10.05.2007 | 
Կրթություն
ՊԱՏԵՐԱԶՄ ԵՎ ՀՈՒՄԱՆԻԶՄ
ՊԱՏԵՐԱԶՄ ԵՎ ՀՈՒՄԱՆԻԶՄ
Մտածել, որ պատերազմները մի օր վերանալու են, անիրատեսական է: Պետք է պարզապես պատերազմներն էլ «սահմանների մեջ» դնել:

Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ուսխորհուրդը եւ ուսանողական գիտական ընկերությունը մայիսի 10-ին գիտագործնական սեմինար էին կազմակերպել: Թեման «Միջազգային մարդասիրական իրավունքը եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն» էր, դրա դերակատարությունը այդ իրավական նորմերի ապահովման գործում:

«Մեր հանրապետությունում ամեն տարի Միջազգային մարդասիրության իրավունքին նվիրված գիտաժողով-մրցույթներ են կազմակերպվում: Այս տարի մեր ֆակուլտետի ուսանողները առաջին մրցանակն են շահել: Այս նախաձեռնության նպատակը առաջին եւ երկրորդ կուրսեցիների մեջ Միջազգային մարդասիրական իրավունքի հանդեպ հետաքրքրությունն ավելացնելն է: Եթե նրանք իրենց գիտելիքները կիսեն ուրիշների հետ, ապա որոշ ժամանակ անց մենք կունենանք մի հասարակություն, որը գիտե, թե պատերազմական իրավիճակներում ինչպես պետք է վարվել»,- ասաց իրավագիտության ՈՒԽ նախագահ Տարոն Սիմոնյանը:

Զեկուցեղները 4-րդ կուրսի եւ մագիստրատուրայի այն ուսանողներն էին, ովքեր մասնակցել են Կարմիր խաչի ազգային գրասենյակի կողմից կազմակերպվող մրցույթներին եւ հաջողության հասել: Նրանք ներկայացրին Կարմիր խաչի ստեղծման պատմությունը, նկարագրեցին, թե ինչ է Միջազգային մարդասիրական իրավունքը, խոսեցին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի դերի, գործառույթների եւ իրավունքների մասին:

ԿԽՄԿ-ն ստեղծվել է 1863 թ-ին Անրի Դյունանի նախաձեռնությամբ ու ջանքերի շնորհիվ: Այն կոչված է պահպանելու մարդասիրության դրսեւորումները պատերազմի թոհուբոհում: Պատերազմում սահմանափակումներ կան պատերազմելու միջոցների եւ զինվորականների վարքի վերաբերյալ: Այս սկզբունքների հիման վրա ստեղծված կանոնների հավաքածուն հայտնի է որպես Միջազգային մարդասիրական իրավունք, որի հիմնարար սկզբունքներն են Ժնեւի կոնվենցիաները: Այն վավերացրել են 192 երկրներ:

Զեկուցողներից մեկը` Լիպարիտ Դրմեյանը, պատմեց, որ Կարմիր խաչի շարժմանը զուգահեռ ձեւավորվել է նաեւ Կարմիր մահիկի շարժումը, որպեսզի մարդկանց կրոնա-քաղաքական հայացքները չվիրավորվեն:

Արմենուհի Գառգալոյանի զեկուցման թեման ԿԽՄԿ-ի դերին եւ գործառույթներին էր վերաբերում: Նա առանձնացրեց ռազմագերիներին եւ կալանքի տակ գտնվող քաղաքացիական անձանց այցելությունը, մարդասիրական իրավունքի մասին գիտելիքների տարածումը անհայտ կորածների որոնումը, պարենի, ջրի, դեղորայքի մատակարարումը նրանց, ում անհասանելի են կենսական անհրաժեշտություն ներկայացնող այդ տարրերը:

Ֆակուլտետի ՈՒԽ նախագահ Տարոն Սիմոնյանը հուսով է, որ սեմինարին հրավիրված Կարմիր խաչի աշխատակիցները կգնահատեն մեր ուսանողների գիտելիքները, եւ դա աշխատանքային հեռանկար կստեղծի համալսարանականների համար:

Այլ նորություններ
ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ ԵՊՀ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ԵՎ ՄԵԽԱՆԻԿԱՅԻ ՈՒ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՆԵՐՈՒՄ
Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի և մեխանիկայի ու կենսաբանության ֆակուլտետներում այսօր բաց դռների օր էր մի քանի ավագ դպրոցների աշակերտների համար:
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ ԵՊՀ ԵՎ ՅԱՐՈՍԼԱՎԼԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՆԵՐԻ ՄԻՋԵՎ
Իրավագիտության ֆակուլտետում այսօր հյուրընկալել են Ռուսաստանի Դաշնության Յարոսլավլի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի պատվիրակությանը՝ ի դեմս Քրեական իրավունքի և կրիմինոլոգիայի ամբիոնի վարիչ, իրավ. գիտ. դոկտոր Արտյոմ Իվանչինի: