18.10.2017 | 
Հասարակություն
ՀՈՒՇ-ՑԵՐԵԿՈՒՅԹԸ ՆՎԻՐՎԱԾ ԷՐ ԶՈՀՎԱԾ ՈՒՍԱՆՈՂ-ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻՆ
ՀՈՒՇ-ՑԵՐԵԿՈՒՅԹԸ ՆՎԻՐՎԱԾ ԷՐ ԶՈՀՎԱԾ ՈՒՍԱՆՈՂ-ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻՆ
Այսօր ԵՊՀ-ում տեղի ունեցավ «Անմահները հրամայում են» խորագրով միջոցառումը:

Հուշ-ցերեկույթը կազմակերպվել էր ԵՊՀ «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի և Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի նախաձեռնությամբ: Միջոցառումը նվիրված էր ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի զոհված ուսանող-ազատամարտիկներ Ներսես Բարբարյանի, Դավիթ Սարգսյանի, Պետրոս Ղևոնդյանի, Ալեքսան Ասատրյանի հիշատակին:

 

Միջոցառման ընթացքում ներկայացվեցին հերոսների կյանքն ու մարտական ուղին:

 

Հուշ-ցերեկույթին ելույթ ունեցավ գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանը, ով շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպման համար և խոսեց մեր բանակի մարտունակության մասին. «2016 թվականի ապրիլը ցույց տվեց, որ մենք հզոր բանակ ունենք: Հիմա պարտք ունենք զոհվածների առաջ՝ չդավաճանելու հայրենիքը, այն իմաստով, որ մնանք մեր երկրում և օժանդակենք դրա կայացմանը: Այս միջոցառումը մեզ ուժ է տալիս և միևնույն ժամանակ ցույց է տալիս, թե ինչ անհաղթ ազգ ենք»:

 

Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ալիքային պրոցեսների տեսության և ֆիզիկայի ամբիոնի վարիչ Գրիգոր Ալավերդյանը իր ելույթում նշեց, որ պատիվ է ունեցել դասավանդել չորս ուսանող-ազատամարտիկներին. «80-ական թվականների ընդունելության տարիներին ֆակուլտետ ընդունվեցին տարբեր շրջաններից, տարբեր ընդունակությունների տեր երիտասարդներ, որոնցից մի քանիսը հետո պետք է հերոսանային: Մի բան կար, որ նրանց բոլորին միավորում էր: Դա արտակարգ համեստությունն էր: Այդ 4 տղաները երբեք ցույց չեն տվել, որ մասնակցել են կռվին: Եթե ինձ այդ ժամանակ հարցնեին, թե ովքեր կարող են հերոս լինել, ես չէի կարողանա պատասխանել: Ժամանակը ծնեց այդ հերոսներին: Կուզենայի, որ մեր ուսանողները հերոսանան աշխատանքային ասպարեզում»:

 

«Վարդանանք» ակումբի նախագահ Սաթենիկ Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց ուսանողներին, որոնք ամեն առիթով փորձում են նորացնել հերոսների ուխտը, դրանք մեզ մատուցել նոր ձևով. «Ժամանակը մեզ բոլորիս մոտեցնում է հերոսներին, և մենք հասկանում ենք այդ ցավի մեծությունը: Մեր ազգը ուժեղ է նրանով, որ կարողանում է ապրել զուգահեռ ցավի հետ, արարել և ապրեցնել նոր սերունդներ»:

Հուշ-ցերեկույթը ուղեկցվեց ազգային, հայրենասիրական երգ-երաժշտությամբ:

 

Այլ նորություններ
ԲԱՔՎԻՑ՝ ԱՄՆ. ՄԻ ԿՅԱՆՔԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Այսօր ԵՊՀ-ում համալսարանականները հանդիպեցին ամերիկահայ գրող, դասախոս, իրավ. գիտ. թեկնածու, հասարակական գործիչ Աննա Աստվածատուրյան Թերքոթի հետ:
ԵՊՀ-ՈՒՄ ԷՐ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԻՍՊԱՆԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍԸ
Համալսարանականների հյուրն էր Մոսկվայում Իսպանիայի Թագավորության գլխավոր հյուպատոս Իստիար Տաբոադան: