20.01.2011 | 
Հասարակություն
ԵՊՀ ԱՏԱՄՆԱԲՈՒԺԱՐԱՆ. ՆՈՐ ՄՈՏԵՑՈՒՄ
ԵՊՀ ԱՏԱՄՆԱԲՈՒԺԱՐԱՆ. ՆՈՐ ՄՈՏԵՑՈՒՄ
Համալսարանական ստոմատոլոգիական նոր կլինիկան համալսարանականների համար գնային նոր քաղաքականություն է վարում:

2010-2011 ուսումնական տարին խորհրդանշական էր համալսարանի ատամնաբուժարանի համար: Սեպտեմբերից նախկին ստոմատոլոգիական կլինիկայի փոխարեն գործում է բոլորովին նորը: «Նոր»-ի պիտակ ստացած նախկին կլինիկայից նույնն են մնացել միայն հասցեն եւ գործունեության ոլորտը: Վերաբացված ատամնաբուժարանը զգալի ծանրաբեռնվածությամբ, ֆինանսապես անկախ ու ինքնուրույն կլինիկա է եւ նախատեսված է ոչ միայն ԵՊՀ-ականների համար: Կլինիկայի տնօրեն Հայկ Սարգսյանը նշում է, որ ատամնաբուժարանի նման կարգավիճակը ոչ միայն չի խանգարում, այլեւ օգնում է գործունեությունն ուղղել ԵՊՀ աշխատակիցներին:

 

«Այսօր, օրինակ, ԵՊՀ աշխատակիցների համար զգալի զեղչեր ենք առաջարկում: Իրականում հարմար գնային քաղաքականություն վարելու համար ստոմատոլոգիական կլինիկան պետք է ֆինանսապես կայուն լինի եւ կարողանա շարքային հաճախորդների մեծ քանակի շնորհիվ ավելի ցածր գներով սպասարկել համալսարանականներին»,- նշում է Հայկ Սարգսյանը: ԵՊՀ-ում աշխատողների համար հատկացված զեղչերի ցանկը, ըստ տնօրենի, ժամանակ առ ժամանակ կվերանայվի: Մասնավորապես մինչեւ փետրվարի 15-ը որոշ ծառայությունների դեպքում (ատամնաքարերի հեռացում, փայլեցում) համալսարանականները կսպասարկվեն անվճար: Մի շարք ծառայությունների համար էլ նախատեսված է մինչեւ 50% զեղչ: Այսօրվա դրությամբ կլինիկայի հաճախորդների միայն 10%-ն է համալսարանական: Հայկ Սարգսյանը համոզված է, որ այցելուների քիչ քանակությունը պայմանավորված է նաեւ տեղեկատվական բացով. «Համալսարանի աշխատակիցների բացարձակ մեծամասնությունը չգիտի, որ այսօր համալսարանական ատամնաբուժարանը ներսից բոլորվին այլ տեսք ունի:

 

2010 թ-ի սեպտեմբերից այստեղ բոլորովին այլ կլինիկա է գործում` բացառապես նոր սարքավորումներով, եւ որ ամենակարեւորն է` աշխատանքի եւ համալսարանական հաճախորդների նկատմամբ նոր մոտեցումներով»: Տնօրենի հավաստմամբ` մինչեւ վերանորոգումը կլինիկան աշխատում էր «դաշտային աշխատանքների» համար նախատեսված սարքավորումներով: Վերաբացված ատամնաբուժարանում այսօր օգտագործվում են բացառապես 2006 թ-ից հետո արտադրված սարքավորումներ: Առանձնացվել է թերապևտիկ բաժանմունքը: Տնօրենը հատկապես կարեւորում է նաեւ ժամանակակից ավտոկլավի` ախտահանիչ սարքավորման ներմուծումը, որը չկար նախկին կլինիկայում:

Այլ նորություններ
«ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԿԵՆՏՐՈՆ Է, ՈՐԸ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻՆ ՈՒ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԻՆ ԻՄԱՍՏ ԵՎ ՀՈՂԵՂԵՆ ՄԱՐՄԻՆ Է ՏԱԼԻՍ». ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆ
ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում հայ կոմպոզիտոր, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի հետ, որի ընթացքում համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը մաեստրոյին հանձնեց ԵՊՀ ոսկե մեդալ:
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՄՇՏԱՊԵՍ ՏԵՂԵԿԱՑՎԱԾ ԵՆ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅԻ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻՑ
ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի կոնֆերենս դահլիճում տեղի ունեցավ «CV կազմելու և գործատուին ներկայանալու հմտություններ» խորագրով դասընթաց, որի ավարտին ուսանողները փոխանցեցին իրենց տվյալները՝ հետագայում աշխատանքի առաջարկների վերաբերյալ պարբերաբար տեղեկատվություն ստանալու նպատակով: