17.02.2014 | 
Կրթություն
«ՈՉ ՈՔ ՉԻ ՄՈՌԱՑՎԵԼ, ՈՉԻՆՉ ՉԻ ՄՈՌԱՑՎԵԼ»
«ՈՉ ՈՔ ՉԻ ՄՈՌԱՑՎԵԼ, ՈՉԻՆՉ ՉԻ ՄՈՌԱՑՎԵԼ»
Փետրվարի 15-ին ԵՊՀ «Վարդանանք» ակումբը զոհված ազատամարտիկ Պետրոս Ղևոնդյանի անվան դպրոցում կազմակերպել էր հանդիպում աշակերտների և համալսարանականների հետ։

«Դասը վարում են համալսարանականները» ծրագրի շրջանակում ակումբականները այս անգամ հնարավորություն էին ստացել ներկա գտնվելու Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում գտնվող, ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի նախկին ուսանող-ազատամարտիկ Պետրոս Ղևոնդյանի (Պետո) անունը կրող դպրոցում, ով 1994 թվականին զոհվեց հանուն հայրենիքի։

 

«Հանդիպման արդյունքում, անշուշտ, բացի գլխավոր նպատակի իրականացումից, ամրապնդվում է նաև ԵՊՀ և դպրոցի միջև կապը։ Այս հանդիպումն էլ հատուկ էր, քանի որ ԵՊՀ նախկին ուսանող-ազատամարտիկը զոհվել էր հենց 1994 թ-ի փետրվարի 14-ին՝ վիրավոր ընկերոջը մարտադաշտից դուրս բերելիս, ականի պայթյունից»,- ասում է «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի ղեկավար Սաթենիկ Աբրահամյանն ու հավելում, որ մեր համալսարանի շատ ուսանողներ այն ժամանակ, երբ դեռ իրենք դպրոցական էին, հենց այս այցելությունների շնորհիվ ընտրեցին Մայր բուհ տանող ուղին և այսօր համալրում են «Վարդանանք» ակումբի շարքերը։

 

«Շատ հետաքրքիր երեխաներ կային, որոնք հանդիպման ընթացքում խելացի հարցեր էին տալիս ու փորձում հնարավորինս պատշաճ դրսևորվել։ Հետաքրքիրն այն էր, որ նրանցից շատերը ցանկանում էին իրավաբան դառնալ ու ի զարմանս մեզ` հիմնավորում էին, թե ինչու են ցանկանում ընտրել հենց այդ մասնագիտությունը։ Նրանց հետ նույնիսկ հայրենասիրական երգ երգեցինք ու զանգից առաջ մաթեմատիկայի խնդիր փորձեցինք լուծել»,- ասաց Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողուհի Անի Այվազյանը` հույս ունենալով, որ աշակերտներից շատերը տարիներ անց մեծ հաջողություններ կունենան իրենց կյանքում։

 

«Առաջին հերթին շնորհակալություն եմ հայտնում հանդիպման նախաձեռնողներին, քանի որ այն, բացի դպրոցականների հետ անմիջական շփումից, ունի նաև հայրենասիրական բնույթ, իսկ դպրոցի ներկայիս հրամայականը հայրենասիրությունն է ու լավ սովորելով մեր հերոսների անունը` բարձր պահել ու փորձել հնարավորինս հերոս լինել, բայց ոչ պատերազմի դաշտում»,- նշեց դպրոցի տնօրեն Մարգարիտ Ավետիսյանը։

 

2007 թ-ի սեպտեմբերին ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի լսարաններից մեկը անվանակոչվել է Պետրոս Ղևոնդյանի անվամբ։ Բացի այդ` նրա անունով է նաև ԼՂՀ Շահումյանի շրջանի Եղեգնուտ գյուղի միջնակարգ դպրոցը, ինչպես նաև Քաշաթաղի շրջանի Տիգրանավան գյուղի դպրոցը:

 

Նշենք, որ «Վարդանանք» ակումբի անդամները ժամանակ առ ժամանակ այցելում են Երևանի պետական համալսարանի զոհված ուսանող-ազատամարտիկների անվան դպրոցներ, հանդիպում ուսուցչական կազմի հետ, արիության և հայրենասիրության դասեր անցկացնում աշակերտների հետ։

Այլ նորություններ
«ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԹԱԿԱՆ ԿԱՐԾՐԱՏԻՊԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ԸՆՁԵՌՈՒՄ»․ ՄԵՐԻ ՓԱՆՈՍՅԱՆ
ԵՊՀ մեծ դահլիճում տեղի ունեցավ ԵՊՀ ուսանողական գիտական ընկերության (ՈՒԳԸ) միջազգային երիտասարդական 8-րդ գիտաժողովի բացման արարողությունը: Գիտաժողովն այս տարի նվիրված է ՈՒԳԸ հիմնադրման 75-ամյակին:
ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴՈԿՏՈՐԱԿԱՆ ԴՊՐՈՑԸ
«Էրազմուս+» ծրագրի «MODEST» նախագծի շրջանակում կազմակերպված միջազգային դոկտորական դպրոցը համախմբում է աշխարհի մի շարք համալսարանների ներկայացուցիչների, որոնք կարդալու են տարաբնույթ դասախոսություններ՝ դոկտորական կրթության զարգացման, դասավանդման մեթոդաբանության և միջմշակութային հաղորդակցության վերաբերյալ: