20.09.2007 | 
Հասարակություն
ԵՐԵՎԱՆ-ՆԻՑՑԱ. ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ-ՆԻՑՑԱ. ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
«Մի ժամանակ տնտեսական հզորության գրավականը քարածուխն էր, հետո` նավթը: Հավատացած ենք, որ նոր դարաշրջանում այդ չափանիշը գիտելիքն է լինելու»:

Այս կարծիքին է Ֆրանսիայի Նիցցա քաղաքի սենատոր-քաղաքապետ Ժաք Պեյրանը: Վերջինիս գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 20-ին այցելել էր Երեւանի պետական համալսարան: Այցի նպատակը Նիցցայի Սոֆիա Անտիպոլիս եւ Երեւանի պետական համալսարանների միջեւ համագործակցության պայմանագրի կնքումն էր: 

ԵՊՀ գիտական քաղաքականության եւ միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Սամվել Հարությունյանը այս պայմանագրի ստորագրումը բավականին կարեւոր է համարում: «ԵՊՀ-ն գտնվում է բարեփոխումների բուռն շրջանում, եւ Նիցցայի Սոֆիա Անտիպոլիս համալսարանի փորձը մեզ համար շատ կարեւոր կլինի` բոլոնյան գործընթացի հետ կապված խնդիրները կարգավորելու համար»,- ասաց պրոռեկտորը: 

ԵՊՀ-ն 100-ից ավելի համագործակցության պայմանագրեր ունի աշխարհի տարբեր բուհերի հետ, բայց դրանց միայն կեսից ավելին են նորմալ գործում: Այս պայմանագիրը, ըստ Սամվել Հարությունյանի, շատ հեռանկարային է: Սոֆիա Անտիպոլիսը համեմատաբար երիտասարդ, դասական համալսարան է (հիմնադրվել է 1965 թ-ին), ունի 26 հազար ուսանող, 11 մասնագիտություն, 62 գիտահետազոտական կենտրոն: 

ԵՊՀ պրոռեկտորը վստահ է, որ պայմանագրի ստորագրումը կարեւոր է ոչ միայն ԵՊՀ-ի, այլեւ հենց Նիցցայի համալսարանի համար. «Մեր համալսարանն իր գիտական ներուժով չի զիջում շատ ու շատ զարգացած համալսարանների: Մյուս տարի, երբ մեր բուհի պատվիրակությունը մեկնի Նիցցա, ստորագրված պայմանագիրը գործի դնելու համար կմշակվի աշխատանքային ծրագիր: Դրանից հետո մենք կսկսենք ինտենսիվորեն համագործակցել գիտակրթական ասպարեզում, դասախոսների եւ ուսանողների փոխանակման ծրագրեր իրականացնել»: 

Նիցցայի քաղաքապետ Ժաք Պեյրանը նշեց, որ պայմանագրի ստորագրումը ապահովում է ԵՊՀ-ի մուտքը «Իքանետ»: Վերջինս գիտահետազոտական կենտրոն է, որին անդամկցում են Բրազիլիան, Ռուսաստանը, Ֆրանսիան (Նիցցան) եւ Վատիկանը: «Այդ կենտրոնի նպատակն է հավաքել տիեզերքում գտնվող բոլոր արբանյակների հաղորդած տվյալները: Այդ տվյալների համադրումը մեզ հստակ պատկերացում է տալիս մեզնից դուրս գոյություն ունեցող աշխարհների մասին»,- բացատրեց քաղաքապետը: 

ԵՊՀ պրոռեկտորը նշեց, որ «Իքանետ»-ին անդամակցությունը բավականին կարեւոր ու արդյունավետ կիլնի նաեւ Բյուրականի աստղադիտարանի համար: 

Պայմանագրի ստորագրման ավարտին Երեւանի պետական համալսարանի կողմից Նիցցայի քաղաքապետին հանձնվեց փոքրիկ հուշանվեր` Վասպուրական նահանգի գորգերից մեկի ասեղնագործ մանրանկարը:

Այլ նորություններ
ԳԵՎՈՐԳ ԱՐՇԱԿՅԱՆԸ «ՄԱՐՏԱԿԱՆ ԽԱՉ» 1-ԻՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՇՔԱՆՇԱՆԱԿԻՐ Է
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի որոշմամբ, ԵՊՀ շրջանավարտ, ավագ լեյտենանտ, Արցախյան երկրորդ պատերազմին մասնակցած և Շուշիի պաշտպանության համար հերոսաբար զոհված Գևորգ Արշակյանը պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով, որն այսօր ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանը փոխանցել է նրա ընտանիքին:
«ՈՒԺԵՂ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՔՈՒՄ ՀԶՈՐ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ Է». ՄՀԵՐ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Մհեր Խաչատրյանը ԿԳՄՍ նախարարության կազմակերպած «Հանրապետության լավագույն ուսանող-2020» մրցույթի հաղթողներից է: Մեքենայական ուսուցման ոլորտում մասնագիտացող Մհերի հետ զրուցել ենք մասնագիտության ընտրության, դրա հեռանկարների, կրթության ու գիտության զարգացմանն ուղղված քայլերի մասին: