժմ ակտիվ գործունեություն է իրականացնում արտասահմանյան բուհում: Տրենտոյի համալսարանի ասպիրանտի հետ զրուցել ենք անցած ճանապարհի, այժմյան գործունեության և ԵՊՀ-ի մասին:

- Տաթևի՛կ, ի՞նչ կրթություն ես ստացել մինչ այժմ ու ի՞նչ գործունեություն ես իրականացրել:

 

- 2006-2010 թթ.-ին սովորել եմ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի բակալավրում և դիպլոմային աշխատանքս գրել եմ Օպտիկայի ամբիոնում։ 2010-2012 թթ.-ին շարունակել եմ մագիստրատուրան նույն ամբիոնում։ Մագիստրատուրային զուգահեռ ՝ 2011 թվականից մինչև 2014 թվականի հոկտեմբեր ամիսը որպես լազերային ինժեներ աշխատել եմ «ԼՏ-ՊԻՐԿԱԼ» ՓԲԸ-ում։ Փորձարարական հիմնական գիտելիքներս ձեռք եմ բերել աշխատանքի ընթացքում, որն էլ հետագայում ինձ օգնել է ընդունվել և գիտական ճանապարհ հարթել Տրենտոյի համալսարանում (Իտալիա): 2014 թվականի նոյեմբերի 1-ից մինչև օրս Տրենտոյում սովորում եմ ասպիրանտուրայում, իսկ ատենախոսությունս նվիրված է օպտիկական բիո-սենսորներին։

 

- Կպատմե՞ս, թե ինչպես ընդուվենցիր Տրենտոյի համալսարանի ասպիրանտուրա:

 

- Թեև ԵՊՀ-ում սովորել եմ գերազանց, բայց առանձնապես ակտիվ գործունեություն չեմ իրականացրել։ Ավարտելուց հետո սկսեցի ակտիվորեն մասնակցել գիտաժողովների: Սկզբում որպես պարզապես մասնակից էի, ապա նաև տարբեր միջոցառումների կազմակերպիչ։ Վստահաբար կարող եմ նշել, որ հատկանշական հաջողություններս սկսվել են 2013 թվականի սեպտեմբերից, երբ մասնակցեցի Երևանում կազմակերպված «IONS-2013» խորագրով միջազգային երիտասարդական գիտաժողովին։ Հաղթեցի «Լավագույն պոստեր» մրցանակը, որը նոր խթան էր ինձ համար։ Սկսեցի հավատալ ինքս իմ ուժերին և հայտ ներկայացրի «ICTP»-ի կողմից կազմակերպվող (International Center of Theoretical Physics) 2014 թվականի փետրվարի 4-21 կայանալիք ձմեռային դպրոցին մասնակցելու համար։ Ի ուրախություն ինձ՝ հայտս ընդունվեց, և արդեն փետրվարին մեկնեցի Իտալիա, որտեղ ներկայացրի ծավալած աշխատանքս։ Այդ նույն դպրոցին ներկա էր նաև իմ ապագա ղեկավար, պրոֆեսոր Լորենցո Պավեզին, ով նկատելով իմ հետաքրքրությունը «Silicon Photonics»-ի և, առհասարակ, ֆոտոնիկայի հանդեպ, առաջարկեց ասպիրանտուրայի հայտ ներկայացնել։ Հետևեցի նրա խորհրդին, և իտալացի ուսանողների հետ հավասար հիմունքներով քննություններ հանձնելով՝ ընդունվեցի Տրենտոյի համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ։

 

- Գիտեմ, որ այժմ էլ ակտիվ գործունեություն ես իրականացնում: Կմանրամասնե՞ս:

 

- Ասպիրանտուրայի ընթացքում բանավոր զեկույցներով մասնակցել եմ մոտ 15 միջազգային կոնֆերանսների և սեմինարների, ինչպես նաև ինքս եմ կազմակերպել գիտաժողովներ:  Իմ  նախաձեռնությամբ 2016 թվականի հոկտեմբերին Տրենտոյում հիմնադրվեց «SPIE»-ի (the International Society for Optics and Photonics) «Student Chapter» ուսանողական մասնաճյուղը, որում այսօր արդեն 30 ուսանող է ընդգրկված։ Մեր կողմից կազմակերպած ամենամեծ և միջազգային առումով ամենահայտնի միջոցառումը 2018 թվականի փետրվարի 17-20-ը կայացած «OPTICS-2018»-ն էր, որը «Օպտիկան և նրա կիրառությունները» գիտաժողովների շարքի 6-րդ կոնֆերանսն էր։ Մասնակից 15 ազգերի ներկայացուցիչների թվում էին նաև հայ ուսանողներ և լեկտորներ, այդ թվում նաև ես՝  որպես գլխավոր կազմակերպիչ։

 

- Տաթևի՛կ, իսկ ի՞նչ կասես ԵՊՀ  և Տրենտոյի համալսարանների մասին: Ի՞նչ տարբերություններ ու նմանություններ ես նկատել: Կա՞ մի բան, որ կցանկանայիր ԵՊՀ-ում էլ տեսնել:

 

- Բնականաբար,անհամեմատելի են այս երկու համալսարանները՝ թե՛ որակի, թե՛ մոտեցումների առումով։ Բայց ես խորապես վստահ եմ, որ որակը շատ դեպքերում կախված է մոտեցումներից։ Շատ կարևոր բան սովորեցի Տրենտոյում, որ հաճախ բացակայում է հայաստանյան մտածելակերպի մեջ։ Խոսքն ուսանող-դասախոս գործնական հարգանքի մասին է։ Այսինքն՝ յուրաքանչյուրը հարգում է դիմացինի աշխատանքը, իսկ առաջին հերթին բոլորս գործընկերներ ենք: Բոլորը մի հարթակի վրա են, քանի որ գիտակցում են, որ վատ դասախոսը կունենա վատ ուսանող և հակառակը։ Անկախ տարիքից և զբաղեցրած դիրքից՝ բոլորն ամեն օր կրթվում են։ Երբ տեսնում ես դասախոսիդ վերջին նորության գրքերը կարդալիս, ինքդ էլ ոգևորվում ու սկսում ես կարդալ ու սովորել։ Այ սա բացակայում է ԵՊՀ-ում։ Մարդիկ այսօր 20-30 տարի առաջվա նյութերն են հրամցնում, որոնք էլ արդիական չեն։ Ես շատ կուզեի, որ իմ շատ սիրելի ու հարգելի դասախոսներն օրը մի ժամ տրամադրեին ու կարդային իրենց իսկ ոլորտի վերջին նորությունները։ Այ սա են ակնկալում ուսանողները՝ ժամանակակից կրթությամբ դասախոսներ։ Սա ո՛չ ֆինանսավորում է պահանջում, ո՛չ էլ լրացուցիչ աշխատանք։ Ըստ իմ համոզմունքների և Տրենտոյում ստացածս փորձի՝ կարծում եմ, որ գիտության ֆինանսավորում պահանջելուց առաջ պետք է գիտնականները պատրաստ լինեն իրական գիտությամբ զբաղվելուն։ Գիտությամբ զբաղվել նշանակում է անվերջ ինքնակրթություն ու ժամանակին զուգահեռ մտածելու պատրաստակամություն։ Սա իր հետ կբերի միջազգային ծրագրեր ու դրամաշնորհներ, որով և իրականում ֆինանսավորում է գիտությունն աշխարհի շատ երկրներում, այդ թվում նաև՝ Իտալիայում։ Հուսով եմ, որ օրը կգա, երբ այս տարրական կետերն իրականություն կդառնան։

 

Քնար Միսակյան

Այլ նորություններ
ՉԻՆԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ՀՆՉՅՈՒՆԱՎՈՐՈՒՄ. ՆԱԽԱԴԵՊԸ ՉՈՒՆԵՑՈՂ ՄՐՑՈՒՅԹ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի չինարենի և չինական մշակույթի կենտրոնի և Կոնֆուցիուսի ինստիտուտի կողմից կազմակերպվել էր չինական ֆիլմերի հնչյունավորման միջբուհական մրցույթ: Հայաստանում նմանօրինակ մրցույթ անցկացվեց առաջին անգամ:
50 ՏԱՐԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ.  ՊՐՈՖԵՍՈՐ  Գ.  ՀԱՋՅԱՆԸ  ԳՐԻԳՈՐ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻ ՄԱՍԻՆ
«Հիանալի մարդ, հիանալի դասախոս, հիանալի գիտնական»: Այս խոսքերը, որով ուսանողները վերջին սոցհարցումների միջոցով գնահատել են ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ալիքային պրոցեսների տեսության և ֆիզիկայի ամբիոնի դոցենտ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, երկարամյա դասախոս Գրիգոր Ալավերդյանին, լավագույն նվերն են նրա ծննդյան 70-ամյակին: