03.10.2018 | 
Գիտություն
ԿԵՆՍԱԲԱՆՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ԷՔՍՏՐԵՄՈՖԻԼՆԵՐԻ 12-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻՆ
ԿԵՆՍԱԲԱՆՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ԷՔՍՏՐԵՄՈՖԻԼՆԵՐԻ 12-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻՆ
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի մի խումբ աշխատակիցներ մասնակցել են Իսկիայում (Իտալիա) կայացած Էքստրեմոֆիլների 12-րդ միջազգային կոնգրեսին:

Կոնգրեսը պարբերաբար կազմակերպում է Էքստրեմոֆիլների միջազգային ընկերությունը (ISE), որին անդամակցում են հայ մասնագետները:

 

Սեպտեմբերի 16-20-ը  կայացած Էքստրեմոֆիլների 12-րդ միջազգային կոնգրեսին մասնակցել են Կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի դոցենտ Հովիկ Փանոսյանը, գիտաշխատողներ Արմինե Մարգարյանը և Գրիգոր Շահինյանը, ինչպես նաև նույն ամբիոնի մագիստրանտ Անի Ազարյանը:

 

Մեզ հետ զրույցում Կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի դոցենտ Հովիկ Փանոսյանն ասաց, որ իր գլխավորությամբ հայ մասնագետներն ակտիվորեն մասնակցել են նաև էքստերմոֆիլ մանրէներին նվիրված նախորդ կոնգրեսներին, որոնք տեղի են ունեցել Բրեստում (Ֆրանսիա), Ազորյան կղզիներում (Պորտուգալիա), Սանկտ Պետերբուրգում (Ռուսաստանում):

 

Նա նշեց, որ հայկական պատվիրակությունը զեկուցումներով ներկայացրել է մի քանի գիտական հետազոտությունների արդյունքները, որոնք հետաքրքությամբ են ընդունվել ոլորտի մասնագետների կողմից: «Հայ մասնագետները ներկայացրել են Հայաստանի և Արցախի տարածքում հայտնաբերված երկրաջերմային աղբյուրներից մեկուսացված թերմոֆիլ մանրէների, Հայաստանի բազմամետաղային հանքերից մեկուսացված մետաղակայուն մանրէների և Ավանի աղի հանքից մեկուսացված հալոֆիլ մանրէների կենսաբանական առանձնահատկությունները, էքստրեմալ պայմաններում դրանց հարմարվողական մեխանիզմների և կենսատեխնոլոգիական կիրառության հեռանկարների վերաբերյալ գիտական հետազոտության արդյունքները»,- ներկայացրեց բանախոսը:

 

Ըստ Հովիկ Փանոսյանի՝ այս կոնգրեսն արդյունավետ էր ոչ միայն մասնագիտական ոլորտում մտքի և փորձի փոխանակման տեսանկյունից, այլև նոր համագործակցությունների ձեռք բերման առումով:

 

Նրա խոսքով, կոնգրեսի ընթացքում հանդիպումներ են եղել էքստրեմոֆիլ մանրէների բնագավառում միջազգային ճանաչում ունեցող մասնագետների հետ, քննարկվել են հետագա համագործակցության նոր ուղղությունները, պայմանավորվածություն է ձեռք բերվել միջազգային դրամաշնորհային մրցույթներին համատեղ նախագծերով մասնակցելու և տարբեր ձևաչափերով նոր հանդիպումներ կազմակերպելու համար:

Նադեժդա Տեր-Աբրահամյան

Այլ նորություններ
ՔԱՂԱՔԱԳԵՏ ԺԵՐԱՐ ՇԱԼԻԱՆԸ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԴԱՑ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր դասախոսություն կարդաց ֆրանսիացի քաղաքագետ, զինված ընդհարումների մասնագետ Ժերար Շալիանը:
ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ. ԱՌԱՋԱՐԿՎՈՒՄ Է ԿՈՀԵՐԵՆՏ ՃԱՌԱԳՅԹՄԱՆ ՍՏԱՑՄԱՆ ՆՈՐ ԼՈՒԾՈՒՄ
ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի և Հիմնարար հետազոտությունների բելառուսական հանրապետական հիմնադրամի կողմից անցկացված գիտական հետազոտությունների համատեղ նախագծերի աջակցության «ՀՀ ԿԳՆ ԳԿ-ՀՀԲՀՀ- 2018» միջազգային մրցույթի արդյունքում ֆինանսավորման է երաշխավորվել ԵՊՀ ուժեղ դաշտերի ֆիզիկայի կենտրոնի կողմից ներկայացրած գիտական ծրագիրը: