ԵՊՀ ուսանողական սպարտակիադան, որը կազմակերպվել է Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ, մեկնարկել է ապրիլի 23-ից` ֆուտբոլային եւ բասկետբոլային մրցաշարերով: Մարզական միջոցառումների նկատմամբ արդեն իսկ անչափ մեծ հետաքրքրություն է առաջացել համալսարանականների շրջանում:
Ուսանողները ոչ միայն ակտիվորեն մասնակցում էին թե՛ ֆուտբոլային, թե՛ բասկետբոլային խաղերին, այլեւ ամեն խաղի ժամանակ երկրպագում իրենց ֆակուլտետային թիմին` սատար կանգնելով ֆակուլտետը ներկայացնող մարզիկներին: Դեռեւս մայիսի 2-ին կայացավ աղջիկների միջֆակուլտետային ֆուտբոլի առաջնությունը, որին մասնակցում էին միայն 4 թիմեր:
Աղջիկների մրցաշարում հաղթող ճանաչվեց Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի թիմը, 2-րդ տեղում Սոցիոլոգիայի ֆակուլտետի թիմն էր, իսկ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի թիմը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը, քանի որ մրցակցի ֆուտբոլիստուհիները չէին ներկայացել պատասխանատու խաղին, եւ տեխնիկական պարտություն էր գրանցվել: Մայիսի 4-ին էլ ավարտվեց տղաների ֆուտբոլի մրցաշարը. կայացավ երկու կարեւոր հանդիպում:
Նախ խաղադաշտ դուրս եկան բրոնզե մեդալի համար պայքարողները` Արեւելագիտության եւ Տնտեսագիտության ֆակուլտետների թիմերը: Այդ խաղում ապագա տնտեսագետներն առավելության հասան 7-4 հաշվով եւ նվաճեցին ԵՊՀ միջֆակուլտետային ֆուտբոլի մրցաշարի բրոնզե մեդալները: Իսկ չեմպիոնի տիտղոսի համար պայքարում էին Միջազգային հարաբերությունների ու Աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետների թիմերը: Եզրափակիչ խաղն անցավ անչափ լարված պայքարում ու 5-4 հաշվով հաղթեցին ապագա երկրաբաններն ու աշխարհագրագետները:
Ուսանողական բասկետբոլի միջֆակուլտետային մրցաշարը նույնպես անցավ բավականին հետաքրքիր ու հանդիպումներով հագեցած: Մրցաշարի եզրափակիչ փուլ դուրս եկան 4 թիմեր, որոնք շրջանաձեւ խաղերի միջոցով միմյանց միջեւ վիճարկեցին առաջնության չեմպիոնի տիտղոսը: Չեմպիոնի կոչումը նվաճեց Ֆիզիկայի ֆակուլտետի բասկետբոլային թիմը: Մրցաշարի 2-րդ պատվավոր հորիզոնականը զբաղեցրեցին ապագա տնտեսագետները, իսկ 3-րդը` Ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի թիմը:
Թե՛ ֆուտբոլի, թե՛ բասկետբոլի առաջնությունների հաղթող թիմերը պարգեւատրվեցին փոխանցիկ գավաթներով, իսկ ֆուտբոլիստներն ու բասկետբոլիստները` հուշամեդալներով: Պարգեւատրման արարողությանը մասնակցել է նաեւ ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների եւ հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը:
Հավելենք, որ ուսանողական սպարտակիադան դեռեւս ավարտված չէ, եւ շատ շուտով կմեկնարի արդեն վոլեյբոլի միջֆակուլտետային առաջնությունը, որի վիճակահանությունը կկայանա մայիսի 8-ին: