13.03.2019 | 
Կրթություն
ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԱՊՕՐԻՆԻ ՀԱՐՍՏԱՑՄԱՆ ԵՎ ԱՆՄԵՂՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՎԱՐԿԱԾԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐՆ ԷԻՆ. ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԱՊՕՐԻՆԻ ՀԱՐՍՏԱՑՄԱՆ ԵՎ ԱՆՄԵՂՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՎԱՐԿԱԾԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐՆ ԷԻՆ. ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
Պալեանների անվան դահլիճում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ այսօր տեղի ունեցավ «Ապօրինի հարստանալը և անմեղության կանխավարկած» թեմայով հանդիպում-քննարկում:

Քրեական իրավունքի և դատավարության արդի խնդիրների, մասնավորապես ապօրինի հարստացման և անմեղության կանխավարկածի վերաբերյալ հանդիպում-քննարկման սկզբում Իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը ողջունեց ներկաներին և մաղթեց արդյունավետ քննարկում:

 

Ֆակուլտետի ՈՒԳԸ-ի անդամ, միջոցառման պատասխանատու Գևորգ Բարսեղյանը նշեց, որ ապօրինի հարստացում հանցակազմի կիրառության հետ կապված որոշակի խնդիրներ են ի հայտ գալիս. «Մասնավորապես՝ անմեղության կանխավարկածն այս համատեքստում կարծես թե վերածվում է մեղավորության կանխավարկածի»: Գևորգ Բարսեղյանը փաստեց, որ ուսանողների շրջանում մեծ է խնդրի վերաբերյալ հետաքրքրությունը, և այդ պատճառով է, որ միջոցառումն անցկացվում է Պալեանների անվան դահլիճում, այլ ոչ թե նախապես որոշված Իրավագիտության ֆակուլտետի դատական նիստերի դահլիճում:

 

Միջոցառմանը ներկա էին ՀՀ գլխավոր դատախազության, ՀՀ քննչական կոմիտեի, Արդարադատության և Ոստիկանության ակադեմիաների ներկայացուցիչներ, ինչպես նաև դասախոսներ և ուսանողներ հայաստանյան տարբեր բուհերից (Հայաստանում ֆրանսիական, Հայաստանի ամերիյան և Հայ-ռուսական համալսարաններ)

 

Հանդիպում-քննարկումը բաղկացած էր երկու մասից. առաջին հատվածում Քրեական իրավունքի ամբիոնի վարիչ Արա Գաբուզյանը, Քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի վարիչ Սամվել Դիլբանդյանը, Երևան քաղաքի դատախազ Գևորգ Բաղդասարյանը և Քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի դասախոս, փաստաբան Դավիթ Խաչատուրյանը հանդես եկան թեմայի վերաբերյալ զեկուցումներով, իսկ միջոցառման երկրորդ հատվածում տեղի ունեցավ քննարկում՝ հարցուպատասխան ձևաչափով:

 

Արա Գաբուզյանն իր զեկուցման ընթացքում փաստեց, որ իրավաբանական գրականության մեջ առաջ են քաշվում մի շարք հիմնավորումներ, որոնցից հատկանշականն այն է, որ ապօրինի հարստացումը՝ որպես կոռուպցիոն հանցագործության դրսևորում, բավականաչափ տարածված և վտանգավոր երևույթ է, և դրա դեմ պայքարը խիստ արդիական է:

 

«Հիմնավորումներից մեկում էլ շեշտվում է այն գաղափարը, որ ապօրինի հարստացման համար քրեական պատասխանատվություն նախատեսելը հսկայական կանխիչ նշանակություն կարող է ունենալ, որովհետև ավանդական մեթոդներով կոռուպցիայի դեմ պայքարն այնքան էլ արդյունավետ չէ»,- պարզաբանեց Արա Գաբուզյանը:

 

Քրեական իրավունքի ամբիոնի վարիչը խոսեց ապօրինի հարստացման հանցակազմի մասին՝ քրեաիրավական տեսանկյունից՝ փաստելով, որ խնդիրն այդ շրջանակում քննարկելիս հնարավոր չէ քրեադատավարական հարցը չշոշափել, քանի որ ի հայտ է գալիս անմեղության կանխավարկածը:

 

 

«ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ պայքարի մասին կոնվենցիայի 20-րդ հոդվածում նշվում է, որ մասնակից պետություններն իրենց Սահմանադրությունը և իրավունքի հիմնարար սկզբունքները պահպանելու պայմանով կարող են միջոցներ ձեռնարկել՝ քրեականացնելու ապօրինի հարստացումը, այսինքն՝ դիտավորությամբ արված այն արարքը, երբ պաշտոնական անձի ակտիվներն էականորեն գերազանցում են նրա եկամուտը, որն էլ նա չի կարող խելամտորեն հիմնավորել: ՀՀ քրեական օրենսգրքում մի փոքր այլ ձևակերպմամբ է սահմանված այս երևույթը»,- ասաց Արա Գաբուզյանը:

 

Սամվել Դիլբանդյանը հանդես եկավ «Անմեղության կանխավարկածը և ապացուցման պարտականությունը քրեական դատավարությունում» խորագրով զեկուցմամբ, որի ժամանակ փաստեց, որ անմեղության կանխավարկածի սկզբունքն առավել մանրամասն կարգավորված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածում, ըստ որի՝ հանցագործության համար կասկածվողը կամ մեղավորը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ սույն օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

«Կասկածյալը կամ մեղադրյալը պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը: Նրանց անմեղության ապացուցման պարտականությունը չի կարող դրվել պաշտպանության կողմի վրա: Հանցանք գործելու մեջ անձի մեղավորության մասին հետևությունը չի կարող հիմնվել ենթադրությունների վրա, այն պետք է հաստատվի գործին վերաբերող փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ»,- իր զեկուցման ժամանակ փաստեց Սամվել Դիլբանդյանը:

 

 

Պարոն Դիլբանդյանը խոսեց անմեղության կանխավարկածի սկզբունքի, դրա կարևոր հատկանիշների մասին՝ մեջբերելով նաև Եվրոպական դատարանի պրակտիկան:

 

Երևան քաղաքի դատախազ Գևորգ Բաղդասարյանն իր ելույթը սկսեց այն պնդմամբ, որ ՀՀ Սահմանադրության փոփոխությունից հետո անմեղության կանխավարկածը պրակտիկայում իր տեղը չի զիջել. «Ես այն համոզմանն եմ, որ ապացուցման գործընթացի ժամանակ անմեղության կանխավարկածն ավելի է ամրապնդում իր դիրքերը»:

 

 

Գևորգ Բաղդասարյանը փաստեց, որ պրակտիկայում անվիճելիորեն որպես անմեղության կանխավարկածի բաղադրիչներ՝ շարունակում են մնալ ապացուցման բեռի և կասկածների մեկնաբանման վերաբերյալ կանոնները. «Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղքի ապացուցումը, ըստ էության, ոչ այլ ինչ է, քան անմեղության կանխավարկածի հաղթահարում, և դա պետք է իրականացվի հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշով: Անձի մեղքը չի կարող հիմնվել ենթադրությունների, դատողությունների վրա, պետք է լինեն փաստական տվյալներ, որոնք կհաստատեն դա»: Երևան քաղաքի դատախազը զեկուցման ժամանակ անդրադարձավ պրակտիկայում հանդիպող օրինակներին:

 

Դավիթ Խաչատուրյանն իր ելույթի սկզբում ասաց, որ պարզելու համար, թե կա արդյոք անմեղության կանխավարկածի հետ հակասություն, և արդյոք տեղի է ունենում ապացուցման պարտականության փոխանցում, պետք է պարզել, թե որն է ապացուցման առարկան. «Դա անհամապատասխանությունն է անձի օրինական եկամուտների և նրա ունեցվածքի միջև: Այն ապացուցելու փաստը ոչ ոք չի փոխանցում մեղադրյալի վրա: Այսինքն՝ մեղադրանքի կողմն է ապացուցում, որ կա անհամապատասխանություն»:

 

 

Դավիթ Խաչատուրյանը ներկայացրեց այս թեմային առնչվող միջազգային պրակտիկան: Մասնավորապես խոսելով Հոնկոնգի Վերաքննիչ դատարանի նախադեպերի մասին՝ ասաց, որ դրանց համաձայն՝ ապօրինի հարստացման հանցագործությունը որևէ կերպ չի հանգեցնում ապացուցման պարտականության փոխանցմանը:

 

Միջոցառման երկրորդ հատվածում արդեն տեղի ունեցավ քննարկումը:

 

Քնար Միսակյան

Այլ նորություններ
 «ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ՆՄԱՆԱԲՆՈՒՅԹ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ՆՊԱՍՏՈՒՄ ԵՆ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊԻ ԸՆԴԼԱՅՆՄԱՆԸ». ԵՊՀ ԴՈՑԵՆՏ
ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի դասախոսական կազմն այսօր հյուրընկալել էր Երևանի թիվ 94, 170, 65, 195, 139, 182 ավագ դպրոցների աշակերտներին:
«ԱԿՏԻՎ ՈՒՍՈՒՑՈՒՄ» ՄԵԹՈԴԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ  ՓՈԽԱՆՑՎԵԼ ԵՆ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻՆ
«Erasmus+ PRINTeL» ծրագրի շրջանակում ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի դասախոս Կարեն Թռչունյանը տարբեր ֆակուլտետների դասախոսների հետ մասնակցել է Բելգիայի Լյուվենի կաթոլիկ համալսարանում անցկացված «Ակտիվ ուսուցում» կամ «Active Learning» խորագրով դասախոսների վերապատրաստման դասընթացին և ստացած գիտելիքները փոխանցել ֆակուլտետի իր գործընկերներին: