11.09.2019 | 
Հասարակություն
«ՍՈՎՈՐԵԼ ՄԻՇՏ ԿԱՐՈՂ ԵՄ, ՀԻՄԱ ԶԻՆՎՈՐ Է ՊԵՏՔ». ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«ՍՈՎՈՐԵԼ ՄԻՇՏ ԿԱՐՈՂ ԵՄ, ՀԻՄԱ ԶԻՆՎՈՐ Է ՊԵՏՔ». ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ու «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի նախաձեռնությամբ անցկացվեց հուշ-ցերեկույթ՝ նվիրված նույն ֆակուլտետի զոհված ուսանող-ազատամարտիկ Վարդան Հովհաննիսյանի հիշատակին:

Միջոցառմանը ներկա էին Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը, Լյուդվիգ Ղարիբջանյանի անվան ԵՊՀ պատմության թանգարանի տնօրեն Հեղինե Գասպարյանը, «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի նախագահ Սաթենիկ Աբրահամյանը, Վարդան Հովհաննիսյանի մայրն ու մարտական ընկերները:

Հուշ-ցերեկույթի մասնակիցներին ողջունեց «Վարդանանք» ՌՀԴԱ-ի նախագահ Սաթենիկ Աբրահամյանը՝ շեշտելով, որ արդեն ավանդույթ է դարձել ուսումնական տարին սկսել «Վարդան Հովհաննիսյանի հետ»:

«Վարդան Հովհաննիսյանի և նրա նման հայրենասեր երիտասարդների շնորհիվ այսօր մենք հնարավորություն ունենք ապրելու արժանապատիվ և խաղաղ կյանքով: Ես շատ կցանկանայի, որ ժամանակակից երիտասարդությունը դա գնահատեր և տիրապետեր հայրենասիրության բովանդակային դրսևորմանը»,- նշեց Ս. Աբրահամյանը:

 

Ներկաներին ողջունեց նաև Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը, որը հատուկ շնորհակալություն հայտնեց Վարդան Հովհաննիսյանի մայրիկին՝ երկրի համար քաջարի մարտիկ դաստիարակելու համար:

«Բոլորս գիտենք, որ մայրական զգացմունքները զավակի նկատմամբ բոլորովին այլ դրսևորում ունեն, նրա ցավն ամոքել հնարավոր չէ, բայց այսօրինակ հուշ-ցերեկույթների միջոցով մենք խոսում և զրուցում ենք հերոսների մասին՝ փորձելով մեղմել կորստի ցավը»,- ասաց դեկանը՝ ընդգծելով նմանատիպ միջոցառումների կարևոր դերը երիտասարդների ռազմահայրենասիրական դաստիարակության գործում:

Ներկաներին ողջունեց նաև Վարդան Հովհաննիսյանի մարտական ընկեր Սպարտակ Մարտիրոսյանը՝ վերհիշելով Վազգեն Սարգսյանի նախաձեռնությամբ ստեղծված «Արծիվ-մահապարտներ» ջոկատը, որի ամենաերիտասարդ զինվորն էր Վարդան Հովհաննիսյանը:

 

«Չնայած իր երիտասարդ տարիքին՝ Վարդանը բավականին բանիմաց երիտասարդ էր, շատ էր կարդում Պարույր Սևակ և հայոց պատմություն: Վստահ էր, որ հայ երիտասարդի ամենակարևոր առաջադրանքը հայի տեսակի պաշտպանությունն է»,- ասաց Սպարտակ Մարտիրոսյանը:

Միջոցառման ընթացքում Լ. Ղարիբջանյանի անվան ԵՊՀ պատմության թանգարանի տնօրեն Հեղինե Գասպարյանը ներկայացրեց «Երևանի պետական համալսարանի պատմությունից» գիրքը, որտեղ զետեղված են Արցախյան ազատամարտի մասնակից համալսարանականների պատմությունները՝ որպես հայ ազատագրական պայքարի առաջամարտիկներ:

Միջոցառման ժամանակ հնչեցին նաև ռազմահայրենասիրական երգեր:

 

 

Անի Պողոսյան

Այլ նորություններ
«ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՏ ԽԱՆԴՈՏ Է ԵՎ ՉԻ ՀԱՆԴՈՒՐԺՈՒՄ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ՊԱԿԱՍ ԿԱՄ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ». ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀԱՐՈՅԱՆ
«Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի 2020 թ. ֆիզիկամաթեմատիկական անվանակարգում հաղթող է ճանաչվել Հեռահաղորդակցության և ազդանշանների մշակման ամբիոնի վարիչ Հովհաննես Հարոյանը: Պարոն Հարոյանի հետ զրուցել ենք մասնագիտության ընտրության, գիտական գործունեության, ինչպես նաև բնագավառի մարտահրավերների և դրանք հաղթահարելու ուղիների մասին:
ԵՊՀ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ Է ԹԵԿՆԱԾՈՒԱԿԱՆ ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Այս տարի Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետը դիմել է ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտե և ստացել թույլտվություն հոգեբանության մասնագիտական խորհուրդ ձևավորել և անցկացնել թեկնածուական ատենախոսությունների պաշտպանություններ ԺԹ.00.01 մասնագիտությամբ: