19.05.2017 | 
Հասարակություն
ՀԵՐՈՍՆԵՐԸ ԿԵՆԴԱՆԻ ԵՆ, ՔԱՆԻ ԴԵՌ ՎԱՌ Է ՆՐԱՆՑ ՀԻՇԱՏԱԿԸ
ՀԵՐՈՍՆԵՐԸ ԿԵՆԴԱՆԻ ԵՆ, ՔԱՆԻ ԴԵՌ ՎԱՌ Է ՆՐԱՆՑ ՀԻՇԱՏԱԿԸ
Այսօր ԵՊՀ «Վարդանանք» ակումբի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հուշ-ցերեկույթ՝ նվիրված Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի զոհված ուսանող-ազատամարտիկ, կապիտան Արսեն Ղազարյանին:

Հենց հերոսի անվան լսարանում տեղի ունեցած հուշ-ցերեկույթը կազմակերպվել էր «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի «Անմահները հրամայում են» ծրագրի շրջանակում և նպատակ ուներ հարգանքի տուրք մատուցելու հայրենիքի համար իր կյանքը նվիրաբերած հերոսի անմահ հիշատակին, ով այս տարի կդառնար 45 տարեկան:

 

Հուշ-ցերեկույթի ընթացքում «Վարդանանք» ակումբի սաները ներկայացրին Արսեն Ղազարյանի կենսագրությունը: Նա ծնվել է 1972 թ. մարտի 30-ին Հրազդանի շրջանի Մեղրաձոր գյուղում: 1989 թ. ավարտել է Հրազդանի Հակոբ Պարոնյանի անվան համար 12 միջնակարգ դպրոցը: 1990 թ. ընդունվել է ԵՊՀ մաթեմատիկայի ֆակուլտետը: 1992 թ.-ին էլ չցանկանալով անմասն մնալ Արցախի ազատագրման պայքարից՝ Արսենը գրիչը փոխարինել է զենքով ու մեկնել ռազմադաշտ:

 

Մասնակցելով մի շարք տարածքների ազատագրմանը և հերոսանալով իր կատարած սխրանքներով՝ Արսեն Ղազարյանը զոհվում է 1994 թ. մայիսի 10-ին` Մարտակերտի շրջանի Սեյսուլան գյուղի ազատագրման ժամանակ: ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահության՝ 1994 թ.-ի որոշմամբ՝ հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած ակնառու խիզախության և անձնական արիության համար Ա. Ղազարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով: ՀՀ նախագահի՝ 2002 թ. հունիսի 1-ի հրամանագրով էլ՝ հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած անձնազոհության և խիզախության համար հետմահու պարգևատրվել է «Արիության» մեդալով:

 

Այսօր տեղի ունեցած հուշ-ցերեկույթին ներկա էին նաև ԵՊՀ «Վարդանանք» ակումբի նախագահ Սաթենիկ Աբրահամյանը, Արսենի ընկերներն ու մտերիմները, ովքեր մասնակիցներին պատմեցին իրենց հուշերն ու ամբողջացրին հերոսի կերպարը:

 

Միջոցառման ընթացքում «Վարդանանք» ակումբի սաները հանդես եկան նաև հայրենասիրական երգերի կատարումներով:

 

 

Այլ նորություններ
ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Այսօր «Արմենպրես» գործակալության մամուլի սրահում տեղի ունեցավ «ACM-ICPC» ծրագրավորման հեղինակավոր միջազգային օլիմպիադայի եզրափակչին մասնակցած ԵՊՀ ուսանողների մամուլի ասուլիսը:
ՆՈՐ ԳԻՐՔ ՑԵՂԱՍՊԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ հայագետ, թարգմանիչ Դորա Սաքայանի «Նրանց քշում են անապատները…» գրքի շնորհանդեսը: