Այս տողերը ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի ուսանող-ազատամարտիկ Ֆուրման Շահումյանցուն (Գեորգյան) նվիրված նյութից է: Վ. Պետրոսյանի ակնարկը տպագրվել է դեռեւս 1993 թ-ի օգոստոսին «Երկիր» թերթում: Այսօր էլ համալսարանական զոհված ազատամարտիկին հիշում են ու սիրում:
ԵՊՀ «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի սաներն այսօր այցելել են Եռաբլուր` հարգանքի տուրք մատուցելու զոհված ազատամարտիկի վառ հիշատակին: Համալսարանականները Ֆուրմանի հարազատների հետ հիշեցին շահումյանցի երիտասարդի անցած կարճ, բայց եւ անհատույց ուղին, նրա նպատակներն ու երազանքները: «… Պիտի գնամ, մամ, գրապահարանիս մեջ` իմ նկարի աջ ու ձախ կողմերում, Անդրանիկի ու Գեւորգ Չաուշի նկարներն են. չեմ կարող թողնել գերության մեջ: Պիտի գնամ, ես Արտակին պիտի փոխարինեմ:
Արտակն իմ դասընկերն էր, զոհվեց 92-ի մայիսի 2-ին, Էրքեջի մոտ: Նրա զոհվելուց հետո համալսարանի միջանցքները ինձ խեղդում են»,- պարտիզաններին միանալու համար մոր օրհնությունն էր խնդրում 20-ը դեռ չբոլորած Ֆուրմանը: «Վարդանանք»-ի նախագահ Սաթենիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ ակումբը կազմակերպել է Ֆուրման Շահումյանցի հիշատակին նվիրված միջոցառում: Հոկտեմբեր ամսվա սկզբին նախատեսվող ցերեկույթը կանցկացվի համալսարանական ազատամարտիկի անունը կրող լսարանում: