15.01.2009 | 
Ուսանողական, Գիտություն
ՀԱՂԹԵԼԸ ԴԱՐՁԵԼ Է ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՂԹԵԼԸ ԴԱՐՁԵԼ Է ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆ
ԵՊՀ մաթեմատիկայի եւ մեխանիկայի ֆակուլտետի ուսանողը ինտերնետային օլիմպիադայի բացարձակ հաղթող է:

Դեկտեմբերի 18-ին Իսրայելի Արիելի համալսարանն անցկացրեց 3-րդ օնլայն մաթեմատիկական բաց օլիմպիադայի առաջին փուլը, որին մասնակցում էին 14 երկրների ներկայացուցիչներ: Երեւանի պետական համալսարանի 10 մասնակիցներից 4-ը մեդալակիր են: 5 ժամ տեւող մրցույթի արդյունքները հայտնի դարձան երկու շաբաթ անց` հունվարի 1-ին` մատուցելով ամանորյա հրաշալի նվեր մեր ուսանողներին:

 

Արմեն Նուրբեկյանը 4-րդ կուրսի ուսանող է: Առաջադրված տարբեր բարդությունների 10 խնդիրներից լուծելով 6-ը եւ հավաքելով 216 միավոր` նա դարձել է ոչ միայն Հայաստանի լավագույն մասնակիցը, այլեւ ամբողջ օլիմպիադայի բացարձակ չեմպիոն: Ի դեպ, նրա միավորները 50-ով գերազանցում էին երկրորդ տեղը զբաղեցրած մասնակցի արդյունքը:

 

Վարդան Ոսկանյանը (մագիստրատուրա, 1-ին կուրս), Անուշ Մարտիրոսյանը (4-րդ կուրս) եւ Դավիթ Կարագուլյանը (3-րդ կուրս) վաստակել են բրոնզե մեդալներ: Ի դեպ, թիմային արդյունքներ այս մրցույթում չեն որոշվում: Մաթեմատիկայի եւ մեխանիկայի ֆակուլտետի դեկան Արթուր Սահակյանը թեեւ շատ ուրախ է իր սաների հաղթանակի առթիվ, սակայն նշում է, որ դրանք արդեն սովորական են եւ սպասելի ֆակուլտետի համար. «Վերջին տարիներին լավ ավանդույթ է մեզ մոտ օլիմպիական շարժումը: Ուսանողները շատ ակտիվ մասնակցում են, մենք էլ փորձում ենք աջակցել»:

 

Ֆակուլտետի ուսանողներն արդեն երկրորդ անգամ են մասնակցում այս օնլայն օլիմպիադային: Անցյալ տարի նրանք նվաճել էին 1 ոսկե, 3 արծաթե եւ 2 բրոնզե մեդալներ: Պատվոգրերն ու մեդալները ուղարկվել էին փոստով, առաջին մրցանակակիրը նաեւ դրամական պարգեւ էր ստացել: «Այլ օլիմպիադաների հետ համեմատած` այստեղ խնդիրների ընտրությունը մեծ է: Այլ տեղերում պետք է միաժամանակ աշխատես բոլոր խնդիրների վրա, իսկ այստեղ` ըստ ցանկության:

 

Ընդ որում` խնդիրների գնահատման եղանակն էլ բավականին հետաքրքիր է. յուրաքանչյուր խնդիր գնահատվում է այսպես. 1000 միավորը բաժանվում է այդ խնդիրը լուծող մասնակիցների միջեւ»,- ասաց թիմի ղեկավար, դասախոս Ռաֆայել Բարխուդարյանը: Արմեն Նուրբեկյանը ծնվել է Երեւանում 1987 թվականին: Հայրն ինժեներ է, մայրը` տնտեսագետ: Սովորել է Անանիա Շիրակացու անվան ճեմարանում: Մինչ ավարտելը երկու անգամ մասնակցել է միջազգային օլիմպիադաների` դառնալով բրոնզե մեդալակիր: «Օլիմպիադան ընդամենը սպորտ է, ոչ թե գիտելիքի գնահատում:

 

Մարդ կա, ավելի արագ է կողմնորոշվում, մարդ կա` դանդաղ, բայց դրանով իմացությունը չափելն անիմաստ է»,- ասաց Արմենը: Ի դեպ, դասերից դուրս նա սպորտով է զբաղվում` ֆուտբոլ, բասկետբոլ, սեղանի թենիս: Ինչեւէ, առջեւում երկրորդ փուլն է, իսկ մասնակիցները դեռ որոշված չեն: Հուսանք` չեմպիոններ տալու բարի ավանդույթը կշարունակվի:

Այլ նորություններ
ԵՊՀ ՈՒԳԸ-Ն ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսի տարածման և ՀՀ կառավարության կողմից արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշում կայացնելու առաջին իսկ օրերից ԵՊՀ ՈՒԳԸ-ն շարունակում է իրականացնել իր աշխատանքները: Մեզ հետ զրույցում ՈՒԳԸ նախագահ Մերի Փանոսյանը պատմել է, թե ինչ մեթոդներ և միջոցներ են կիրառել՝ այս ընթացքում արդյունավետ միջոցառումներ կազմակերպելու համար:
ՔԻՄԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՊԱՏՐԱՍՏԵԼ ԵՆ ԱԽՏԱՀԱՆՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ ԵՎ ԲԱԺԱՆԵԼ ՇՈՒԿԱՅԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ
ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ուսանողները, իրենց նախաձեռնությամբ և ֆակուլտետի մասնագետների աջակցությամբ, ստեղծել են ախտահանիչներ և իրականացրել ակցիա՝ դրանք անվճար բաժանելով շուկայի աշխատակիցներին: