18.12.2017 | 
Հասարակություն
ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎԻ ԱՌԱՆՑՔՈՒՄ ԿԱՆԱՆՑ ՆԵՐԳՐԱՎՎԱԾՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՆ ԷԻՆ
ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎԻ ԱՌԱՆՑՔՈՒՄ ԿԱՆԱՆՑ ՆԵՐԳՐԱՎՎԱԾՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՆ ԷԻՆ
Այսօր ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում տեղի ունեցավ «Կանանց, խաղաղության և անվտանգության վերաբերյալ ՄԱԿ-Ի անվտանգության խորհրդի 1325 բանաձևի իրականացում» խորագրով աշխատաժողովը:

Բանաձևում կոչ է արվում անդամ պետություններին ապահովել կանանց առավել գործուն մասնակցությունը հակամարտությունների կանխարգելմանը, կարգավորման և հանգուցալուծման ազգային, տարածաշրջանային և միջազգային ինստիտուտների և մեխանիզմների շրջանակներում որոշումների կայացմանը բոլոր մակարդակներում, ինչպես նաև առաջարկվում է ակտիվացնել կանանց մասնակցությունը դիրեկտիվ մակարդակներում հակամարտությունների կարգավորման և խաղաղարար գործընթացներին:

 

Աշխատաժողովին ներկա էին ՀՀ ԱԳՆ, ՊՆ, ՆԱՏՕ-ի, ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության ներկայացուցիչներ:

 

 

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի խոսքով՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 1325 բանաձևի իրականացման զեկույցը տարածվել է միջազգային բոլոր կազմակերպություններով. «Բանաձևը իրականացնում ենք համագործակցելով միջազգային մի շարք կազմակերպությունների հետ՝ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի և այլն: Ծրագրի իրականացման համար վարչապետի որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որի աշխատանքները համակարգում է Արտաքին գործերի նախարարությունը: Կարող ենք ասել, որ սա մեր առջև դրված պարտավորություն է և՛ ազգային ծրագրով, և՛ միջազգային մի շարք կանոնակարգերով»:

 

ՆԱՏՕ-ի շաբաթվա շրջանակում Հայաստանում գտնվող ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոզ Գոթեմոլլերը, ով մինչ աշխատաժողովը  հանդիպել էր համալսարանականների հետ, իր ելույթում նշեց, որ խնդիրները, որոնց առնչվում է ՄԱԿ-Ի անվտանգության խորհրդի 1325 բանաձևը, բազմաշերտ են:

 

«Գենդերային հավասարության, խաղաղության և անվտանգության ոլորտներում կանանց դերակատարության խնդիրները ՆԱՏՕ-ի համար կենսական կարևորություն ունեն: Խորապես հավատացած ենք, որ կանանց ներառումը  հակամարտությունների կանխարգելման, լուծման և դրանց հետևանքների մեղմման գործում խելացի ու արդյունավետ մոտեցում է: Թիմերը, որոնց կազմում և՛ տղամարդիկ են, և՛ կանայք, ավելի լավ արդյունքներ են տալիս իրենց աշխատանքում: Մենք չենք կարող մեզ թույլ տալ աշխարհի տաղանդի 50 տոկոսը չօգտագործված թողնել»,- ասաց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոզ Գոթեմոլլերը:

 

Ռոզ Գոթեմոլլերի խոսքով՝ ՆԱՏՕ-ն ու իր գործընկերները մշակել են «1325»-ի գործողությունների ծրագիր, որը «երկփեղկ» է. «Նախ պետք է նվազեցնել տարբեր  կառույցներում կանանց մասնակցության խոչընդոտները և բոլոր աշխատանքներում արտացոլել գենդերային տեսակետը: Այն ռազմավարություն է, որը թույլ կտա ավելի լավ կատարել մեր լիազորությունները՝ հակամարտությունները արդյունավետորեն կանխելու և բոլորի համար տևական խաղաղություն ապահովելու համար»:

 

ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, փոխգնդապետ Ալիկ Ավետիսյանն էլ անդրադարձավ ՊՆ-ում ձեռնարկվող միջոցառումներին, որոնք վերաբերում են Կանանց, խաղաղության և անվտանգության վերաբերյալ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 1325 բանաձևի կատարմանը:

Այլ նորություններ
«ԿԱՐՈՂ ԵՆ ԱՐԴՅՈ՞Ք ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԸ ԿԱՆԽՈՐՈՇԵԼ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԸ». ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է ԵՊՀ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒ, ԴՈՑԵՆՏ ԿԱՌԼԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Կառլեն Խաչատրյանի ներկայացրած «Պետության ինստիտուտների կայացվածությունը ` որպես տնտեսական աճի ապահովման հիմնական գործոն» գիտական թեման արժանացել է ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման:
«ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՆՄԵՂՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ». ՃԱՌԱԳԻՐ ՎԱԶՐԻԿ ԲԱԶԻԼ
Այսօր ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի հյուրն էր հայազգի գերմանաբնակ հրապարակախոս, հաղորդակցության և հանրային կապերի մասնագետ, գերմանախոս երկրների ճառագիրների ասոցիացիայի նախկին նախագահ, փիլիսոփայության դոկտոր Վազրիկ Բազիլը: