05.10.2018 | 
Ուսանողական
ԱԺ ԵՐԵՎԱԿԱՅԱԿԱՆ ՆԻՍՏ. ՎԱՐՈՒՄ ԵՆ ՔԱՂԱՔԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
ԱԺ ԵՐԵՎԱԿԱՅԱԿԱՆ ՆԻՍՏ. ՎԱՐՈՒՄ ԵՆ ՔԱՂԱՔԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
Հոկտեմբերի 4-ին ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության բաժնի 4-րդ կուրսի ուսանողներն անցկացրին «ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման նպատակահարմարությունը» թեմայով ԱԺ նիստի երևակայական բանավեճ-վերլուծություն:

Բանավեճը կազմակերպվել էր ֆակուլտետի դոցենտ Հասմիկի Շափաղաթյանի նախաձեռնությամբ «Քաղաքական վերլուծություն և կանխատեսում» դասընթացի շրջանակում:

Լսարանը պատահականության սկզբունքով բաժանվել էր խմբակցությունների՝ ըստ խորհրդարանում առկա կուսակցական մանդատների քանակի, որից հետո կողմերն անցկացրել են քննարկումներ:

30 րոպե տևողությամբ քննարկումներից հետո «նորելուկ» քաղաքական գործիչ-ուսանողներն իրենց տեսակետները ներկայացրել են «ԱԺ ամբիոնից»` փորձելով հիմնավորել կամ մերժել օր առաջ պլանավորվող ընտրությունները։

«ՀՀԿ» խմբակցությունը ներկայացնող Ագնես Շափաղաթյանի կարծիքով, արտահերթ խորհրդարանական ընտրություններ ներկա ժողովրդավարական և էյֆորիկ մթնոլորտում ոչ միայն սխալ է, այլև դատապարտելի։

Գրեթե նմանաբնույթ կարծիք հայտնեց նաև «Ծառուկյան» խմբակցության անունից հանդես եկող ներկայացուցիչը՝ Սոնա Անտոնյանը, ով ընտրությունների նմանատիպ հապճեպությունն անթույլատրելի համարեց։

«Խմբակցությունների հետ քննարկումը պետք է լինի օրինականության մթնոլորտում, եթե չխախտվեր այդ մթնոլորտը, այսօր մենք չէինք կանգնի այս խնդրի առջև։ Մենք չենք առարկում, որ պետք է անցկացվեն խորհրդարանական ընտրություններ, սակայն դեմ ենք նման հապճեպությանը և կոչ ենք անում շարունակել բանակցությունները թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական ուժերի հետ»,- պարզաբանեց ուսանողուհին։

«ԵԼՔ» խմբակցության անունից հանդես եկող ներկայացուցիչը միակն էր, ով կողմ արտահայտվեց մինչև տարեվերջ անցկացվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին։

«Արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջը դրված է ժողովրդի կողմից, և նրանք, ովքեր կհամառեն այս քայլին, կհայտնվեն պատմության ետնաբեմում։ Սա ոչ թե էյֆորիայի արդյունք է, այլ պահանջ, որին հասնելու ենք»,- նշեց «ԵԼՔ» խմբակցությանը ներկայացնող Վեռա Սերոբյանը:

Բանավեճ-քննարկումը եզրափակեց «ՀՅԴ» կուսակցության անունից հանդես եկող ներկայացուցիչը`Արփի Աբրահամյանը, ով այն կարծիքին էր, որ պետք չէ սեփականաշնորհել հեղափոխությունը, այլ պետք է հեղափոխությունը հասցնել իր տրամաբանական ավարտին.« Մենք կողմ ենք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, բայց դեմ ենք նման կերպ դրա շահարկմանը»։
Տիկին Շափաղաթյանի օգնությամբ ձևավորվեց նաև անկախ ներկայացուցիչների քառյակ, որոնց էլ պատկանում էր վերջնական խոսքը։

Լսելով բոլոր 4 ներկայացուցիչներին`ձայները հավասարապես բաժանվեցին՝ 2-ական «ՀՀԿ»-ին և 2-ական՝ «ԵԼՔ» դաշինքին։
Տիկին Շափաղաթյանը հաջողված համարեց քննարկումը. «Կարծես՝ ներկա լինեի Ազգային ժողովի քաղաքական քննարկումներին: Ես՝ որպես դասախոս, հպարտ եմ, որ ունեմ բանիմաց ուսանողներ»։

Հաղթող ճանաչվեց «ԵԼՔ» խմբակցությունը, իսկ ուսանողները, շնորհավորելով միմյանց, շարունակեցին ուսումնական գործընթացը։
Քաղաքագիտության բաժնի 4-րդ կուրս ուսանող Վարդան Լաբլաջյանն ասաց, որ ուսանողները չափազանց կարևորում են նմանատիպ դասընթացները, քանի որ դրանց ընթացքում նրանք յուրացնում են մի քանի հմտություններ` ազատ խոսքի դրսևորում, համարձակություն, ինչպես նաև կիրառական մեթոդներով դասընթացի տեսական թեզերի ամրապնդում:

 

Վարդան Լաբլաջյան

Այլ նորություններ
ԵՊՀ ՈՒԳԸ-Ն ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսի տարածման և ՀՀ կառավարության կողմից արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշում կայացնելու առաջին իսկ օրերից ԵՊՀ ՈՒԳԸ-ն շարունակում է իրականացնել իր աշխատանքները: Մեզ հետ զրույցում ՈՒԳԸ նախագահ Մերի Փանոսյանը պատմել է, թե ինչ մեթոդներ և միջոցներ են կիրառել՝ այս ընթացքում արդյունավետ միջոցառումներ կազմակերպելու համար:
ՔԻՄԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՊԱՏՐԱՍՏԵԼ ԵՆ ԱԽՏԱՀԱՆՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ ԵՎ ԲԱԺԱՆԵԼ ՇՈՒԿԱՅԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ
ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ուսանողները, իրենց նախաձեռնությամբ և ֆակուլտետի մասնագետների աջակցությամբ, ստեղծել են ախտահանիչներ և իրականացրել ակցիա՝ դրանք անվճար բաժանելով շուկայի աշխատակիցներին: