23.05.2018 | 
Քաղաքականություն
ԵՊՀ ԴԱՍԱԽՈՍԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԲԱՐՈՅԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՐԳ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԳԻԾԸ
ԵՊՀ ԴԱՍԱԽՈՍԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԲԱՐՈՅԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՐԳ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԳԻԾԸ
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի դասախոս Մերուժան Հարությունյանն այսօր ԵՊՀ-ում հանրային քննարկմանը ներկայացրեց իր կազմած «Բարոյակարգ հաստատելու դրույթները» վերնագրով 18-էջանոց առաջարկությունների ձեռնարկը:

Բանախոսը նշեց, որ արդեն 30 տարի է՝ զբաղվում է բարոյագիտության և սահմանադրագիտության հարցերով, և միշտ մտածել  է այն հարցի շուրջ, թե ինչպես պետք է սահմանադրությունը կազմված լինի, որ երկիրը ծաղկի:

 

«Ես ինքս մտածում էի, թե իմ այս ձեռնարկի հարկը չկա, մանավանդ որ արդեն 70 տարեկան եմ: Սակայն թավշյա իշխանափոխությունից հետո տեսնելով, որ հասարակական կոնֆլիկտներն ու ժողովրդի դժգոհությունը չեն մարում, մտածեցի ներկայացնել բարոյակարգ, այսինքն՝ բարոյական հասարակական կարգ կառուցելու համար անհրաժեշտ սահմանադրության ուրվագիծը»,- հավելեց Մերուժան Հարությունյանը:

 

Բանախոսի խոսքով, «Բարոյակարգ հաստատելու դրույթները» վերնագրով  առաջարկությունների ձեռնարկը ներկայացնում է ընդամենը հնարավոր նոր սահմանադրության էության ուրվագիծը: «Ես այն կազմել եմ՝ հաշվի առնելով մեր քաղաքակրթության կենսափորձը և գիտական տնտեսագիտությունն ու իրավագիտությունը մոտ 30 տարի ուշադիր ուսումնասիրելուց հետո»,- ասաց նա:

 

«Պետք է նշեմ, որ «Բարոյակարգ հաստատելու դրույթները» վերնագրով առաջարկությունների ձեռնարկում առաջարկում եմ, որ իշխանությունը պետք է բաժանվի երեք անկախ թևի՝ օրենսդիր ժողովի, կառավարության ու լրիվ անկախ դատարանների: Ազգային ժողովը պետք է զբաղվի միայն օրենսդրական հարցերով և չպետք է ունենա ոչ մի գործադիր ֆունկցիա, ՀՀ վարչապետի ղեկավարությամբ կառավարությունը պետք է զբաղվի այն հարցերով, որոնք չեն վերաբերվում ազատ շուկային, այլ պետք է հետևի օրենքի անխափան կատարմանը,  իսկ դատական իշխանությունը պետք է բացարձակ անկախ լինի:  Այս երեք թևերը պետք է իրարից բացարձակ անկախ լինեն և հսկելի՝ անկախ դատարանների միջոցով: Ինչպես նաև պետական աշխատողները սեփական բիզնես ունենալու իրավունք չպետք է ունենան: Կառավարության կազմը պետք է կրճատվի, իսկ նախարարությունների աշխատողների թվաքանակը պետք է խիստ կրճատվի, բյուջեից գումարները պետք է տրամադրվեն այն հարցերին, որոնք ավելի էական են: Սրանք այն հիմնական թեզերն են, որոնք ներկայացրել եմ իմ առաջարկությունների ձեռնարկում:  Բացի վերոնշյալից՝ իմ առաջարկություններում անդրադարձել եմ նաև մի շարք այլ խնդիրների»,- նկատեց ԵՊՀ դասախոսը:  

 

Ըստ Մերուժան Հարությունյանի՝ ժամանակավոր կառավարություն կազմելուց հետո առաջին հերթին պետք է  կազմվի նոր սահմանադրության այն հիմնական ուրվագիծը, ինչի հիման վրա էլ կկառուցվի նոր հասարակարգը:

 

«Ժողովուրդը պետք է իմանա, որ արվելիք փոփոխությունները պետք է անպայման օրինական հիմքեր ունենան, որոնք շրջելի չլինեն: Այդ ամենից հետո  նոր պետք է մի երկու ամսում կազմվի նոր սահմանադրությունը, իսկ հետո անհրաժեշտ է, որ այս սահմանադրությունը մեկ-երկու ամիս բացատրվի ժողովրդին, որպեսզի ժողովուրդը համոզվի, որ սա հենց իր ուզած հասարակական կարգն է»,- հավելեց Մ. Հարությունյանը:

 

Մերուժան Հարությունյանի համոզմամբ, առանց նոր սահմանադրության, օրենսդրական ցանկացած փոփոխություն կլինի կամ ոչ էական, կամ ոչ լեգիտիմ:

 

«Իմ կողմից առաջարկվող ուրվագծի դրույթները հիմնված են բարոյականության հիմնական նորմերի վրա, սրա համար էլ այս սահմանադրությունն անվանում եմ բարոյական սահմանադրություն, իսկ սրա հաստատած հասարակական կարգն էլ կոչում եմ բարոյակարգ: Իմ կողմից առաջարկվող սահմանադրության ուրվագծին համապատասխան սահմանադրություն չկա աշխարհի ոչ մի երկրում, այսինքն՝ աշխարհի ոչ մի երկրում էլ լիիրավ բարոյակարգ չկա: Կան բարոյակարգին քիչ թե շատ մոտ կարգեր միայն: Սա կնշանակի, որ Հայաստանի վիճակը եզակի է, որովհետև Հայաստանը կլինի մեր քաղաքակրթության պատմության մեջ առաջին երկիրը, որ ի վերջո կընդունի մի լիովին ժողովրդավարական սահմանադրություն»,- ասաց Մերուժան Հարությունյանը:

 

Մ. Հարությունյանը հայտնեց, որ նախատեսում է հանրային քննարկումից հետո իր առաջարկությունների ձեռնարկը ներկայացնել ՀՀ վարչապետին:

 

Նադեժդա Տեր-Աբրահամյան

 

Այլ նորություններ
ԵՊՀ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ 10 ՏԱՐԵԿԱՆ Է
Այսօր ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն իր աշխատասենյակում ընդունեց բուհի ուսումնական գործընթացի կառավարման «Supervision» էլեկտրոնային ծրագրի աշխատակիցներին:
«ՄԵԶ ՀԱՄԱՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԲԱՎԱՐԱՐՎԱԾ ԼԻՆԵԼՆ Է». ՄԱՆԵ ԹԱՆԴԻԼՅԱՆԸ՝ ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՀՅՈՒՐ
Այսօր ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնը հյուրընկալել էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանին: