11.09.2017 | 
Հասարակություն
ՀԱՎԵՐԺ ԽՈՆԱՐՀՈՒՄ ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
ՀԱՎԵՐԺ ԽՈՆԱՐՀՈՒՄ ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Այսօր ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում տեղի ունեցավ հուշ-ցերեկույթ՝ նվիրված զոհված ուսանող-ազատամարտիկ Վարդան Հովհաննիսյանին:

Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ուսանող, «Արծիվ-մահապարտներ» գումարտակի ազատամարտիկ Վարդան Հովհաննիսյանը զոհվել է 25 տարի առաջ՝ սեպտեմբերի 11-ին՝ Վաղուհասի բարձունքը ազատագրելիս:

 

ԵՊՀ «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի նախաձեռնությամբ կազմակերպված հուշ-ցերեկույթին, որը կրում էր «Անմահության 25 տարի» խորագիրը, ներկա էին ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը, «Արծիվ-մահապարտներ» գումարտակի ազատամարտիկ, գնդապետ Ֆելիքս Պողոսյանը, «Վարդանանք» ակումբի նախագահ Սաթենիկ Աբրահամյանը, ակումբի փոխնախագահ Ռուզաննա Կրպեյանը և ուրիշներ:

 

Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի՝ Վարդան Հովհաննիսյանի անվան լսարանում հավաքվել էին քաջարի երիտասարդի ընտանիքի անդամները, ընկերները, զինակիցները, դասախոսներ, ուսանողներ, ովքեր ոգեկոչում էին հանուն հայրենիքի մարտնչած և անմահացած խիզախ քաջորդու հիշատակը: Միջոցառման ընթացքում ներկայացվեցին Վարդան Հովհաննիսյանի կենսագրական կարևոր փաստերը, դրվագներ ուսանողական կյանքից, ինչպես նաև պատմություններ  մարտական ուղուց:    

«Վարդանը տարբերվում էր իր հասակակիցներից. բավականին հասուն էր: Որքան էլ փորձում էր անդամագրվել կամավորական ջոկատներին, չէին ընդունում. շատ երիտասարդ էր: Հանկարծ եկավ և թույլտվություն խնդրեց, որ քննությունները շուտ հանձնի: Ավելի ուշ պիտի պարզ դառնար, որ լսել էր Վազգեն Սարգսյանի՝ «Մահապարտներ» գումարտակի ստեղծման մասին հեռուստակոչը և րոպե առաջ ցանկանում էր անդամագրվել»,- պատմում է ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դասախոս Արզուման Հակոբյանը:

Դասախոսը հավելեց նաև, որ մինչ այսօր ամեն անգամ Վարդան Հովհաննիսյանի լսարան մտնելիս ուսանողներին նախ հպարտությամբ և կորստի ցավով է պատմում իր հայրենասեր ու նպատակասլաց ուսանողի մասին, այնուհետև նոր միայն սկսում ներկայացնել դասավանդվող առարկան:          

Ցերեկույթի ընթացքում իրենց հուշերը պատմեցին նաև մարդիկ, ովքեր անձամբ ճանաչել են Վարդան Հովհաննիսյանին: Միջոցառման գեղարվեստական մասն ուղեկցվում էր ասմունքի, հայրենասիրական երգերի կատարումներով, ուղերձներով, լուսանկարների և տեսաֆիլմի ցուցադրություններով:  

Նշենք, որ միջոցառման ընթացքում ներկայացվեց նաև «Վարդանանք» պարբերաթերթի 22-րդ համարը, որը ևս նվիրվում է Վարդան Հովհաննիսյանի հիշատակին:

 

Այլ նորություններ
ԿԱՐՈ ՓԱՅԼԱՆԻՆ ՇՆՈՐՀՎԵՑ ԵՊՀ ՈՍԿԵ ՄԵԴԱԼ
Այսօր ԵՊՀ-ում տարբեր ֆակուլտետների ուսանողների հետ հանդիպեց Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը:
«ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ Է»
ԵՊՀ ռեկտորատի նախաձեռնած հանդիպումների շարքն առաջին կուրսեցիների հետ ամփոփվեց այսօր Հայ բանասիրության ու Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետներում: