19.09.2008 | 
«ՀԱՐՄՈՆԻԿ ԱՆԱԼԻԶ ԵՒ ՄՈՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ - IV»
«ՀԱՐՄՈՆԻԿ ԱՆԱԼԻԶ ԵՒ ՄՈՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ - IV»
ԵՊՀ Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազայում մեկնարկեց միջազգային գիտաժողով` նվիրված ակադեմիկոս Ա. Թալալյանի ծննդյան 80-ամյակին:
Արդեն ավանդական դարձած «Հարմոնիկ անալիզ եւ մոտավորություն – IV» գիտաժողովը անցկացվում է 1998թ-ից: Կազմակերպիչներն են Երեւանի պետական համալսարանը եւ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի մաթեմատիկայի ինստիտուտը: «Հաշվի առնելով ակադեմիկոս Թալալյանի մեծ ավանդը եւ ճանաչումը մաթեմատիկայի աշխարհում, որոշեցինք այս տարվա գիտաժողովը նվիրել նրան»,- բացման խոսքում ասաց ԵՊՀ պրոռեկտոր Գեղամ Գեւորգյանը: Այս միջոցառման նպատակներն են քննարկումների միջոցով կազմակերպել փորձի փոխանակում, ներկայացնել գիտական ասպարեզում ունեցած հաջողությունները եւ ապահովել գիտնականների ազատ շփումը: Գիտաժողովին մասնակցում են ինչպես Հայաստանի, այնպես էլ ԱՄՆ-ի, Եվրոպայի եւ Ասիայի 14 երկրներից հրավիրված մոտ 60 ճանաչված եւ սկսնակ գիտնականներ: «Ես այս գիտաժողովին մասնակցում եմ անցկացման առաջին իսկ տարվանից եւ հիշում եմ, թե ինձ համար ինչ կարեւոր դեր խաղաց առաջին գիտաժողովը: Այստեղ, շփվելով բարձրակարգ մաթեմատիկոսների հետ, մարդիկ իմանում են, թե ինչ նորություն կա գիտության բնագավառում եւ ջանում են ավելի լավ աշխատել»,- ասաց Ուկրաինայից ժամանած գիտնականը: Բացի գիտական զեկույցներ կարդալուց, գիտնականները կայցելեն Գառնի, Գեղարդ, Էջմիածին, Գոշավանք կամ Հաղարծին, իսկ սեպտեմբերի 20-ին ներկա կգտնվեն Աննա Մայիլյանի համերգային երեկոյին: Գիտաժողովի անցկացմանը հովանավորում եւ աջակցում են «Հետազոտական մաթեմատիկա» եւ «Պրոմեթեյ գիտություն» հիմնադրամները, ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեն, Միջազգային մաթեմատիկական միությունը եւ «Հյուր սերվիս» ընկերությունը: Գիտաժողովը կշարունակվի մինչև սեպտեմբերի 26-ը: