20.03.2017 | 
Հասարակություն
ԱՐՑԱԽՅԱՆ ԱՅՑԸ ՆՎԻՐՎԱԾ ԷՐ ԼԵՈՆԻԴ ԱԶԳԱԼԴՅԱՆԻՆ
ԱՐՑԱԽՅԱՆ ԱՅՑԸ ՆՎԻՐՎԱԾ ԷՐ ԼԵՈՆԻԴ ԱԶԳԱԼԴՅԱՆԻՆ
Մարտի 17-19-ը ԵՊՀ ուսանողները պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների և ռեկտոր Արամ Սիմոնյանի ուղեկցությամբ կրկին Արցախում էին: Այցն այս անգամ նվիրված էր Արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան 75-ամյակին:

Առաջին օրը համալսարանականները եղան Դադիվանք և Գանձասար վանական համալիրներում, ծանոթացան վանքերի պատմությանը, ճանաչողական այց կատարեցին Ստեփանակերտի և Շուշիի պատմամշակութային վայրեր: Ամբողջ ճանապարհը լի էր ռազմահայրենասիրական տրամադրությամբ, երգ ու պարով:

 

Հաջորդ օրը ուսանողներն ուղևորվեցին արցախյան մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկը, որտեղ Լեոնիդ Ազգալդյանն ավարտել է իր մարտական ուղին: Հենց այնտեղ էլ տեղի ունեցավ համերգային ծրագիրը. հայրենասիրական երգ ու պարով, Լեոնիդ Ազգալդյանի մասին պատմություններով համալսարանականները ոգեկոչեցին հերոսի հիշատակը:

 

«Լեոնիդ Ազգալդյանը առաջինն էր, որ սկսեց խոսել կանոնավոր բանակի մասին: Այն ժամանակ շատերը չէին հասկանում, որովհետև Լեոնիդը բնավորությամբ կտրուկ էր, խիստ, բայց մեծագույն համոզվածություն ուներ, որ ֆիդայական շարժումով ազատագրական պայքարը լուծել չի լինի. ազգային բանակ է պետք: Եվ նա դրեց ազգային բանակի հիմքը»,- անդրադառնալով Լեոնիդ Ազգալդյանի գործունեությանը՝ նշեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը և հավելեց.- նա այսօր համալսարանի, մեր ժողովրդի հպարտությունն է, և մենք գլուխ ենք խոնարհում Լեոնիդի հիշատակի առաջ՝ որպես Հայաստանի Երրորդ Հանրապետության բանակաշինության սկզբնավորողի»:

 

ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահ Արմեն Ավետիսյանը փաստեց, որ ԵՊՀ-ի բազմաբովանդակ ծրագրերը համադրվում են ազատամարտիկների հիշատակին նվիրված միջոցառումներով. «Համալսարանականների տարբեր սերունդների և հատկապես Արցախյան գոյամարտի մասնակից ուսանող-ազատամարտիկների և այսօրվա ուսանողների, այդ թվում՝ մերօրյա հերոսների միջև կապը վառ պահելով՝ մենք նպատակ ունենք խթանել ուսանողների ռազմահայրենասիրական դաստիարակությունը»:

 

 

Զինվորներին ողջունեցին նաև ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Գուրգեն Մելիքյանը, ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի Հ. Թամրազյանի անվան հայ գրականության պատմության ամբիոնի վարիչ Սամվել Մուրադյանը, «Կարին» ազգագրական համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը:

 

Վերադարձի ճանապարհին համալսարանականները եղան նաև Լեոնիդ Ազգալդյանի հուշաքարի մոտ: Գագիկ Գինոսյանը, ով նույնպես Ազգալդյանի ջոկատից է եղել, պատմեց կարևորագույն դրվագներ իրենց մարտական ուղուց:

 

Արցախ կատարած այցի երրորդ օրը համալսարանականները Բերձորում Լեոնիդ Ազգալդյանի անվան պուրակ հիմնեցին:

 

Ըստ ռեկտոր Արամ Սիմոնյանի՝ նմանօրինակ միջոցառումները համալսարանի համար կենսական նշանակություն ունեն. «Տարին մի քանի անգամ ուսանողները և դասախոսները տարբեր ծրագրերով լինում են Արցախում: Պուրակի հիմնումն էլ անմահության խորհրդանիշ է: Մասնակցելով այս ծառատունկին՝ համոզված ենք, որ մեր հայրենիքի այս չքնաղ կտորը հավերժ է, մենք էլ ամուր կպած ենք այս հողին»:

 

Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը փաստում է, որ արցախյան այցելության ծրագրում ընդգրկված են այն ուսանողները, ովքեր առաջին անգամ են Արցախում. «Ազգ-բանակ համատեքստում կարևոր է ուսանողների շփումը զինվորների հետ, միմյանց դրական լիցքերի փոխանցումը: Յուրաքանչյուր ուսանող այս երեք օրերի ընթացքում կարծես զինվորագրվել էր հայրենիքի համար կարևոր միջոցառմանը»:

 

 

Ուսանողական խորհրդի նախագահ Արմեն Խաչիկյանը նույնպես կարևորեց Լեոնիդ Ազգալդյանի կերպարի ներկայացումը ուսանողներին, զինվորների հետ հանդիպումը. «Ուսանողների շրջանում ամբողջական գիտելիք է ձևավորվում՝ ինչպես ենք եղել մենք, ինչ զրկանքների գնով է ազատագրվել մեր հայրենիքը: Այստեղ գտնվելով, ծառ տնկելով՝ մենք հասկանում ենք այս հողի արժեքը»:

 

Նշենք, որ Արցախ կատարած այցի ընթացքում ԵՊՀ պատվիրակությունը հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի և Արցախի պետական համալսարանի միջև համագործակցության հուշագիր է կնքվել:

 

Հ.Գ.: Ծրագիրն իրականացվում է ԵՊՀ-ի և ՀԵՀ-ի ֆինանսական աջակցությամբ:

Այլ նորություններ
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ՆԵՐԿԱ ԳՏՆՎԵՑԻՆ ԹԱԹՈՒԼ ԿՐՊԵՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆԻ ԲԱՑՄԱՆԸ
Հունիսի 17-ին Արագածոտնի մարզի Թաթուլ գյուղում տեղի ունեցավ Հայաստանի Ազգային հերոս, ԵՊՀ զոհված ուսանող-ազատամարտիկ Թաթուլ Կրպեյանի տուն-թանգարանի բացման արարողությունը:
ՌՈՒՍԱԳԵՏՆԵՐԸ ՆՇՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ՏՈՆԸ
Այսօր ԵՊՀ Ե. Չարենցի անվան դահլիճում տեղի ունեցավ Ռուսագետների հայկական ասոցիացիայի հոբելյանական նիստը՝ նվիրված կառույցի հիմնադրման 25-ամյակին: